×


«Ինձ համար այս երկրում բաց դռներ չկան». Լուլուն եւ Ժակը` աշխատանքի նոր առաջարկների բացակայության մասին

Լուլու եւ Ժակ հաղորդավարական զույգին մոտ տասը տարի է՝ հեռուստադիտողը տեսնում է էկրաններին: Մինչեւ վերջերս էլ նրանք գրեթե ամեն օր բարի առավոտ էին մաղթում բոլորին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերից, սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ «Բարեւ, երկիր» առավոտյան ծրագիրը գնացել է անժամկետ արձակուրդ: Հետեւաբար, միառժամանակ եթերում չեն լինելու նաեւ Ժակը եւ Լուլուն: Այս նորությունն անսպասելի է եղել վերջիններիս համար. նրանք մինչեւ վերջին օրը տեղյակ չեն եղել հաղորդման փակվելու մասին: BRAVO.am-ը զրուցել է նրանց հետ՝ պարզելու՝ արդյոք աշխատանքի նոր առաջարկներ չեն ստացել այս ընթացքում, կամ երբ հեռուստադիտողը նրանց կրկին կտեսնի եթերում: Մեր զրույցը բավական անկեղծ ստացվեց:

Լուսինե Բադալյանն ասաց, որ նոր առաջարկ դեռ չի ստացել, եւ կարծում է՝ իր դեպքում դժվար էլ լինի.«Նախորդ փորձը ցույց տվեց, որ ինձ համար այս երկրում ամեն ինչ ծայրաստիճան բարդ է, ու գրեթե բաց դուռ չկա: Երբ խնդիր եղավ «Կենտրոն» հեռուստաալիքի առավոտյան ծրագրում, կրկին շատ ծանր էր մեր դուրս գալը, որովհետեւ փոխադարձ մեծ սեր եւ հարգանք կար անձնակազմի միջեւ, տարիներ շարունակ համերաշխ աշխատել էինք միասին: Ամեն դեպքում թե՛ ես, եւ թե՛ Ժակն այն հաղորդավարներից ենք, որոնց հետ, կարող եմ առանց ավելորդ համեստության ասել, դժվար չէ աշխատելը, ամենամեծ սխալներ թույլ տվողներից չենք, ու թվում էր՝ մեզ համար դժվար չի լինի աշխատանք գտնելը: Բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ ինձ համար դա ոչ թե դժվար է, այլ՝ անհնարին»:

Նա հասկացել է՝ խնդիրը ոչ թե իր պրոֆեսիոնալիզմի, մրցակցային չլինելու մեջ է, կամ որ իրեն չեն հավանում որպես հաղորդավարուհի, այլ անհասկանալի շատ խնդիրներ կան, որոնց մասին ինքն առանձնապես պատկերացում չունի.«Միայն մի բան գիտեմ, որ ինձ համար բացարձակապես բաց դռներ էլ չկան: Այդ իսկ պատճառով «Երկիր Մեդիա»-ն մեծ ուրախություն էր ինձ համար, աշխատանքը կրկին վերսկսելու հնարավորություն էր: Ու հիմա չեմ թաքցնի՝ բավական ընկճված վիճակում եմ գտնվում, որովհետեւ հրաշալի գիտեմ՝ եթե «Երկիր Մեդիա»-ում չլինեն փոփոխություններ, ապա հնարավոր է՝ այս իրավիճակը շատ երկար տեւի»:

Լուսինեն ասաց՝ հաղորդման փակվելու մասին լուրն այնքան էլ անսպասելի չի եղել իրենց համար, քանի որ նման խոսակցություններ կային դեռ վաղուց.«Կար պայմանավորվածություն, որ դեկտեմբերին եզրափակելու ենք հաղորդաշարը ու նոր տարում այլեւս չենք վերսկսելու: Այսինքն՝ այնպես չէ, որ միանգամից ձյուն մաղեց մեր բաց գլխին: Բայց քանի որ հունվարից նորից սկսվեց ծրագիրը, մեզ թվաց, թե անցել են բոլոր դժվարությունները, ու մենք կարող ենք հանգիստ աշխատել: Մտքներովս չէր անցնում, որ այնուամենայնիվ, կփակվի հաղորդումը: Իհարկե, եթե փորձենք լավատեսորեն նայել այս ամենին, ապա կարող ենք ասել՝ ծրագիրը մեր պատկերացրածից ավելի երկար տեւեց: Վստահ եմ՝ դա հեշտ որոշում չի եղել, քանի որ փոխադարձ սեր եւ հարգանք կար մեր ու անձնակազմի միջեւ, մեծ հաճույքով էինք բոլորս միասին աշխատում»:

Հաղորդավարուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք չի փորձել իր առաջարկներով ներկայանալ հեռուստաընկերություններին: Լուլուն ասաց, որ նախորդ անգամ, երբ ստիպված է եղել դուրս գալ «Կենտրոն» ՀԸ-ից, հենց այդպես էլ արել է, իր նախագծերն է առաջարկել.«Այնպես չէ, որ գնացել եմ որեւէ հեռուստաընկերություն, ասել եմ` բարեւ ձեզ, ինձ ընդունեք աշխատանքի: Ոչ: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ իմ առաջարկած նախագիծը հաստատվել է, իսկ իմ ներկայությունը՝ ոչ: Այսինքն`այս անգամ արդեն անիմաստ եմ համարում նույնիսկ որեւիցե փորձ անել»:

Ժակը նույնպես դեռ աշխատանքի նոր առաջարկներ չի ստացել, ընդգծեց՝ ամեն ինչ այդքան ֆանտաստիկ արագությամբ տեղի չի ունենում: Կարծում է՝ դաշտում արդեն տեղյակ են, որ իրենք հիմա այլեւս եթերում չեն, հետեւաբար՝ կա՛մ կլինի նոր առաջարկ, կա՛մ էլ իրենց կողմից կլինեն գաղափարներ, որոնք կփորձեն կյանքի կոչել.«Մեր հաղորդման փակումը եւ ժամանակավոր պարապուրդը շատ անակնկալ էր մեզ համար: Իրադարձությունը դեռ շատ թարմ է, եւ հուսանք՝ աշնանային եթերաշրջանի համար կունենանք առաջարկ եւ կվերադառնանք եթեր: Այս մոտեցումն ավելի իրատեսական է: Ըստ էության՝ հեռուստատեսային աշխատանքը սեզոնների հետ է կապված, եւ այս պահին յուրաքանչյուրն իր սկսած աշխատանքն է շարունակում: Սա առիթ է, որ վերջապես մեզ թափ տանք եւ կյանքի կոչենք այն հարյուրավոր նախագծերը, որոնք ծնվում են մեր մտքում եւ տարբեր պատճառներով չեն իրականացվում: Հիմա կարող ենք մտածել դրանց մասին»:

Նա շեշտեց՝ իրենք «Երկիր Մեդիա»-ից բաժանվել են դրական նոտայի վրա, այնքան խաղաղ ու բարի, որ տեսականորեն չի բացառվում որեւէ այլ համագործակցություն: Հավելենք, որ Ժակը եւ Լուլուն նախկինի նման շարունակում են աշխատել ռադիո «Վան»-ում, որը, ինչպես իրենք են խոստովանում, դարձել է իրենց կյանքն ու ապրելակերպը.«Հույս ունենք, որ ապագայում էլ ոչ մի խնդիր չի առաջանա, եւ գոնե այդ գեղեցիկ կղզին, որը կա այս անապատում, կշարունակի լինել»,- եզրափակեց Լուսինե Բադալյանը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին