×


“Ամպից պոկված հեքիաթը”

“Ամպից պոկված հեքիաթը”

Հայի ձեռքերը` “Դիմակ պլյուս”-ում “Ամպից պոկված հեքիաթը” ներկայացումը վերջերս մեկը մյուսի ետեւից թատերական փառատոններում մրցանակներ է ստանում: Ներկայացման վերջին հաջողությունն էլ Մոսկվայի “Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրին մասնակցելն է, ուր ներկայացրել է Հայաստանը: “Ամպից պոկված հեքիաթը” Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի խաղացանկային ներկայացման “գործող անձինք” մարդկային մատներն են: Բեմադրության ու երաժշտական ձեւավորման հեղինակը տիկնիկավար, մնջախաղաց, բեմադրիչ Զարուհի Անտոնյանն է, նկարչական ձեւավորումն արել է Ալինա Ալեքսանյանը: Դերակատարներն են Տաթեւ Մելքոնյանը, Աննա Պետրոսյանը, Կարեն Խաչատրյանը, Լիանա Նիկողոսյանը: Ներկայացման տեւողությունն է 45 րոպե: Պրեմիերան կայացել է 2009 թվի մայիսի 27-ին: Karen, Zaruhi & Tatev Ռուսական “Ոսկե դիմակ” փառատոնի արտամրցութային ծրագիրը՝ “Դիմակ պլյուսը” անց է կացվել 2-րդ անգամ: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ “Դիմակ պլյուսի” էքսպերտային խումբը նախապես դիտել է ներկայացումը, այնուհետեւ հրավիրել է մասնակցելու ծրագրին. “Բուն մրցույթին մասնակցում են ռուսական թատրոնները, իսկ արտամրցութային ծրագրին հրավիրում են արտերկրյա թատրոնների: Այս տարի մասնակցում էին Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի թատրոնները: Սովորաբար, հրավիրող կողմն իր վրա է վերցնում կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսի հարցում մեզ աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը”,- նշեց Ռուբեն Բաբայանը: Ruben Babayan Մատների թատրոնը նորություն է երեւանյան թատրոնի բեմին. “Եթե տիկնիկավար ես, պիտի տիրապետես քո ձեռքերին: Ես մարդկային ձեռքեր շատ եմ սիրում, փորձում եմ հասկանալ մարդու էմոցիաները, անհանգստությունը, սուտ խոսելը հենց ձեռքերի միջոցով: Մատների թատրոնը նորություն չէ. եվրոպական թատերախմբերն աշխատում են այս ժանրում”,- ասում է բեմադրիչը: Zaruhi Ինչպես պատմեց Զարուհի Անտոնյանը, Մեյերխոլդի անվան թատրոնում ռուսաստանյան հանդիսատեսի համար ապրիլի 9-ին խաղացել են միանգամից երկու ներկայացում, ժամանակի սղության պատճառով չեն հասցրել դիտել մյուս երկրների ներկայացումները. “Ամեն ինչ պրոֆեսիոնալ էր կազմակերպված: Մեր ներկայացմանն անհրաժեշտ էր ավելի կամերային դահլիճ, շատ կարճ ժամանակում մեր ուզածը տրամադրեցին: Դեկորները, լույսը, ողջ տեխնիկան մեզ հետ էինք տարել”,- նշում է Զարուհի Անտոնյանը: Հայաստանցի եւ ռուսաստանցի հանդիսատեսը, ըստ բեմադրիչի, ունի նմանություններ ու տարբերություններ. “Հայ հանդիսատեսն ավելի էմոցիոնալ, գուցե նաեւ անզուսպ է, ինչը մեր խառնվածքին բնորոշ է: Ռուս հանդիսատեսի շարքերում կային մեծահասակներ ու երեխաներ, որոնց ռեակցիաները նման էին իրար”: “Ամպից պոկված հեքիաթը” բեմադրությունը Ներկայացումն ի սկզբանե չի ունեցել գրական հիմք. բեմադրիչի մտքում է ծնվել սյուժեն, որից հետո սկսվել են բեմադրական աշխատանքները. “Յուրաքանչյուր մարդու մեջ արեւի շող կա: Արեւից ծնվում է մի աղջիկ, որը գալիս է բոլորին հիշեցնելու լույսի մասին: Նա մարդկանց արեւ է տալիս ու հեռանում…”,- Զարուհի Անտոնյանն այսպես է բնորոշում սեփական բեմադրությունը: Zaruhi Antonyan “Ամպից պոկված հեքիաթը” բեմադրությունը 2009 թ. “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է “Արտավազդ” մրցանակին, նաեւ “Թատրոն-X” թատերական փառատոնի շրջանակներում ճանաչվել է լավագույնը: Փառատոնային քննարկումների ժամանակ մի շարք թատերագետներ ու ռեժիսորներ դրականորեն են արտահայտվել նորամուծության մասին. “Քննադատելը կամ գովաբանելը կարծրատիպային է, շատ կարեւոր է ներկայացումը վերլուծելը, որն ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է”,- կարծում է Զարուհին: Առաջիկայում ներկայացումը կմասնակցի Բուլղարիայում անցկացվող “Երեքը շատ է, երկուսը` քիչ” անվանումով տիկնիկային փառատոնին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները տրամադրել է Զարուհի Անտոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին