×


Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյան

“Ասա, որ սիրում ես” երգը տեսահոլովակ կունենա Անահիտ Սիմոնյանը հունիսին կամուսնանա իր ընտրյալի` երգիչ Հայկոյի հետ, բայց մինչ այդ երկրպագուներին նոր տեսահոլովակ կնվիրի: “Ասա, որ սիրում ես” երգի մեղեդին գրել է երգչուհու սիրելին: Առանձնահատուկ երգ է Անահիտի համար, որովհետեւ Հայկոյի` իրեն նվիրած առաջին երգն է: “Իր ոճը շատ եմ սիրում, ու քանի որ ինձ լավ է ճանաչում, կարողանում է համապատասխան երգ գրել, այնպիսին, որ ես սրտանց ու հոգով կկատարեմ”,- Bravo.am-ին նկարահանումների ժամանակ ասաց Անահիտ Սիմոնյանը: Anahit Simonyan “Ասա, որ սիրում ես” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է:  Տեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Միհրան Ստեփանյանը: Երգը անտարբեր սիրո մասին է: Նկարահանումները տեղի ունեցան մարտի 28-ին` Ծաղկազարդի օրը: Անահիտի համար կրկնակի տոն էր, նկարահանումներից հետո Հայկոյի հետ գնալու էին եկեղեցի: Սա երգչուհու թվով հինգերորդ տեսահոլովակն է: “Վաղուց տեսահոլովակ չունեի, ցանկանում եմ լավ ստացվի եւ դիմանում եմ ամեն ինչին, անգամ այս ցրտին, թեեւ հիվանդ եմ:): Երեք կերպարում եմ հանդես գալու, որոնք բավականին տարբեր են”,- նշեց Անահիտ Սիմոնյանը: Anahit Simonyan and Mihran Stepanyan Տեսահոլովակի ռեժիսոր Միհրան Ստեփանյանն անիմացիոն տեսահոլովակ է նկարահանում: “Էքսպերիմենտ է: Երգն էլ հետաքրքիր է, համահունչ կլինի ամեն ինչ: Ինչպես իմ բոլոր տեսահոլովակներում, բնության էներգիան կա, բարին, լուսավորը, պայծառը: Բացասական պահը գունային լուծումներով եմ ցույց տալիս` կրակ եւ սեւ հագուստ: Մի դրվագում էլ տպավորություն ենք ստեղծելու, որ անապատում է: Ինքը կարողանում է բնության բոլոր տարրերը միացնի եւ ստանա սերը”,- նշեց Միհրան Ստեփանյանը: Anahit Simonyan Նկարահանումների ընթացքին սկզբում հետեւում էր նաեւ Հայկոն: “Շատ ուրախ եմ, որ իմ գրած երգի հիման վրա է նկարահանվում նոր տեսահոլովակը: Ես էլ այստեղ եմ: Կարելի է ասել` պրոդյուսինգը մի քիչ ես եմ արել: Մեր խումբն է աշխատում, երգն էլ իմ ստուդիայում է ձայնագրվել: Հիմա ավելի մեծ է պատասխանատվությունս: Կողքից որ նայում ես, ուզում ես` ամեն ինչ լավ լինի: Բայց որ քոնն է լինում, այդքան չես էլ զգում` ինչ է կատարվում, հիմա ավելի բծախնդիր եմ: Մենք ստուդիայում հանդիպել ենք ռեժիսորի հետ եւ խոսել սցենարի շուրջ: Շատ եթերային է` սիմվոլների վրա հիմնված, ավելի շատ թողել ենք Միհրան Ստեփանյանի ճաշակին”,- ասաց երգիչ Հայկոն: Mihran Stepanyan and Hayko Ի դեպ, Bravo.am-ը շուտով Հայկոյի նոր տեսահոլովակն էլ կներկայացնի: “Ոչինչ չի մնա” ֆիլմի սաունդթրեքի վրա հիմնված տեսահոլովակի ռեժիսորը, բնականաբար, Հրաչ Քեշիշյանն է: Մի հատ էլ «ի դեպ» :), Հայկոն Ռիչարդ Մադլենյանին Անահիտ Սիմոնյանի  համար երգ է պատվիրել, քանի որ գիտի` ինչքան է իր սիրելին հավանում Ռիչարդի գործերը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին