×


“The Beautified Project”-ի տղաները, Սոնա Ռուբենյանը, Էվան եւ ուրիշներ` “Ներդաշնակություն հանուն մարդկության” համերգին

“The Beautified project” ռոք խումբը, “Լիբերտա” լարային քառյակը եւ թավջութակահար Ալեքս Միրզոյանն օրերս առաջին անգամ նոր հնչողությամբ համատեղ համերգ են իրականացրել` միաձուլելով ռոքն ու դասականը:

“Ներդաշնակություն հանուն մարդկության” խորագրով համերգին


Երեւանի տիկնիկային թատրոնում տեղի ունեցած համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում ամերիկյան դեսպանատան օժանդակությամբ, նվիրված էր “The Wall Street Journal” պարբերականի լրագրող Դենիել Փերլի հիշատակին: 2002 թվականին նա իր կյանքով է վճարել խոսքի ազատության համար: Լրագրողի ընկերներն ու ընտանիքն ամեն տարի հոկտեմբերին կազմակերպում են նրա հիշատակին նվիրված երաժշտության օրեր` աշխարհն ավելի գթասիրտ դարձնելու նպատակով:

Նարինե Դովլաթյանը եւ Արթուր Ալեքը


Համերգից առաջ հանդիսատեսին իրենց խոսքն են ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ “Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Վերջինս նշել է, որ կրթությամբ երաժիշտ է, մասնագիտությամբ` լրագրող.“Երկու հրաշալի մասնագիտություն ունեմ, որոնք միավորում են մարդկանց: Լրագրողն այն մարդն է, ով փնտրում է հետաքրքիր պատմություններ ու փորձում բազմակողմանիորեն ներկայացնել հանրությանը, ինչն էլ լրագրության նպատակն է, իսկ գերնպատակը ամբողջ աշխարհում մարդկանց միջեւ կամուրջներ ստեղծելն է”:

“Ներդաշնակություն հանուն մարդկության” խորագրով համերգին


“Ներդաշնակություն հանուն մարդկության” խորագիրը կրող համերգը բացել է ռոք-երգչուհի Էվան` կատարելով Ջոն Լենոնի “Imagine” հայտնի երգը, որից հետո երգել են Արթուր Ալեքն ու Նարինե Դովլաթյանը: Այնուհետեւ բեմ են բարձրացել ռոք-խմբի եւ լարային քառյակի անդամները: Վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը պատմել է, որ 2010-ին եւս լրագրողի հիշատակին նվիրված համերգ են ունեցել.“Սա ուղերձ է ընդդեմ ահաբեկչության եւ հանուն խոսքի ազատության: Այս տարի էլ որոշեցինք համախմբվել ու այս համերգի համար աշխատեցինք պարտաճանաչ եւ պրոֆեսիոնալ դասական երաժիշտների հետ. փորձերին աղջիկները միշտ գալիս էին համեղ թխվածքներով”:

Անդրե Սիմոնյանը եւ Սոնա Ռուբենյանը


Հանդիսատեսն առաջին անգամ նոր հնչողությամբ ունկնդրել է խմբի “It’s a Little Late”, “But I Can’t”, “Broken Smile”, “Կիլիկիա” ու մյուս երգերը, ինչպես նաեւ Սոնա Ռուբենյանի հետ օրերս թողարկած “Wait”-ը: Համերգը եզրափակվել է “Butterfly” երգով ու երկար հնչող ծափահարություններով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին