×


Mister X-ի նոր տեսահոլովակի հերոսուհին իր սիրելին է

Mister X-ը, նույն ինքը` Արթուր Հակոբյանը, այսօր պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, իսկ երեկ նրա նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն էին ընթանում Երեւանի նորակառույց շենքերից մեկի բնակարանում:

Mister X-ը` Արթուր Հակոբյանը, սիրելիի` Մերիի հետ


Երգիչը որոշել է ներկայանալ իր հեղինակային երգով, որը կոչվում է “Գուցե” եւ խախտել երկարատեւ լռությունը. “Իմ կատարմամբ ավելի շատ հնչել են արիաներ ու մեղեդային լուրջ գործեր, իսկ այս երգը լատինոյի ու ռեգգի երաժշտության հետաքրքիր միախառնում է”, - BRAVO.am-ին հայտնել է Արթուր Հակոբյանը:

Տեսահոլովակում նկարահանվել են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, երաժիշտներ, որոնք ապահովել են փարթիի մթնոլորտ, իսկ հերոսուհին երգչի սիրելին է` Մերին, քանի որ երգը նրան է նվիրված:

Չորս տարի ընդմիջումից հետո Mister X-ը ելույթ է ունենալու ամերիկահայերի համար


“Երգը մեր մասին է, այդ պատճառով էլ Մերին է նկարահանվում: Թեեւ չեմ պնդել, որ անպայման ինքը լինի. ես առաջակեցի, ռեժիսորն էլ հավանություն տվեց իմ գաղափարին:)”,-նշել է Արթուրը, Մերին էլ հավելել, որ առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում, բայց տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունի որպես նախկին հեռուստահաղորդավարուհի.“Մոտ երկու տարի առաջ ուղիղ եթերում վարում էի “Երկրի առավոտը” ծրագիրը, սակայն այս տեսահոլովակում երեւալն այնքանով է յուրահատուկ, որ հենց Արթուրինն է, պետք չէ կերպար խաղալ, ընդամենը պետք է բնական լինել”:

Mister X-ը` Արթուր Հակոբյանը, եւ “Գուցե” տեսահոլովակում նկարահանված աղջիկներից


Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը, որը երգչի հետ առաջին անգամ էր աշխատում եւ նկարահանման ընթացքից գոհ էր, պատմել է` ինչպիսին է լինելու համագործակցության արդյունքը, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին. “Տեսահոլովակը կոմերցիոն ֆորմատի մեջ է: Ավելի շատ շեշտը դրել ենք 1990-ականների ոճի մեջ գեղեցիկ կադրեր ստանալու վրա: Սիրո հետ կապված հիշողություններ, երաժիշտների հետ ջազային փոքրիկ փարթի, որին մասնակցում են երիտասարդները, զվարճանում, բայց սյուժեն ավելի սիրային ու լիրիկական բնույթ ունի”:

Արթուր Հակոբյանը եւ ռեժիսոր Սերժ Գաբյանը


Մենահամերգ Միացյալ Նահանգներում

Արթուրի խոսքով` այս երգի համար նախապես մտածել էր տեսահոլովակ նկարահանել Դուբայում, Լիբանանում կամ էլ Հունաստանում, բայց ժամկետների մեջ չտեղավորվելու պատճառով նկարահանումներն արագ իրականացվել են Երեւանում, որպեսզի կարողանա մեկնել Միացյալ Նահանգներ:

Օվկիանոսից այն կողմ մեկնելու առիթը դեկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում կայանալիք մենահամերգն է: Չորս տարի ընդմիջումից հետո երգիչը ելույթ է ունենալու ամերիկահայերի համար, բացի այդ, տեղի է ունենալու “Գուցե”( “Maybe”) ձայնասկավառակի շնորհանդեսը. “CD-ն Միացյալ Նահանգներում ներկայացվելու է անգլալեզու տարբերակով, իսկ Հայաստանի համար այն կթողարկվի հայերեն գրված վերնագրերով: Ամերիկայից այլ առաջարկներ էլ կան, նույնիսկ դեռ չգիտեմ` ինչքան ժամանակ կմնամ այնտեղ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW