×


Ձախ Հարութի հուշերը, թոռնուհի ունենալու երազանքն ու սպասվելիք համերգը

Հարութ Փամբուկչյանը, ում երգերի ներքո մի ամբողջ սերունդ է մեծացել, այս օրերին Երեւանում է: Մայիսի 20-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ամերիկաբնակ երգչի մենահամերգը: Հնչելու են ինչպես սիրված, այնպես էլ նոր երգեր: Մինչ այդ BRAVO.am-ը հանդիպել, զրուցել եւ լուսանկարել է ՀՀ վաստակավոր արտիստին:

Հարութ Փամբուկչյանը


Նա ծնվել եւ մեծացել է Երեւանում՝ Նոր Արեշ թաղամասում: Մանկության ու պատանեկության հետ կապված վառ հուշեր ունի.«Եթե հնարավորություն լիներ կրկին ծնվել, կուզեի նույն մանկությունն ու երիտասարդությունն ունենալ: Մենք շատ լավ էինք ապրում. ես ոչ մի բանի կարիք չեմ ունեցել: Ժամանակներն այլ էին, բայց հրաշալի ժամանակներ էին»:

Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ Հարութ Փամբուկչյանը վաղ հասակից փորձել է երաժշտական տարբեր գործիքներ նվագել.«Այդ տարիներին նորաձեւ էր ակորդեոնը, ծնողներիս խնդրեցի ինձ համար էլ գնել: Բայց քանի որ ամեն ինչ սուղ էր, ինձ համար կիթառ գնեցին: Այդպես էլ կիթառը կապեց ինձ երգի եւ երաժշտության հետ»: Նա առաջին անգամ ձախ ձեռքով է սկսում կիթառ նվագել, հենց այդ օրվանից էլ ընկերները նրան Ձախ Հարութ են կոչում:

Հարութ Փամբուկչյանը


Հոր մահից հետո 25-ամյա Հարութը մայրիկի հետ մեկնում է Լիբանան, որտեղ երկու ամիս անց քաղաքացիական պատերազմ է սկսվում, եւ նրանք ստիպված մեկնում են Միացյալ Նահանգներ.«Մենք սոցիալական պայմանների պատճառով չլքեցինք երկիրը, պարզապես այն երազանքները, որոնք ունեի երգի հետ կապված, այստեղ հնարավոր չէր իրագործել»:

Լոս Անջելես գալու առաջին օրվանից նա սկսում է երգել.«Հունական մի ռեստորան կար, որտեղ միայն կիրակի օրերին հայկական երաժշտություն էր հնչում: Տնօրենը երբ լսեց կատարումս, միանգամից աշխատանք առաջարկեց: Այդպես էլ սկսեցի: 4-5 ամիս հետո ձայնագրեցի առաջին ձայնապնակս, որը մեծ հաջողություն ունեցավ. մեկ շաբաթում 3000 օրինակ վաճառվեց: Ստեղծագործական կյանքիս ընթացքում թվով 39 ալբոմ եմ ձայնագրել: Ունեմ անգամ ոսկե սկավառակ, որի վաճառքը 1 միլիոնից ավելի է: Այսօր էլ շարունակում եմ սիրելի գործով զբաղվել: Համերգներ եմ ունենում աշխարհի ամենատարբեր երկրներում: Գիտեք՝ երջանիկ է այն մարդը, ով կարողանում է հանապազօրյա հացը սիրած գործով վաստակել»:

Ժենի Քոչարյանը(Bravo.am), Հարութ Փամբուկչյանը եւ Խաչիկ Եղոյանը


Ձախ Հարութը միշտ կենդանի հնչողությամբ է երգում.«Երբ ինձ ասում են` ոնց ես երգելու, պատասխանում եմ՝ երգելու ուրիշ ձեւ կա: Հիմա ոչ ոք չի ուզում կենդանի երգել, բայց ուզում է հայտնի լինել: Գիտեք, ես սկսել եմ գիշերը 10 դոլարով երգելով: Ամեն ինչ քչից եմ սկսել: Մարդ մինչ թռնելը պետք է քայլել սովորի»:

Վերջին տարիներին երգիչը հաճախ է Երեւանում լինում.«Իմ քաղաքն է, իմ տունը, ծննդավայրը: Այստեղ գրեթե բոլորն իմ երգերն անգիր գիտեն: Ես սիրում եմ Երեւանի ամեն անկյունը, Պապլավոկը, որտեղ շատ լավ համերգներ եմ ունեցել: Ցավոք, մոտ ընկերներիցս միայն Արտավազդ Եղոյանը եւ Աշոտ Թադեւոսյանն են մնացել այստեղ. գրեթե բոլորն Ամերիկայում են»:

Հարութ Փամբուկչյանը կնոջ՝ Ռուզաննայի հետ ծանոթացել է Երեւանում. «Ամուսնացա մի աղջկա հետ, ով մեր՝ «Էրեբունի» նվագախմբում երգում էր 12 տարեկանից: Երբ պատրաստվում էինք Լիբանան տեղափոխվել, առաջարկեցի միասին մեկնել: Այդպես 38 տարի ապրեցինք միասին... Կորցրի նրան քաղցկեղի պատճառով: Նա ամեն ինչ է արել ինձ համար: Որդի ունեմ, ով արդեն 38 տարեկան է: Երբ Ռուզանին հարցնում էին՝ ինչու էլ երեխա չեք ունենում, կատակում էր՝ Հարութը տանը չի լինում, ե՞րբ ունենանք: Ընդունում եմ, որ կատարյալ ամուսին չեմ եղել, բայց  ընտանիքիս շատ նվիրված եմ եղել: Հիմա էլ շատ եմ ուզում, որ որդիս ամուսնանա: Ընկերուհի ունի, հայ աղջիկ է: Միշտ ասում եմ, որ կխաղաղվեմ այն ժամանակ, երբ որդիս դուստր կունենա եւ անունը Ռուզան կդնի»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW