×


Արամ Նիկոլյան

Արամ Նիկոլյան

“Այս տարի դժվար է գտնել մի բան, որը նորաձև չէ” “Գարուն-ամառ 2010”-ը շատ գունեղ է լինելու: Ո՞ր գույները, գործվածքներն ու հագուստներն են  նորաձև, իր դիտարկումներով Bravo.am-ի հետ կիսվել է ոճաբան, մոդելավորող Արամ Նիկոլյանը: Նա ներկայացնում  է  իր ստեղծած էսքիզներն ու վերջին հավաքածուից մի քանի զգեստ: Aram Nikolyan Ոճաբանի  սեղանին անընդհատ թարմացվում են նորաձևության վերջին հավաքածուները ներկայացնող  ամսագրերը: Արամ Նիկոլյանը նաեւ “Վարդ” բրենդի դիզայներն է,  առաջիկայում ներկայացնելու են  նոր բրենդի  հավաքածուն Երեւանում, այնուհետև ցուցադրություն են  ունենալու Փարիզում: “Գարուն-ամառ 2010” հավաքածուներում ընդգրկված են ամենատարբեր ոճերը: Նորաձև են առաջին հայացքից իրար հետ ոչ համադրելի գործվածքներով կարված հագուստները. “Կարելի է վանդակավոր, գծավոր ու պուտավոր կտորները համադրել մի հագուստի մեջ: Տարբեր տեսակի ու որակի կտորների համադրումն այս սեզոնի առանձնահատկություններից է”, - ասում է Արամ Նիկոլյանը: Արամ Նիկոլյանի վերջին հավաքածուից Այս տարի նորաձեւ են  գրեթե բոլոր գույները, այն էլ լղոզված երանգներով:  Արդիական են կապույտի երանգները, կարմրանարնջագույնը, անցած սեզոնից պահպանվել են  մանուշակագույնը, սևը, սպիտակը: “Հայտնի դիզայներների գործերը նայելիս տեսնում ենք, որ սլավոնական շունչ կա, որը եկել է անցած սեզոնից: Հենց այդ հավաքածուներից ակտուալ են  ժանյակները, ծալվածքները, դարսերը, ազատ ֆորմաները”,-նշում է դիզայները: Նորաձև են նաեւ տարատեսակ ձևվածքներով, աբստրակտ նախշերով ու գունամատիտային երանգներով զգեստները: Ամռանը ակտուալ են լինելու թափանցիկ շիֆոնե կտորները, որոնց տակից երևում է ներքնազգեստը, մինի կիսաշրջազգեստները, մարմինը չընդգծող մետաքսե  երեկոյան զգեստները: Այս սեզոնի հիթերից են պատռված ջինսե տաբատները, որոնք վերևից լայն իջնող ձևերի մեջ են:  “Մեր երկիր, սովորաբար, մի տարի ուշացումով են տեղ հասնում նորաձևության միջազգային շուկայի կողմից թելադրվող միտումները”, - ասում  է Արամ Նիկոլյանը: Aram Nikolyan Նա նշեց նաեւ, որ  նորաձեւ վերարկուները  պետք է լինեն անհամաչափ ձևվածքով ու տարբեր մանր դետալներով: Հագուստին լրացնող աքսեսուարները` պայուսակները, զարդերը, գլխարկները, ամենատարբեր ոճերի ու չափսերի են լինելու: Հագուստ ընտրելիս, ըստ ոճաբանի, շատ կարևոր է  պահպանել մարմնի ճիշտ համաչափությունը. “Քանի որ մեր հայ աղջիկներն աչքի չեն ընկնում բարձր հասակով, ավելի լավ է հագնել նեղ տաբատներ, իսկ գոտկատեղը լինի մի փոքր բարձր: Օրինակ, անցած տարի շատ նորաձև էին ներքև կախված ու լայն ոտքերով շարավարները, որոնք շատ քիչ աղջիկների էին սազում, որովհետև կոնքերը երկար ցույց տալու հաշվին 30սմ-անոց ոտքեր էին երևում”: Նորաձև կոշիկների ընտրանին էլ է  այս սեզոնին շատ  մեծ. սկսած ռետրո ոճից մինչև խիստ դասական. “Ինչը հագուստի համադրությամբ մատուցվում է ճաշակով, համարվում է ակտուալ: Մի քիչ հաստ կրունկով ու թաթի մասում պլատֆորմով կոշիկներն են ակտուալ”, - ասում է Արամ Նիկոլյանն ու եզրափակում. “Այս տարի դժվար է գտնել մի բան, որը նորաձև չէ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին