×


«Ադրբեջանցիները միանգամից գրոհեցին իմ էջերի վրա». Նորա Գրիգորյանը` պրեմիերայից առաջ կատարվածի մասին

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է նոր ներկայացմամբ, որի մտահղացման հեղինակը բեմադրիչ Նորա Գրիգորյանն է։ «Խաղաղության փողոցում» բեմադրությունը նվիրված է Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին:

Բեմադրիչն ասում է, որ ներկայացումը փաստագրական է. դերասանները փաստերը ներկայացնում են 1988 -ի փետրվարին տեղի ունեցած իրական պատմությունների միջոցով։ Նա ներկայացման թեմայի շուրջ երկար է մտածել.«Իմ նպատակը չէր միայն փաստեր ներկայացնելով ցույց տալ 30 տարի առաջ պատահածը: Հայրս տեղյակ էր, որ այս թեման ուզում եմ բեմ բարձրացնել։ Որոնման արդյունքում գտա Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին գրքեր, այնուհետեւ՝ «Սովորական ցեղասպանություն» գիրքը, որի հեղինակը Մարինա Գրիգորյանն է: Ականատեսները նրան պատմել են իրենց անցյալի դառը հուշերը, ամբողջությամբ իրական պատմություններ են»:

«Խաղաղության փողոցում» ներկայացման պրեմիերային


Պրեմիերային հանդիսատեսի շարքում էին Սումգայիթի դեպքերին ականատես հայեր, եւ Նորան մտավախություն ուներ՝ ինչպես կարձագանքեն այս ներկայացման գլխավոր հանդիսականները.«Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք Մարինա Գրիգորյանի գրքի հերոսներն են, նրանց կարծիքն ու արձագանքն ինձ համար շատ կարեւոր է։ Շնորհակալ եմ Մարինային, որ թույլ տվեց օգտվել այդ նյութերից: Երբ Սումգայիթի ջարդերի մասին էի կարդում, կարծես, տեսնում էի այդ սարսափելի պատմություններն ու անցնում դրանց միջով: Հասկացա, որ մինչ այդ ոչինչ էլ չգիտեի։ Առհասարակ, երիտասարդները քիչ բան գիտեն Սումգայիթի մասին»։

Ներկայացման մեջ զբաղված են ինչպես թատրոնի դերասաններն, այնպես էլ ԵԹԿՊԻ ռուսական կուրսի ուսանողները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Բալանդինայը, Վերոնիկա Սարոյանը, Ֆրեդ Դավթյանը, Նառա Թումասյանը, Ալբերտ Գազարյանը, Հայարփի Զուռնաչյանը, Գրիգոր Կոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը եւ այլք։

Նորա Գրիգորյանը


Պրեմիերայի արձագանքների մասին բեմադրիչը կիսվել է BRAVO.am-ի հետ զրույցում.«Շատերը նշեցին, որ հայրս ինձնով կհպարտանար, նաեւ նախարար Արմեն Ամիրյանն այդ մասին շեշտեց։ Հորս կարծիքն ինձ համար միշտ առաջնային էր, նույնիսկ մի քանի մենախոսություն կարդացել եմ նրա համար։ Նա ուզում էր Սումգայիթի թեմային անդրադառնալ, որովհետեւ Բաքվում է ծնվել, շփվել է ադրբեջանցիների հետ։ Նա պատմում էր, որ խորհրդային շրջանում այնտեղ այնուամենայնիվ տարբերություն էին դնում ազգերի միջեւ, մասնավորապես՝ հայերին գլխավոր պաշտոններում չէին նշանակում։ Բայց նաեւ պատմում էր, որ շատ ադրբեջանցիներ իր հանդեպ ավելի պատրաստակամ ու ջերմ են եղել: Բեմադրության մեջ փորձել եմ ներկայացնել օբյեկտիվ իրականությունը»։

Նորայի փոխանցմամբ՝ հայ թատրոնի բեմից Սումգայիթի ջարդերի մասին չեն խոսեն: Սումգայիթի հայերի շատ սպանություններ տեղի են ունեցել Խաղաղության եւ Բարեկամության փողոցներում, այստեղից էլ որոշվել է վերնագիրը.«Անվանումը երկիմաստ է, հենց Խաղաղություն կոչվող փողոցում են տեղի ունեցել մեծ հանրահավաքներն ու սպանությունները… Պիեսի խմբագրման հարցում ինձ օգնել է թատրոնի գրականության մասի վարիչ Մարինա Մարինոսյանը»:

«Խաղաղության փողոցում» ներկայացման պրեմիերային


Ի դեպ, ադրբեջանցիները համացանցի միջոցով տեղեկացել են այս ներկայացման մասին, երբ Նորան պաստառն ու նկարները տեղադրել է իր ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում՝ օգտագործելով Սումգայիթ հեշթեգը.«Միանգամից գրոհեցին իմ ու թատրոնի էջերի վրա, էլեկտրոնային փոստիս նամակներ էի ստանում, որ էջերս կոտրելու փորձեր են արվում, գաղտնաբառերս փոխում էի։ Մտածում էի, որ կարձագանքեն, նույնիսկ Արմեն Ամիրյանն էր զգուշացրել, բայց չէինք սպասում, որ այսքան հարձակում կլինի»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին