×


Oriflame Fashion Weekend. Հայազգի 30 դիզայներ-մոդելավորողները` մեկ հարթակում

Շվեդական «Օրիֆլեյմ» ընկերությունը գեղեցիկ ավանդույթ է դարձրել Երեւանը վերածել նորաձեւության ինքնատիպ հարթակի: Այս տարի արդեն չորրորդ  անգամ շվեդական ապրանքանիշը համախմբում է Հայաստանի եւ արտերկրի հայազգի դիզայներ-մոդելավորողներին: Սեպտեմբերի 16-ին եւ 17-ին մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երեւանի երկաթուղային կայարանում անցկացվող երկօրյա ցուցադրությունների ընթացքում իրենց հավաքածուները հանրությանը ներկայացնելու հնարավորություն կունենան հայազգի 30 ճանաչված եւ սկսնակ դիզայներ-մոդելավորողներ (Արմինե Օհանյան (Ֆրանսիա), Վահան Խաչատրյան, Գեւորգ Շադոյան, Վիգէն Տէրտէրեան (ԱՄՆ), Ֆաինա, Արամ Նիկոլյան, Հարմոնի Երեւան, Կիվերա Նայնոմիս, Թերեզա Ղարաբաղցյան,Աննա Հակոբյան, Էդիտա Պռոշյան, Շաբիգ, Նելլի Սերոբյան, Սոնյա Ավագյան, Նարեկ Ջհանգիրյան, Անուշիկ Սարոյան, Մարինե Բալասանյան, Մավիտա, Կիվետատ, Անկասա, Զգեստ, Փետուր, նոր անուններ՝ Հակոբ Շահինյան, Վարդուհի Բարսեղյան, Տոմա Հայրապետյան, Նարինե Բադալյան, Մերի Խաչատրյան, Դիանա Սայրադյան, Օֆելիա Ազիզյան, Լիլիթ Դոխոյան):


Նախքան երկօրյա ցուցադրությունները, Oriflame Fashion Weekend-ին ընդառաջ, սեպտեմբերի 14-ին կայացել է հատուկ ընդունելություն` միջոցառմանը մասնակցող դիզայներներ-մոդելավորողների, նորաձեւության բլոգերների եւ ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառմանը հյուրերին ողջունել է «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը եւ նշել, որ Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով նպատակ ունեն նպաստել հայկական նորաձեւության զարգացմանը՝ աջակցելով նաեւ տաղանդավոր սկսնակ դիզայներներին, հնարավորություն տալ նրանց հետեւել իրենց երազանքին: Արդեն 2-րդ տարին է՝ ընկերությունը սկսնակ դիզայներներին ոչ միայն տրամադրում է հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլեւ սահմանել է հատուկ մրցանակ հաղթողի համար:

«Մենք լիահույս ենք, որ այս հաղթանակը կարող է դառնալ իրենց մեծ ճանապարհի սկիզբը: Անցյալ տարվա մրցանակակիրը ճանապարհորդեց Փարիզ եւ մասնակցեց փարիզյան նորաձեւության ցուցադրությանը: Մենք ուրախ ենք, որ հարթակ ենք հանդիսանում դիզայներների համար իրենց ստեղծագործական միտքը ներկայացնելու, նորաձեւության ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շաբաթներին մասնակցելու եւ ամբողջ աշխարհին ներկայանալու համար»,-ասել է Նաիրա Մարգարյանը:

«Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը


Ամերիկահայ հայտնի դիզայներ Վիգէն Տէրտէրեանը Հայաստան է ժամանել գործընկերոջ՝   «Վիգէն Տէրտէրեան» բրենդի համահիմնադիր Կյանգ Վա Կիմի հետ: Oriflame Fashion Weekend 2017-ին նրանք ներկայացնում են հավաքածու, որն արտացոլում է կնոջը՝ թռիչքի ժամանակ: Դիզայներները ցանկանում են ոգեշնչել եւ ոգեշնչվել այն կանանցից, ովքեր կոտրում են այսպես կոչված «ապակե առաստաղը»:

«Ինձ համար երազանքի պես մի բան էր Հայաստանում ցուցադրություն ունենալը»,-ասում է դիզայներ-մոդելավորող, ճարտարապետ Վիգէն Տէրտէրեանը: Նա արդեն հասցրել է ծանոթանալ Oriflame Fashion Weekend-ի մյուս մասնակիցների ներկայացրած աշխատանքներին.«Բոլորի գործերն էլ շատ եմ հավանում, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում են նոր անունների, երիտասարդների աշխատանքները, օրինակ` Petoor-ի, Z.G.EST-ի, եւ այն, թե ինչպես «կվերանորոգեն» նորաձեւությունը: Հույս ունեմ, որ երիտասարդները կհասնեն մեծ հաջողությունների, եւ Հայաստանում նորաձեւությունը ծիլեր կտա ու կզարգանա»,-հավելում է ամերիկահայ դիզայները:

Առաջիկայում նա նպատակ ունի «Վիգէն Տէրտէրեան» բրենդը տեղափոխել Հայաստան, հիմնել իր անհատական բուտիկը՝ այդպիսով ստեղծելով աշխատատեղեր եւ աջակցելով երիտասարդ դիզայներներին կայանալ իրենց մասնագիտական կյանքում:


«Նորաձեւության մեջ ամենակարեւորը մյուսներից տարբերվելը, սեփական ձեռագիրն ունենալն ու ինքնատիպ լինելն է»,-նորաձեւության ինդուստրիայի գաղտնիքների եւ կարեւոր նախապայմանների մասին է պատմում փարիզաբնակ դիզայներ Արմինե Օհանյանը: Ճանաչված դիզայները E-Fashion Awards 2016-ի մրցանակակիր է, մասնակցել է Փարիզի եւ Վանկուվերի նորաձեւության շաբաթներին, Լոնդոնի նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցկացվող շոուրումին: Կազմակերպել է նաեւ անհատական ցուցադրություն Փարիզի հանրահայտ VIP Room ակումբում:

«Հայրենի երկրում առաջին անգամ եմ ներկայացնելու իմ հավաքածուն, հույզերս կրկնակի շատ են, քանի որ մենք՝ հայերս, ավելի պահանջկոտ ենք եւ քննադատ: Բացի այդ, իմ առաջին քայլերը սկսել եմ այստեղից՝ ավարտելով Երեւանի գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը: Ինձ համար պարտավորեցնող է ներկայանալ հայ հանրությանը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի, որովհետեւ մենք կազմակերպել ենք մեծ շոու»:

Սիրիացի սկսնակ դիզայներ Հակոբ Շահինյանը «Օրիֆլեյմ» ընկերության պաշտոնական կայքում հայտարարած քվեարկության արդյունքերով առաջատար է ձայների մեծամասնությամբ: Oriflame Fashion Weekend-ին ներկայացնում է իր «Սաշա» հավաքածուի երկրորդ մասը: Այն զինվորական ոճի եւ կանացի նուրբ դետալների համադրություն է, կոնտրաստ կոպիտի եւ նուրբի, սիրո եւ պատերազմի:


«Հաղթելու շանսերս քիչ չեն, սակայն ինձ համար առավել  կարեւոր եւ կրկնակի հաճելի է այն, որ հավաքածուներս ներկայացվելու են  հայտնի դիզայներների՝ Ֆաինայի, Նիկոլյանի, Խաչատրյանի հավաքածուների հետ նույն հարթակում»-ասում է Հակոբ Շահինյանը` հաջողություններ մաղթելով մրցույթի մյուս մասնակիցներին:

Սկսնակ դիզայներ Նարինե Բադալյանը վերջերս է մուտք գործել նորաձեւության ոլորտ: Oriflame Fashion Weekend-ին մասնակցում է «Power of red» հավաքածուի երկրորդ մասով, որի ոգեշնչման աղբյուրը կինն է՝ իր ամբողջ հմայքով եւ շքեղությամբ: Հավաքածուի բոլոր զգեստները ընդգծում են կարմիրի տարբեր երանգները:

«Ինձ համար Oriflame Fashion Weekend-ը նշանակալի  իրադարձություն է: Հաղթանակը կարեւորում եմ, իհարկե, բայց առավել կարեւոր է լավ ներկայանալը եւ հանրությանը ճանաչելի դառնալը»,-ասում է նա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին