×


Արմենչիկ եւ Լուսինե

Արմենչիկ եւ Լուսինե

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը «Տեսնելուն պես հասկացա, որ սիրում եմ» Հայտնի իրողություն է. մեր քաղաքում լուրերը լույսի արագությամբ են տարածվում: Երգիչ Արմենչիկի նշանադրության, ապա նաեւ պսակադրության լուրը բացառություն չէ: Մինչ սիրված ու նաեւ Հայաստանի սահմաններից դուրս մեծ համբավ վայելող երգիչը կհասցներ իր հայաստանյան մենահամերգների ժամանակ երկրպագուներին հայտնել իր կյանքի ամենակարեւոր ու բեկումնային նորությունը, նրա երկրպագուները պարզապես ռմբակոծում էին մեր հեռախոսը: Բնականաբար, բոլորին հետաքրքրողը Արմենչիկի սրտի տիրուհու ով լինելն է, ով կարողացավ պոտենցիալ հարսնացու-երկրպագուների ձեռքից «տանել» ցանկալի փեսացուների ցանկը գլխավորող քաղցրաձայն թեկնածու-երգչին: Ու քանի որ մեր շոու-բիզնեսում էքսքլյուզիվի դեսպանը մեր ամսագիրն է, այս անգամ էլ Արմենչիկի կյանքի գլխավոր պատմության մանրամասներին կարող ես ծանոթանալ հենց մեր բացառիկ հարցազրույցից... Armenchik and Lusine Երեւանյան լեփ-լեցուն դահլիճում երկօրյա մենահամերգներից անմիջապես հետո Արմենչիկը հյուրընկալվեց մեր խմբագրությունում: Ներս մտնելուն պես, ինչպես բնորոշում են նրան շատերը, «ջիգյարով» երգիչը ձեռքը դրեց մեր խմբագրության չամուսնացած բոլոր աշխատակիցների գլխին` մաղթելով. «Տարոսը Ձեզ»... Կարդա, որ տարոսը քեզ էլ բաժին հասնի :) Ակնհայտ էր. Արմեչիկի աչքերը երջանկությունից փայլում էին առավել, քան երբեւէ: - Սկսենք նրանից, թե ե՞րբ Արմենչիկը սիրահարվեց եւ հասկացավ, որ ինչ-որ մեկի անունը ուժեղ բաբախյուն է առաջացնում իր սրտում: - Ես եւ կինս` Լուսինե Մանուկյանը, ծանոթացել ենք անցած տարի դեկտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա արդեն տասնյոթ տարի էր` բնակվում էր այնտեղ: Ծնողները երեւանցի են: Հենց սկզբից շեշտեմ, որ հարսնացուս ռուս չէ. բոլորը կարծում են, թե կինս այլազգի է, բայց այդպես չէ: Երբ մեկնել էի Մոսկվա համերգի, նա համերգի նախաձեռնողներին օգնում էր կազմակերպչական գործերում: Մեր առաջին ծանոթությունը հենց այդտեղ էլ կայացավ եւ, ինչպես ասում են, լինելու բան էր, պիտի լիներ: Ես անգամ չէի էլ մտածում ամուսնության մասին: Ամեն բան շատ արագ ստացվեց, իսկ նրան տեսնելուն պես հասկացա, որ սիրում եմ, նա է այն միակը, ում փնտրում էի: Armenchik and Lusine - Լավ, կասե՞ս` ով է ընտրյալդ, ի՞նչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է զբաղվում: Բացի այդ, մի բան էլ ճշտենք. ասում են` ընտրյալդ ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի բարեկամուհին է: Ճի՞շտ է արդյոք: - Առաջինը` Լուսինեն ռուս չէ, հայ է, ոչ մի բիզնեսմենի կամ թվարկվածների աղջիկն ու բարեկամուհին չէ: Պարզապես Մոսկվայում բնակվող լավ ընտանքի լավ ու հրաշալի աղջիկ է: Կինս 23 տարեկան է, Մոսկվայում է ուսանել. երկու բուհ է ավարտել` մասնագիտանալով տարբեր մասնագիտություններում: Նա իսկական հայուհի է: Հրաշալի ու լավ մարդ, անչափ բարի. եթե ըտրել եմ, ուրեմն հրաշալի մարդ է: - Ամենից շատ ի՞նչը քեզ գրավեց Լուսինեի մեջ, ի՞նչով նա քեզ գերեց: - Նախ` շատ կիրթ ու խելացի աղջիկ է ու ամենկարեւորը` բարի: Հետո նախանձություն չկա նրա մեջ, շատ աջակցող եւ քաջալերող մարդ է, ինչը ես գնահատում եմ: Արտաքինից շատ գեղեցիկ է, սակայն ինձ համար ավելի կարեւոր է հոգու գեղեցկությունը, եւ այս պարագայում այդ ամենը մեկտեղվել է: Ամենից կարեւորը` նա ինձ հասկանում է: Երբ նոր էինք շփվում, ըմբռնումով էր մոտենում այն հարցին, որ շատ զբաղված եմ, որ սա իմ կյանքն է: Հետո նշեմ, որ Լուսինեն իմ երգարվեստի երկրպագուն չի եղել, եւ այդ հանգամանքը մեր միասնության մեջ ոչ մի դերակատարում չի ունեցել, նա ուղղակի լսել էր մի քանի երգ եւ վերջ: Armenchik and Lusine - Համերգից առաջ տեսար, սիրահարվեցիր, հետո ի՞նչ եղավ... զանգեր, հանդիպումներ... - Համերգից հետո եկա Հայաստան, սկսեցինք հեռախոսով շփվել, սկայպով, էլփոստով, ինչը շարունակվեց նաեւ Ամերիկայից: Հետո նորից Ռուսաստան մեկնեցի, կրկին հանդիպեցինք: Ծանոթացա ընտանիքի անդամների հետ ու հասկացա, որ, այո, նա այն միակն է, իմ կեսն է, ում երկար ժամանակ փնտրում էի: - Ե՞րբ կայացրեցիր այդ վճռական որոշումը եւ ինչպե՞ս ամուսնության առաջարկություն արեցիր: - Անցած տարվա ապրիլին մեկնեցի Ռուսաստան` հերթական համերգիս, մատանի վերցրեցի, մենակ գնացի իրենց տուն… Միանգամից ասացի` կամուսնանա՞ս ինձ հետ, ասաց` այո, իսկ մայրը զարմացած նայում էր, թե ինչ է կատարվում տանը: «Այո»-ից հետո որոշեցինք օրինականացնել այս որոշումը եւ գնալ զագս: Արդեն անցած տարվա հունիսին էլ Մոսկվայում տեղի ունեցավ մեր նշանադրության արարողությունը, որին ներկա էին ծնողներս, քավորը, քավորկինը, ընկերներ, հարազատներ: Մեր քավորը իմ շատ լավ ընկերն է, ով երգարվեստից չէ, բայց ես նրան եմ ընտրել, քանի որ ընտանքի լավ հայր է, լավ ընտանիք ունի, մեր կողքին կլինի եւ որպես լավ մարդ, եւ որպես օրինակելի անձնավորություն: - Ծնողներիդ արձագանքն ինչիսի՞ն էր, երբ իմացան, որ Մոսկվայում աղջիկ ես հավանել: - Ինձանից շատ էին ուրախացել: Ծնողներս գիտեն, որ եթե ընտրել եմ` ուրեմն ճիշտ ընտրություն եմ կատարել. նրանք իմ ցանկացած ընտրությանը կողմ կլինեին: Հայրս միշտ ասում էր` ամուսնացիր, թոռներ ունենանք, մեծ ընտանիք դառնանք` չնայած քույրս էլ երեխաներ ունի: Ծնողներս միշտ պատրաստ են աջակցել, միայն թե գտնեի երկրորդ կեսիս: Լուսինեին շատ սիրում են ու հարգում: - Մի քանի ամսից էլ հարսանիքն էր. պատմիր, ե՞րբ տեղի ունեցավ, որտե՞ղ եւ ինչպե՞ս անցավ: - Հարսանիքը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի 24-ին Լոս Անջելեսում, Սուրբ Ծննդյան տոներին: Ամեն բան արել ենք հայկական ավանդույթների համաձայն: Մեր օրհնությունը ստացել ենք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, հարսանիքը ուղեկցվել է դհոլով, կլարնետով, զուռնայով, մայրս լավաշ է գցել մեր ուսերին, աման ենք կոտրել տուն մտնելիս… Armenchik and Lusine - Մինչ ա՞յդ էր հարսնացուդ քեզ հետ տեղափոխվել ԱՄՆ: - ՉԷ, Լուսինեն ու իր մայրը (հարսնացուի հայրն այլեւս չկա) հարսանիքից տասն օր առաջ էին եկել ԱՄՆ եւ բնակվում էին ընկերներիցս մեկի տանը, որտեղից էլ հենց տեղի ունեցավ հարսին դուրս բերելու այդ գեղեցիկ արարողությունը, իսկ մինչ այդ, միասին զբաղված էինք հարսանիքի կազմակերպչական հարցերով: - Ենթադրում ենք` հարսանիքը բազմամարդ է եղել. հայտնիներից ովքե՞ր էին հրավիրված: - Դե, հարսանիքը ընդգրկուն էր` մոտ 480 մարդ: Հայտնիներից շատերը կային, ով այդ օրերին ամերիկյան մրցանակաբաշխությանը ԱՄՆ-ում էր, բոլորին էլ հրավիրել եմ. Սոֆի Մխեյանին, Խորեն Լեւոնոյանին, Նազենի Հովհաննիսյանին, Հարութ Բալյանին, «32 ատամից» Վաչեին, ԱՄՆ-ի իմ ընկերներին, բարեկամների, հարազատների եւ շատ-շատ ուրիշների: - Հարսանիքին Լուսինեի համար ինքդ որեւէ բան կատարե՞լ ես: - Իհարկե, իմ հարսանիքին երգել եմ հենց Vision երգը, որը նվիրված է կնոջս: Հարսանիքի ողջ ընթացքում տարբեր տեղերից շնորհավորանքներ, ծաղիկներ էինք ստանում: - Հարսանիքից գրեթե անմիջապես հետո երեւանյան մենահամերգդ էր. հասցրի՞ք ամուսնական թեկուզ կարճատեւ ճամփորդության մեկնել: Բացի այդ, որոշել եք առանձի՞ն ապրել, թե՞ ծնողների հետ: - Հարսանիքի հաջորդ օրը մեկնեցինք Լաս Վեգաս, քանի որ շատ հայտնի Mandalay bay դահլիճում համերգ ունեի: Հետո վերադարձանք, ընտանիքիս հետ Նոր տարին դիմավորեցինք եւ երկուսով եկանք Հայաստան. այստեղ Լուսինեն նաեւ տատիկ, պապիկ ունի, մտածեցինք` կայցելենք նաեւ նրանց: Մեր ընդհանուր բակում երկու առանձին տուն ունենք, որից մեկում էլ մենք կապրենք: Արմենչիկն իր հարսնացուի և ծնողների հետ իր հարսանյաց հանդեսին - Իսկ Լուսինեն կաշխատի՞ իր մասնագիտությամբ, թե՞ նախընտրում ես, որ նա տնային գործերով զբաղվի: - Լուսինեն իր գաղափարներն ունի, եւ կարծում եմ, նաեւ դրանք կյանքի կկոչի: Ինձ համար կարեւոր է, որ նա լինի իմ կողքին: Եթե Աստված տա, հետո կզբաղվի երեխաների դաստիարակությամբ, կաջակցի ինձ, ամեն բան ժամանակը ցույց կտա: - Ընտանիք կազմեցիր, ի՞նչ է այն քեզ համար: Երեխա ունենալու մասին արդեն մտածո՞ւմ եք, թե՞ դեռ շուտ է: - Ընտանիքն ինձ համար սրբություն է: Պետք է փորձեմ լավ ընտանիք ունենալ, ընտանիքի լավ հայր ու ամուսին լինել, ինչպես հայրս ու մայրս են տանջվել, մեզ մեծացրել, հասցրել մեր նպատակին, այնպես էլ մենք պետք է կարողանանք մեր երեխաների համար լավն անել, որ հետո էլ դրա պտուղները քաղենք ու վայելենք: Ես կցանկանամ ունենալ շատ բալիկներ, տեսնենք, Աստված ինչպես կամենա: Ես սիրում եմ մեծ ընտանիք, որ հետո, պատկերացնո՞ւմ եք, թոռներիդ հետ նստես, զրուցես... ինչ հետաքրքիր կլինի: Աստված ինչպես կկամենա, թող այնպես էլ լինի: - Միշտ լարված գրաֆիկով ես աշխատում, հնարավո՞ր է` ամուսնությունը ստիպի դադար առնես որոշ ժամանակով: - Ոչ, ավելի շատ պիտի աշխատեմ, հիմա ընտանիք եւ դեռ շատ երազանքներ ունեմ, որոնք պետք է իրականացնեմ: - Երեւանյան մենահամերգին Լուսինեն դահլիճո՞ւմ էր, թե՞ տանն էր սպասում քեզ: - Հա, իհարկե, ինձ հետ էր, կուլիսներում օգնում էր ինձ հագուստների ընտրության, վերջին շտկումներն անելու հարցում: Արդեն կա երկրորդ աչք, ով ասում է` այ, էսպես լավ է կամ էսպես վատ է... Ուրախանում է իմ հաջողություններով եւ միշտ կօգնի ինձ: - Երկրպագուների մեծ բանակ ունես: Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է ամուսնությունից հետո նեղանա այդ շրջանակը, եւ հասցրե՞լ ես խելակորույս նամակներ կամ զանգեր ստանալ երկրպագուներիցդ: - «Նոկիա» թատրոնում կայացած համերգի ժամանակ, երբ ասացի, որ ամուսնանում եմ, բոլորը շատ ուրախ ծափահարություններով ընդունեցին լուրը: Ես էլ շատ ուրախացա, հասկացա, որ իսկապես սիրում են իմ երգերը: Նույնն էլ Երեւանում համերգի ժամանակ կատարվեց, բոլորն էլ շատ ուրախացան: Ուղղակի խորհուրդ կտամ. թող լսեն իմ երգերը, ծայրահեղ քայլերի չդիմեն, գտնեն իրենց երկրորդ կեսին, ամուսնանան ու իրենց սիրած մարդու հետ գան Արմենչիկի երգերը լսելու :) - Խոսենք շրջագայություններից. ի՞նչ նորություններ են սպասվում: Լուսինեն այդ ընթացքում կուղեկցի՞ քեզ: - Առաջիկայում համերգներով կլինեմ Ռուսաստանում, Սիրիայում` Դամասկոսում, Հալեպում, Կանադայում եւ կշարունակեմ համերգներս նաեւ այլ երկրներում: Իսկ Լուսինեն հավանաբար չի ուղեկցի ինձ, քանի որ գրաֆիկը շատ խիտ է: Շուտով պատրաստ կլինի նաեւ «Նոկիա» թատրոնի համերգի տեսասկավառակը: Ի դեպ, միակ հայն եմ, ով այս անգամ էլ առաջինն է «Նոկիայում» համերգ ունեցել: - Այս ընթացքում հասցրե՞լ եք ինչ-որ բանի պատճառով վիճել, լուրջ տարաձայնություններ ունենալ: - Լուրջ վեճեր չեն եղել, եւ եթե մարդ խելացի է, գիտի, որ լուրջ խնդիրներ լինել չեն կարող, եթե հասկանում են իրար: Կարեւորը` նա ինձ հասկանում է, սիրում է, ինքն էլ գիտի, որ ես էլ իրեն եմ սիրում: - Քանի որ հունվար-փետրվար ամիսները սիրո ամիսներն են, ի՞նչ կմաղթես սիրահար զույգերին: - Ով սիրոմ է` թող ավելի շատ սիրի, ով չի գտել` թող գտնի իր սիրուն եւ միասին լսեն Արմենչիկի երգերը: Երջանկություն այս զույգին. Էդգար Ամիրխանյան Տեքստը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին