Լոնդոնում կայացած 30-րդ Օլիմպիական խաղերը այլեւս պատմություն են: Երկու շաբաթների ընթացքում համաշխարհային սպորտի երկրպագուները սրտատրոփ հետեւում էին տարբեր մարզաձեւերում անցկացվող առաջնություններին, ուրախանում սպորտսմենների հաղթական մեդալների, կամ հուզվում պարտությունների համար:
Օլիմպիական խաղերի փակման արարողությունը
Ամփոփելով օլիմպիական խաղերի արդյունքները՝ պետք է նշել, որ լավագույնը ԱՄՆ հավաքականն է, երկրորդը՝ Չինաստանը, իսկ երրորդը` բրիտանացիները: Հիշենք նաեւ մեր երեք մեդալները եւ կրկին շնորհավորենք հունահռոմեական ըմբշամարտում արծաթե մեդալի արժանացած Արսեն Ջուլֆալակյանին, ազատ ոճի ըմբշամարտում բրոնզե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանին եւ ծանրամարտում բրոնզե մեդալի արժանացած Հռիփսիմե Խուրշուդյանին:
Օրեր առաջ կայացավ Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Միջոցառման բեմադրիչ, ռեժիսոր Քիմ Գեւինը արել էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեսարանը անմոռանալի դառնա: Նախ` դեկորացիաները ներկայացնում էին Լոնդոնի գեղատեսիլ վայրերը` Բիգ Բենը, Թաուերի կամուրջը եւ այլն:
Արքայազն Հարին ու Քեթրին Միդլթոնը
Բայց առավել հիշվող էր A Symphony of British Music համերգային ծրագիրը, որը ինքնատիպ էքսկուրսիա էր բրիտանական երաժշտության աշխարհում: Իրենց կատարումներով միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի Muse, One Direction, The Pet Shop Boys խմբերը, The Who խմբի անդամները, նաեւ Ջորջ Մայքլը, Էնի Լենոքսը եւ այլոք: Take That խումբը ելույթ ունեցավ առանց Ռոբի Ուիլյամսի, վերջինիս կինը պատրաստվում էր ծննդաբերության:
Երեկոն վերածվեց Spice Girls խմբի երկրպագուների տոնին: Հենց Օլիմպիական խաղերի փակման արարողության համար խումբը երկար դադարից հետո վերամիավորվել էր: Հետաքրքիր էր նաեւ հայտնի սուպերմոդելների` բեմում հայտնվելը: Բեմը մի պահ նորաձեւության հարթակի վերածվեց, ու Ալեքսանդր ՄաքՔուին նորաձեւության տան հագուստները ցուցադրեցին հայտնի Քեյթ Մոսը, Նաոմի Քեմբելը, Լիլի Քոուլը, Ջորջիա Մեյ Ջագերն ու այլոք:
Վիկտորիա Բեքհեմը
Անհնար է պատկերացնել բրիտանական երաժշտությունը առանց լեգենդար Queen խմբի: Երաժիշտները հանդես եկան Ջեսի Ջեյի հետ, պրոեկցիայի միջոցով բեմում հայտնվեց նաեւ Ֆրեդի Մերքուրիի նկարը: Փակման արարողությանը ներկա էին նաեւ Բրիտանիայի արքայական ընտանիքի ներկայացուցիչները` արքայազն Հարին ու Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
4,755






