×


Ատոմ Էգոյան

Ատոմ Էգոյան

Ֆիլմեր, կինոնկարներ եւ կինեմատոգրաֆիա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հարցազրույցը ռուսաստանյան “Չաստնի Կորեսպոնդենտ” օնլայն պարբերականին: Atom Egoyan - Լիլիանա Քավանին ժամանակին ասել է. կինեմատոգրաֆը «նախահիմնադրողի գործիքն է»: Դուք ինքներդ ինչպե ՞ս կսահմանեք ձեր մասնագիտությունը: - Բավականին արժանի սահմանում է: Ես կավելացնեի, որ կինեմատոգրաֆը նախահիմնադրողի գործիք է հանդիսանում այն դեպքում, երբ ռեժիսորը հետաքրքրասեր եւ իր գործի մեջ ընկղմված անձնավորություն է: Ժամանակակից կինեմատոգրաֆը շատ բան է ակնկալում հանդիսատեսից: Ռեժիսորը պետք է հիշի, որ կինեմատոգրաֆիստի աշխատանքը միայն ֆիլմի էկրանավորումը եւ ֆիզիկական գործողությունը չէ, այլեւ հանդիսատեսի երեւակայության հետ անմիջական կապի հաստատումը, որն էլ ենթադրում է հանդիսատեսի մասնակցություն: Ժամանակակից կինեմատոգրաֆիստը շատ հաճախ քահրանքով է վերաբերվում հանդիսատեսին` ի սկզբանե ենթադրելով, որ հանդիսատեսը ցածր ինտելեկտ ունի եւ անկարող է կենտրոնանալ: Իսկ ես, ընդհակառակը, ակնկալում եմ, որ իմ հանդիսատեսի ինտելեկտուալ մակարդակը կամ հավասար է, կամ էլ նույնիսկ ավելի բարձր է, քան իմը, եւ նա կցուցաբերի ուշադիր եւ լրջախոհ վերաբերմունք` քննադատաբար ընկղմվելով աշխատանքիս մեջ: - Այսպիսով ֆիլմը ինտիմ հարաբերությու՞ն է ռեժիսորի եւ հանդիսատեսի միջեւ, թե մենախոսություն է, որտեղ հանդիսատեսն ոչ թե մասնակից, այլ դիտորդ է: - Անկասկած, երկխոսություն է: Կինեմատոգրաֆը անձի «էգոյի» էկրանավորումների փոխանակում է ռեժիսորի եւ հանդիսատեսի միջեւ, որը երկկողմանի զգալի ջանք եւ էմոցիոնալ ինտելեկտուալ ներդրում է պահանջում: Իհարկե, ժամանակակից իրականությունում ավելի բարդ է դառնում պահպանել այդ երկխոսությունը: Բազմաթիվ երեւույթներ շեղում են հանդիսատեսի ուշադրությունը ռեժիսորից, շատ ու շատ պահեր թույլ չեն տալիս հանդիսատեսին ընկղմվել ռեժիսորի իրականության մեջ: Բայց ի սկզբանե կինեմատոգրաֆը միշտ երկխոսություն է, փոխազդեցություն, շերտավորված էկրանավորում: - Ու՞ր մնաց ռեժիսորի նարգիզությունը եւ ինքնահիացումը, իր հարուստ ներաշխարհը, որոնց մասին այդքան շատ են սիրում բարձրաձայնել մյուսները: - Այո, այդպիսի ռեժիսորներ էլ կան: Ժամանակակից աստղային մշակույթը, ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկը դերասանների, դերասանուհիների եւ նույնիսկ ռեժիսորների վերաբերյալ եւս խթանում են նարգիզության զարգացումը: Բայց իրականում դերասանական խաղը մի տարածություն է, որը կարող է ներս թողնել եւ ընդունել ցանկացած մարդու: Իրական դերասանները էմոցիոնալ եւ ինտելեկտուալ առումով շատ առատաձեռն մարդիկ են: Ռեժիսորները` նույնպես: Atom Egoyan Իհարկե, ռեժիսուրան պահանջում է ինքնամփոփություն եւ կենտրոնացում: Մենք` ռեժիսորներս խրախուսում ենք մեր ցանկությունները`ֆիլմեր ստեղծելով: Բայց այդ ինքնամփոփությունը, ինքնադիտողականությունը նարգիզություն չէ, սակայն սպառնում է մակերեսությամբ, մանրախնդրությամբ, ինքնահավանությամբ: Մյուս կողմից, ռեժիսորի մասնագիտությունն ինքնահիասթափության հետ է կապված: Դու պետք է պատրաստ լինես նկարահանել եւ հավատալ նրան, որ հենց դու պետք է նկարահանես հենց այդ ֆիլմը եւ որ դերասանների ճիշտ ընտրություն ես կատարել: Բայց հոգու խորքում մի միտք է ճնշում` իսկ միգուցե սխալվե՞լ ես: Միգուցե դա քո ֆիլմն ու դերասանները չեն, ու ընդհանրապես, ամեն ինչ այն չէ: - Ձեզ համար ռեժիսորն ավելի շատ պատմի՞չ է, թե՞ նկարիչ: - Լավ հարց է: Սկսեմ նրանից, որ կարծում եմ` գոյություն ունի ռեժիսուրայի երեք կատեգորիա`ֆիլմեր, կինոնկարներ եւ կինեմատոգրաֆիստական աշխատանքներ: Ֆիլմերն ամենատարածված եւ զանգվածային կատեգորիան է, կոպիտ ասած` «պոպսա»: Դա 90 տոկոսով շրջապատում է մեզ: Այս կատեգորիայի ռեժիսորները հանձինս իրենց հանդիսատեսի տեսնում են կարճամիտ եւ հասարակ հանդիսատեսի, մի ընդհանուր բազմություն: Կինոնկարներն երկրորդ կատեգորիան է, ուղղված հանդիսատեսի նեղ շրջանակին, դրանք համեմատաբար կենսունակ են ժամանակակից շուկայում: Կինեմատոգրաֆը երրորդ կատեգորիան է: Դա իրական արվեստ է եւ բարձր պահանջներ է ներկայացնում հանդիսատեսին` պահանջելով թեմայի մեջ խորը ընկղմում եւ ռեժիսորի կողմից ինքնամոռացություն: Ամեն ինչ կախված է ռեժիսորից: Օրինակ, Փարաջանովը չի նկարահանում, նա բառիս բուն իմաստով նկարում է կինոնկարը: Մյուսները հետեւում են գրական կերպարների, հոգեբանության տարբեր տեսակների: - Իսկ դու՞ք: - Բարդ է ասել: Ես տարբեր ֆիլմեր եմ նկարահանել, տարբեր աշխատանքային միջոցներով: “Օրացույց”, “Ընտանեկան դիտում” կամ “Արարատ” ֆիլմերն ես դասում եմ իսկական կինեմատոգրաֆի շարքին: Այդ ֆիլմերում ես փորձում եմ խոսել ավելի բարդ երեւույթների մասին, դրանք տարբերվում են վիզուալ շարքով եւ կինեմատոգրաֆիայի ընտրությամբ: Ինձ համար կարեւոր է վիզուալ շարքի ալքիմիան, մետաֆիզիկական համալրումը, փիլիսոփայական հարցերը: Ցավոք սրտի, ես հասկանում եմ, որ դրանք հոգեհարազատ եւ հասանելի չեն լինի շատերի համար: Իսկ “Քլոե” կամ “Որտեղ է թաքնված ճշմարտությունը” ֆիլմերը կինեմատոգրաֆի մյուս կողմն են, ավելի զանգվածային եւ հասանելի: Ցավոք սրտի, կինեմատոգրաֆում կայացրած ընտրությունը հաճախ թելադրված է ֆինանսական հարցերով: Եվ պետք է հաշվի առնել հանդիսատեսի ցանկությունը եւ սպասելիքները: - “Քլոե”-ն աութսայդերի մասին պատմություն է, ով խախտում է սահմանված կանոնները: Դուք համարու՞մ եք ձեզ կինեմատոգրաֆի աութսայդեր , պրովոկատոր, ով անցնում է սահմանված կանոնները: - Միգուցե, բայց դա մակերեսային պրովոկատիվություն չէ: Ավելի շուտ դա էկրանավորում է այն երեւույթը, թե որքան փխրուն է դառնում ցանկացած պատմություն, առանձին վերցրած մշակույթի շրջանակներում, որքանով է այն կախված կամ փոփոխվում տարբեր տեսակետներից, որքանով է մեր մշակույթը կառուցված նախապաշարմունքների եւ կարծրատիպերի վրա, որքանով  է մեր ընկալումը անկատար: Chloe - Կարծում եք, մենք ընտրության հնարավորություն ունե՞նք, թե՞ գործում ենք նախանշված սխեմայով: - Բարդ հարց է: Այո, մենք ունենք ընտրության հնարավորություն, բայց այն թելադրված է մեր փորձով եւ նրանով, ինչ մենք թույլ ենք տալիս մեզ տեսնել: Ինչը կրկին անգամ վերադարձնում է մեզ մեր ընկալման անկատար լինելուն: Որքանո՞վ ենք մենք կարողանում կառավարել մեզ շրջապատող իրականությունը: Կան բաներ, որ կյանքում ինքներս ենք ընտրում, իսկ կան նաեւ այնպիսիք, որ թելադրված են մշակութային կոդով, պայմանավորված են մեր ինքնությամբ: Մենք չգիտենք, ինչպես կարտահայտվեն մեր այժմյան գործողությունները հեռավոր ապագայում: Աղբյուրը` “Չաստնի Կորեսպոնդենտ”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW