×


“Poker.am”-ը երեք օրից մեծ էկրան կբարձրանա :)

Հովհաննես Ազոյանի, Լիլի Էլբակյանի, Խորեն Լեւոնայանի, Միշոյի, Անի Պետրոսյանի, Արտաշես Ալեքսանյանի, Շորենա Բեգաշվիլիի եւ վրացի այլ դերասանների մասնակցությամբ “Poker.am”-ը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 4-ին: “Շարմ հոլդինգ”-ի նոր կինոկատակերգության նկարահանումների մեկնարկի մասին, որոնք տեւել են շուրջ երկու ամիս, BRAVO.am-ը պատմել է ամռանը:

“Poker.am” կինոկատակերգության պրեմիերան հոկտեմբերի 4-ին է


“Poker.am”-ը սուր ու լարված սյուժեով զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առեւանգում եւ հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար, իսկ վերջում` հաղթանակ:

Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին եւ այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ, անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Բայց հանգամանքներն այլ կերպ են զարգանում, եւ գլխավոր հերոսը հայտնվում է նախ` զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Անախորժությունները հարթելու համար նա ստիպված է լինում  ավելի խենթ քայլերի դիմել:  Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին եւ խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին:
 

Հովոն “Poker.am”-ի նկարահանումներին


““Պահանջվում է միլիոնատեր” եւ “Փեսացուն կրկեսից” ֆիլմերի հաջողությունից հետո առաջ եկավ երրորդ ֆիլմի գաղափարը”,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինայնը:  Սցենարի ստեղծման ու մշակման աշխատանքներով զբաղվել են  Աշոտ Աբրահամյանը,  Դավիթ Բաբախանյանը եւ Ռուբեն Ջաղինյանը: Անդրադառնալով վրացական կողմի հետ համագործակցությանը` պրոդյուսերը նշել է հետեւյալը. “Զուտ կոմերցիոն հետաքրքրություն է: Վրաստանում շատ կինոթատրոններ կան, մեծածավալ վարձույթի հնարավորություն, ի վերջո, նոր շուկա եւ այլ հարթություն դուրս գալու փորձ է”: 

Դերասանները` իրենց կերպարի մասին :)

“Այս ֆիլմում իմ կերպարը երեք տարբեր հոգեվիճակում է հայտնվում. սկզբում նա մի քիչ մոլորված ու անվստահ երիտասարդ է, հետո նրա խաղաղ կյանքում առաջ են գալիս խնդիրներ, որոնք, թվում է, անելանելի վիճակի մեջ են իրեն գցում, վերջում նա կարողանում է հավաքվել, վճռականություն դրսեւորել, կարելի է ասել, հերոս դառնալ”-ասել է Հովոն:

Հովոն եւ Շորենա Բեգաշվիլին “Poker.am”-ի նկարահանումներին


Համեմատելով այս եւ նախորդ` “Պահանջվում է միլիոնատեր”, “Փեսացուն կրկեսից” ֆիլմերը` նա նշել է հետեւյալը. “Սա ավելի մասշտաբային ֆիլմ է, լայն աշխարհագրություն ունի, հետեւաբար, աշխատանքն էլ ավելի շատ էր: Այստեղ իրադարձությունները միաժամանակ մի քանի ուղղությամբ են զարգանում: Նախորդ երկու ֆիլմից ինձ առավել դուր էր եկել “Փեսացուն կրկեսից”-ը, բայց կարծում եմ, որ իր հետաքրքրությամբ այս ֆիլմը գերազանցելու է նրանց”:

“Պահանջվում է միլիոնատեր”-ում որպես հայտնի սրտակեր հանդես եկող ռեփեր Միշոն այս ֆիլմում ավելի զուսպ կերպար է կերտում. “Բայց մտքերով էլի տենց մի քիչ լկտիոտ կերպար ա ու լավ հումորով դեմքա”:

Հավասարակշռված ու գործունյա աղջկա կերպարում հանդես կգա Լիլի Էլբակյանը. “Չեմ վախենա ասել, որ իմ կերպարն իրական Լիկայի համեմատ շատ ավելի ճիշտ աղջիկ է”:
 

Լուիզա Ներսիսյանը “Poker.am”-ի նկարահանումներին


Թատրոնի եւ կինոյի դերասան, վրացական հեռուստասերիալների ամենաճանաչված դերասաններից Ջաբա Կիլաձեն էլ մարմնավորում է լեյտենանտ Շենգելիային, որն անընդհատ “վազվզում է”  մայորի կողքին:

Ի դեպ, ֆիլմի սաունդթրեքը Սայաթ-Նովայի ստեղծագործություններից մեկի ռեմեյքն է` “Ռեինկարնացիա” խմբի կատարմամբ, որի հիման վրա  տեսահոլովակ է նկարահանվել: 

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Շարմ հոլդինգ”-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին