Թողարկվել է եռյակի առաջին ձայնասկավառակը
Սեպտեմբերի 27-ին Star City խանութ-սրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի անդրանիկ ձայնասկավառակի շնորհանդեսը: Ալբոմում զետեղված են Առնո Բաբաջանյանի եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները:
Ձայնասկավառակի դիմերեսին Արշիլ Գորկու եւ Մարկ Շագալի երկու ստեղծագործություններն են: “CD-ում Նարեկացու քառյակներից էլ կա: Փորձել ենք սինթեզել կերպարվեստը, պոեզիան եւ երաժշտությունը”,- ասաց դաշնակահար Արմինե Գրիգորյանը:
Ջութակահար Կարեն Շահգալդյանն էլ պարզաբանեց, որ սկավառակը թողարկվել է Մոսկվայում` բարձր որակ ապահովելու համար: Բացի այդ, ֆինանսապես էլ ավելի մատչելի է, քան Հայաստանում թողարկելը:
Արամ Խաչատրյան եռյակի համար 2009-ը հոբելյանական է: Տասնամյակի կապակցությամբ տրիոն սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ հոբելյանական համերգով: Դեկտեմբերին եւս նախատեսվում է հոբելյանական համերգաշար: Բոլոր համերգների մուտքն ազատ է:
“Դասական կատարողների համար Հայաստանում գործունեություն ծավալելը հիմնականում բարեգործություն է: Մեզ մոտ դասական արվեստն ու գումար վաստակելը իրար հակասող բաներ են”, - ասաց Արմինե Գրիգորյանը:
“Եռյակը 2010-ին համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա եւ ԱՄՆ: Խաչատրյան տրիոյի աջակիցն ու հովանավորը լոնդոնաբնակ Ասատուր Գյուզելյանն է”,- ասաց Կարեն Շահգալդյանը:
“Ձայնասկավառակում միայն սեր է”. Արամո
Արամոն եւ Էմմա Պետրոսյանը Խաչատրայնի անվան եռյակի անդամներին իրենց ամենամտերիմ ընկերներն են համարում եւ եկել էին շնորհավորելու:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: