×


Armenian Music Awards

Armenian Music Awards

Կազմակերպիչները աննախադեպ շոու են խոստանում Լոս-Անջելեսում դեկտեմբերի 13-ին անցկացվելիք Հայկական երաժշտական /Armenian Music Awards/ եւ Էմ Քլաբ Երաժշտական Վիդեո /M Club Music Video Award/ մրցանակաբաշխությունները խոստանում են աննախադեպ լինել: Հանրահայտ Nokia թատրոնի բեմում հավաքվելու են շուրջ  100 հանրահայտ հայ երգիչ-երգչուհիներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Եվրոպայից ու Մերձավոր Արեւելքից: Armenian Music Awards Մրցանակաբաշխության պատվավոր հյուրն է Շառլ Ազնավուրը, ում կհանձնվի մրցանակ երգի ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար, իսկ դուստրը` Սեդա Ազնավուրը հանդես կգա երաժշտական կատարմամբ: Մրցանակաբաշխությանը մասնակցելու են տարբեր ոճերի ներկայացուցիչներ` ժամանակակից, դասական, ֆոլկլոր, փոփ, ռոք, ռեփ: Միջոցառման մասնակիցների թվում են Սերժ Թանգյանը, ով հանդես կգա հոր հետ, Իրինա Ալեգրովան, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Ալլա Լեւոնյանը, Արմենչիկը, Սոֆի Մխեյանը, Էմմին, Սիլվա Հակոբյանը, Անդրեն, Սիրուշոն, “Դլեյաման”, “Էլեմենտ”, “Ռեինկարնացիա”, “Արմենոիդս”, “Վիզա” խմբերը, ինչպես նաեւ` Միհրանը, Ապե Ջանը, Արտո Թունջբոյաջյանը, Միշոն, եւ այլ հայտնի երաժիշտներ: Միջոցառումը վարելու են “Էմ Քլաբ” հաղորդաշարի վարող Տաթեւիկը, “Էքսկլյուզիվ” հաղորդաշարի հեղինակ եւ վարող Անուշը, ինչպես նաեւ Արեւիկը, Մեգին, Լիլիթը` Միացյալ Նահանգներից, Նազենի Հովհաննիսյանը, Մանե Գրիգորյանը, Խորեն Լեւոնյանը Հայաստանից եւ այլ հայտնի դեմքեր: Armenian Music Awards Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հագուստն ապահովել են ամերիկյան հանրահայտ դիզայներներ Դինա Բորելն ու Սիմին, ովքեր մատակարարում են նաեւ «Օսկար» մրցանակաբաշխության մասնակիցներին: Զարդերը ապահովել է մեծ ճանաչում ունեցող “Նազ-Ջուվելերի” խանութ սրահը: Մրցանակների հանձմանը մասնակցելու են նաեւ Ամերիկյան գլամուրի վառ ներկայացուցիչներից Քիմ Քարդաշյանն ու հեռուստատեսային ամենահայտնի դեմքերից մեկը` Մայք Քոննորսը: Միջոցառումը հեռարձակվելու է հայկական երեք խոշոր հեռուստաընկերություններով` Հանրային, «Հորիզոն», «էյԱրԹիԷն» եւ վերջինիս հայաստանյան գործընկեր «Շանթ» հեռուստաընկերությամբ: Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների պատմության մեջ առաջին անգամ 620 մասնագետներ են ներգրավված նախապատրաստական աշխատանքներում: Armenian Music Awards Աստղերից, շքեղ ձեւավորումից բացի պրոդյուսերները խոտանում են անսպասելի հատուկ էֆեկտներ, անակնկալ բեմականացումներ, ահռելի մեծ վիդեոէկրաններ, լազերային շոու եւ հայկական բարձրորակ երաժշտություն: “Էմ Քլաբ Վիդեո մրցանակաբաշխություն”-ը /M Club Video Awards/ անց է կացվում երրորդ անգամ: Նախաձեռնությունը «Մերիդիան» ստուդիայի հիմնադիր եւ M Club Video Awards-ի պրոդյուսեր Սեւակ Պետրոսյանինն է:  “Չորս տարի առաջ նկատեցի, որ բազմաթիվ բարձրորակ տեսահոլովակներ են նկարահանվում Հայաստանում եւ Սփյուռքում, որոնք կարիք ունեն ներկայացվելու, լավագույններն էլ արժանի են մրցանակի”,- նշում է Սեւակ Պետրոսյանը: Ստեղծվում է “Էմ Քլաբ” հաղորդաշարը, որ ամեն շաբաթ «Հորիզոն» հեռուստաընկերությամբ ներկայացնում է ամենաթարմ ու հաջողված տեսահոլովակները, ինչպես նաեւ հարցազրույցներ երգիչ-երգչուհիների հետ: “Այնուհետեւ որոշեցինք ամփոփել լավագույն տեսահոլովակները եւ մրցանակ շնորհել լավագույններին: Կազմակերպեցինք առաջին “Էմ Քլաբ Վիդեո մրցանակաբաշխությունը” «Ալեքս» թատրոնում եւ նկատեցինք, թե որքան սիրվեց եւ ընդունվեց հասարակության կողմից: Երկրորդ մրցանակաբաշխությունը կրկնեց առաջինի հաջողությունը: «Էմ Քլաբի» երրորդ մրցանակաբաշխությունն անց է կացվում Հայկական երաժշտական մրցանակաբաշխության հետ միասին եւ խոստանում է լինել աննախադեպն իր տեսակի մեջ”: “Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն”-ը ստեղծվել է 1998 թ-ին` աջակցելու հայ երաժիշտներին` ներկայացնելով նրանց նվաճումները: Այն գրավել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը եւ արբանյակային կապի միջոցով հեռարձակվել ամբողջ աշխարհում: Ի դեպ, Bravo.am-ը անմիջականորեն հեւտեւելու է միջոցառմանը: Այդ մասին հաշվետվությունը եւ ֆոտոշարքը ձեր ուշադրությանը կներկայացնենք առաջիկա օրերին: Հեղինակ` Նանե Ավագյան, Լոս-Անջելեսում Bravo.am-ի սեփական թղթակից Լուսանկարները` Armenian Music Awards-ի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին