×


Արմեն Բուբուշյանը

Արմեն Բուբուշյան. Մի քիչ  նկար, մի քիչ քանդակ եւ, իհարկե, դիզայն

Մարտի 30-ին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ եւ Թովե Բոյաջյան ցուցասրահում Արմեն Բուբուշյանը ներկայացրեց իր աշխատանքների ընտրանին: Դիզայների անհատական ցուցահանդեսին, ինչպես խորագիրն էր հուշում, կար «մի քիչ նկար, մի քիչ քանդակ եւ, իհարկե, դիզայն»:

55-ամյա Արմեն Բուբուշյանը Երեւանում շատ աշխատանքներ ունի, բայց ցուցահանդես առաջին անգամ էր անցկացնում: «Մարդ կա` ցուցադրումներ կազմակերպելով է զբաղվում, իսկ իմ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, եթե սկսեմ ցուցահանդեսներով զբաղվել, աշխատանքս կտուժի: Այստեղ մոտ երկու հարյուր աշխատանք եմ ներկայացնում: Ներկայումս մանկական ժամանցի կենտրոնի դիզայնով եմ զբաղվում, որն ունենալու է սրճարան, շոուների համար նախատեսված դահլիճ... Շատ հետաքրքիր աշխատանք է, բավական ծավալուն»,- Bravo.am-ին ասաց Արմեն Բուբուշյանը:

Դիզայներ Արմեն Բուբուշյանը որդու` Ռուբեն Բուբուշյանի հետ


Դիզայներն իր ոճը համեմատում է գույնզգույն կյանքի հետ.«Վառ իրադարձություններ եմ սիրում: Իհարկե, դա չի նշանակում, որ չեմ գնահատում մինիմալիզմը, բայց իմ հոգու ոճայնությունը գունավոր է: Ոճումս էկլեկտիկ պահեր էլ կան, բայց ոչ միշտ. աշխատում եմ չկրկնել: Լուծումները պետք է լինեն անհատական եւ բացառիկ: Դիզայնն ինձ համար մեծատառով արվեստ է, ուսանողներիս դա միշտ ասում եմ: Դիզայնը ձեւավորում չէ, հիմա այդ բառը շատերի դուրը գալիս է, ուր նայում ես՝ դիզայներներ են: Այն առաջին հերթին նախագծում է, ոչ թե ձեւավորում կամ գեղեցկացում: Ինչպե՞ս ես մարդ նկարում, այնպես էլ մեր մատիտի ներքո կերպար է ծնվում»,- նշեց Արմեն Բուբուշյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Իր թարմ աշխատանքներից նա «Cosmos» խաղատունն է սիրում. «Պատվիրատուի հետ միշտ տարաձայնություններ եմ ունենում: Ցանկանում են պրոֆեսիոնալի կողմից լսել իրենց ճաշակի լավ գնահատականը: Ու եթե ես ինձ թույլ տամ համաձայնել իրենց հետ, ուրեմն կդավաճանեմ իմ մասնագիտությանը: Իրենք վերջում հասկանում են, որ ճիշտ էի»: Արմեն Բուբուշյանը ասում է՝ Երեւանի արտաքին տեսքը քարկոծելը շատ հեշտ է, բայց «ամեն ինչ պետք է ժամանակն ուտի». «Փարիզում էլ Էյֆելյան աշտարակի կառուցմանը բոլորը դեմ էին, իսկ հիմա առանց դրա Փարիզը չեն էլ պատկերացնում»,- նշեց դիզայները:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Նրա աշխատանքների համահեղինակն է դիզայներ Հայկ Փայասլյանը: Գործընկերները մտերիմ են ուսանողական տարիներից, 1993 թվականից էլ  համագործակցում են: «Դիզայներական նախագծեր ենք անում, որոնց մեջ մտնում է բնակարանների, առանձնատների, գրասենյակների, ժամանցի կենտրոնների ձեւավորումը: Մի պահ կար, որ Սայաթ-Նովա փողոցի բոլոր խանութները մեր նախագծով էին ձեւավորված: Երեւանը սիրում ենք ու աշխատում մեր գիտելիքներն օգտագործելով քաղաքը գեղեցկացնել»,- ասաց Հայկ Փայասլյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Նա եւս խոսեց իրենց ոճի մասին. «Այնպես չի, որ կտրուկ ժամանակակից է կամ հնաոճ: Գույների եւ ձեւերի ընտրության հարցում մենք ստանում ենք դասականի եւ ժամանակակցի միասնություն»: Հայկ Փայասլյանն ասաց, որ Արմեն Բուբուշյանի հետ հեշտ է աշխատելը, որովհետեւ նա բարձրակարգ մասնագետ է.«Երբ նոր նախագիծ ենք անում, ես առանձին եմ անում, Արմենն՝ առանձին: Այնուհետեւ սինթեզում ենք իրար: Տարաձայնությունները շատ հանգիստ հարթում ենք՝ մեկս մյուսին  համոզելով»: Երկուսն էլ Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ֆակուլտետում են դասախոսում: Ցուցահանդեսի բացմանն էլ ներկա էին նրանց ուսանողները, արվեստագետներ, դիզայներներ, դասախոսներ, արվեստասերներ:

Արմեն Բուբուշյանն ու Հայաստանի դիզայներների միության նախագահ, դիզայներ, քանդակագործ Մարտին Կակոսյանը


 Հայաստանի դիզայներների միության նախագահ, դիզայներ, քանդակագործ Մարտին Կակոսյանն էլ նշեց, որ Արմեն Բուբուշյանի աշխատանքները լավից բարձր է գնահատում: «Դիզայնը մտածելակերպ է, այն ոչ միայն պետք է հարմարավետ լինի մարդու համար, այլեւ չխախտի շրջակա միջավայրը: Գեղեցկությունը լրացնել է պետք: Արմենը մանրակրկիտ մոտեցում ունի յուրաքանչյուր նախագծին: Նա վերին աստիճանի բծախնդիր եւ կոկիկ է իր աշխատանքներում: Ինտերիերի մեջ գերազանց գործեր ունի, նկարչության մեջ՝  ճաշակի հարց է: Երեւանի դիզայնի հարցում անելիքներ շատ կան, բացի սովորական աղտոտումից կա նաեւ վիզուալ աղտոտում, եթե այդ բոլորը արվի դիզայներական տեսանկյունից, մեզ շատ հարմարավետ կզգանք մեր քաղաքում: Դիզայները առաջին հերթին ձեւի մարդ է, բայց գույնն էլ մեծ նշանակություն ունի: Արմենը գիտի գույների գամման ճիշտ կիրառել իր դիզայնի մեջ»,- ասաց Մարտին Կակոսյանը:

Դիզայներ Արմեն Բուբուշյանն ու իր աշխատանքների համահեղինակ դիզայներ Հայկ Փայասլյանը


Ռուբեն Բուբուշյանը հոր՝ Արմենի հետքերով է գնում: Մասնագիտությամբ արդյունաբերության դիզայներ է: «Հայրս ասաց՝ փորձեմ ինձ այս ոլորտում, ես էլ փորձեցի ու դուրս շատ եկավ: Օգնում եմ նրան: Շատ ժամանակակից է մտածում ու աշխատանքներն էլ ժամանակակից են: Ես էլ նրա ուսանողն եմ»,-ասաց Ռուբեն Բուբուշյանը:

Արմեն Բուբուշյանի՝ «Մի քիչ նկար, մի քիչ քանդակ եւ, իհարկե, դիզայն» խորագիրը կրող ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 9-ը:

Տեքստը՝ Լիլիթ  Բաբայանի  /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին