×


Vakcina-ն, Հասմիկը, Արփինեն, Արմանը, ԴերՀովան եւ ուրիշներ` ընդդեմ ՁԻԱՀ-ի

Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ հիվանդության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից եւ մինչեւ 2013-ի նոյեմբերի 29-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք, որոնցից 228-ը` 2012-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

Դիջեյ Vakcina-ն եւ Արման Նշանյանը


Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս առողջ ապրելակերպի ջատագով դիջեյ Vakcina-ն գործընկերների աջակցությամբ կազմակերպել էր “No AIDS, Dance for Life” խորագրով միջոցառում: “Kami” ակումբի պատերին փակցված էին տեղեկատվական պաստառներ, ներկաները կրում էին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ  կարմիր ժապավեններ: 

Փարթին, որին ներկա էին Հասմիկ Կարապետյանը, Արփինե Գաբրիելյանը, Արման Նշանյանը եւ այլք, սկսվեց համերգով. ռոք-երգչուհի Էվան հյուրերին ներկայացավ ակուստիկ ծրագրով` կատարելով համաշխարահային հիթեր, որից հետո ակումբային երաժշտություն հնչեցրին դիջեյ Սերժոն, ԴերՀովան եւ Vakcina-ն:

“No AIDS, Dance for Life” խորագրով միջոցառմանը


Քանի որ երիտասարդները համարվում են ՄԻԱՎ-ի խոցելի խումբ, Արուսիկը կարեւորում է ակումբային մթնոլորտում ավելի մատչելի ու պարզ եղանակով տեղեկատվության մատուցումը.“Բոլոր զգայարանների միջոցով փորձում ենք տեղ հասցնել անհրաժեշտ ինֆորմացիան, թե ինչպես պետք է կանխարգելել, ինչ ուղիներով է փոխանցում վարակը, ինչպես կարելի է անվճար հետազոտվել եւ այլն”: 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արեւիկ Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ երիտասարդները վարակվելու ավելի մեծ հավանականություն ունեն` ակտիվ եւ անկանոն սեռական կյանքով ապրելու, մինչամուսնական սեռական հարաբերությունների, թմրամիջոցների գործածման մեջ ներգրավվածության, նաեւ ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների պակասի պատճառով.“Մեր երկրում ձեռքբերումներից մեկն այն է, որ 2005 թվականից սկսած, ինչ ՄԻԱՎ-ով ապրող կանայք ստանում են կանխարգելիչ բուժում, չունենք մորից երեխային վարակի փոխանցման դեպք, իսկ 2001-ից չունենք դոնորական արյան միջոցով փոխանցման դեպք: Հակառետրովիրուսային դեղորայքի միջոցով այժմ հնարավոր է երկարաձգել վարակակրի կյանքի տեւողությունը, այն 2005-ից Հայաստանում կիրառվում է եւ բավական արդյունավետ է”:

Հասմիկ Կարապետյանը


Կազմակերպիչները երեկոյի ընթացքում հյուրերին պարբերաբար ներկայացրել են տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին, բաժանել են պահպանակներ, նաեւ անցկացրել են վիկտորինա` ճիշտ պատասխաններ տվողներին հյուրասիրելով կոկտեյլներ:

Դիջեյ Սերժոն


Ի դեպ, ակումբային համերգից առաջ Հյուսիսային պողոտայում եւս անցկացվել է երաժշտական միջոցառում, որին ներկաները հնարավորություն են ունեցել անցնել ՄԻԱՎ-ի անվճար թեստավորում: “Ի ուրախություն մեզ, 100-ից ավելի մարդ հետազոտվեց ու ոչ ոք դրական պատասխան չուներ: Հուսով ենք` մարդիկ ուշադիր կլինեն իրենց առողջության նկատմամբ, տարին մի քանի անգամ կհետազոտվեն եւ անվտանգ սեռական կյանք կվարեն, որովհետեւ մեկ անգամ ստացած բացասական պատասխանը երաշխիք չէ, որ մարդը հետագայում չի վարակվի”,-BRAVO.am-ին հայտնել է “The Laboratory” ընկերության հիմնադիր Vakcina-ն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին