×


Vakcina-ն, Հասմիկը, ԴերՀովան, Կարինեն, Էվան եւ այլք` հակածխախոտային համերգին

Ամեն տարի մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է “Առանց ծխախոտի” միջազգային օրը, քարոզում թողնել ծխելը, ներկայացնում ծխախոտի պատճառած վնասներն ու հիվանդությունները: Հակածխախոտային միջոցառում անցկացվել է նաեւ երեւանյան Սիրահարների այգում:

ԴերՀովան, Նարինե Դովլաթյանը, DJ Vakcina-ն եւ Հասմիկ Կարապետյանը


Տեղեկատվական համերգին մասնակցել են Հասմիկ Կարապետյանը, ԴերՀովան, “X Factor-2” հեռուստաշոուի հաղթող Կիմ Գրիգորյանը, Կարինե Առուստամյանն ու “The Band”-ի երաժիշտները, Էվան, Նարինե Դովլաթյանը, իսկ համերգի եզրափակիչ հատվածում դիջեյական վահանակի մոտ են եղել դիջեյներ Vakcina-ն եւ Սերժոն: Հաղորդավար Արտավազդ Ամիրյանն ու երգիչները բեմից կոչ են արել վարել առողջ ապրելակերպ եւ զերծ մնալ վնասակար սովորություններից:

Անձրեւն ու ուժեղ քամին բացօթյա միջոցառումը չեն խափանել, բայց ազդել են հանդիսատեսի քանակի վրա, այդուհանդերձ համերգը կայացել է, անցկացվել են առողջ ապրելակերպ քարոզող տարբեր մրցույթներ, այգու տարածքում շրջել են ծխախոտով գայթակղող սատանան եւ մարդկանց գայթակղությունից զերծ պահող հրեշտակը, նաեւ առողջ ապրելակերպի կողմնակից բազմաթիվ հեծանվորդներ:

"Եղիր ազատ առանց ծխախոտի” միջոցառմանը


DJ Vakcina-ն BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ ծխելն այլեւս նորաձեւ չէ.“Համերգից դեռ մեկ շաբաթ առաջ մտերիմներս եւ անծանոթ մարդիկ` մոտ 40 հոգի, ինձ գրել են, որ կդադարեն ծխել հենց ամսի 31-ից. այս քարոզն իր նպատակին ծառայեց: Շատ կարեւոր է, որ երիտասարները գիտակցեն առողջության արժեքը, մեծանալով հասկանում ես` ինչքան հիմար էիր երիտասարդ տարիներին”:

Արուսիկի խոսքով` եթե ծխող մարդն ավելի լավ իրազեկված լինի, կամքի ավելի մեծ ուժ կունենա չծխելու համար.“Ուզում ենք քաջալերել իրենց առողջության մասին մտածող մարդկանց, ովքեր զերծ են մնում այս վատ սովորությունից: Իմ շրջապատում ծխող մարդկանց ներկայացնում եմ, թե ինչքան դրական կողմեր ունի չծխելը: Որպես կենսաբան, կարող եմ փաստել, որ ծխելը թողնելուց հետո թոքերի գործունեությունը մի քանի ամսից լավանում է, վերականգնվում է համի ու հոտառության զգայարանների ֆունկցիան, հինգ տարուց ինսուլտի ռիսկը նվազում է: Ցավոք, հիմա ծխող կանանց թիվն ավելի մեծ է, քան մի քանի տարի առաջ. չեն գիտակցում, որ ոչ միայն իրենց են վնասում, այլեւ իրենց ապագա երեխային”:

Լիլի Էլբակյանը` դստեր հետ


Հավելենք, որ Հայաստանը 2004 թվականին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է “Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին” ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում։

Հակածխախոտային միջոցառմանը


Միջոցառման կազմակերպիչը “Եղիր տեղեկացված” կազմակերպությունն ու դիջեյ Vakcina-ի հիմնած “The Laboratory”-ն էին, աջակիցն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն։
BRAVO.am-ը եւս կոչ է անում վարել առողջ ապրելակերպ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին