Կայացավ երեւանյան առաջին ավտոսալոնը
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց համաշխարհային չափանիշներին մոտեցված ավտոցուցահանդեսը` “Ավտո Սիթի” ավտոսալոնը: Միջոցառման կազմակերպիչն է “FourthP” ՍՊԸ-ն: Բացման արարողությունը կայացավ հոկտեմբերի 10-ին “Տուն Դեպո” կենտրոնում: Ավտոսալոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 13-ը:
Ցուցահանդեսին մասնակցեցին գերմանական հանրահայտ VW, կորեական Kia Motors, չեխական Skoda, ճապոնական Mitsubishi Motors եւ այլ ընկերություններ, ինչպես նաեւ ավտոմեքենաների համար տարբեր պահեստամասեր եւ աքսեսուարներ մատակարարող ֆիրմաներ, ապահովագրական կազմակերպություններ:
“Առաջին անգամ Երեւանում անց է կացվում ավտոցուցահանդես, որտեղ կարելի է եւ ներկայացնել, եւ ծանոթանալ լավագույնների հետ: Այսօր Հայաստանում առկա համաշխարհային ավտոընկերությունների ներկայացուցիչների մի մասը ներկայացնում է իր ապրանքատեսակները եւ նոր մոդելները”, – ասաց երեկոն վարող Գեւորգ Եղիազարյանը:
“Նման միջոցառման անցկացումը Երեւանում շատ ողջունելի է: Ավտոսիրողները ծանոթանում են հանրապետության տարածքում շրջանառության մեջ մտած ավտոմեքենաների հետ: Վարորդներին մաղթում եմ անվտանգ երթեւեկություն”, – ասաց եւ ավտոցուցահանդեսի բացման ժապավենը կտրեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատար, մայոր Արսեն Արշակյանը:
Megamotors ընկերությունը ներկայացրեց նոր մոդել հայաստանյան ավտոշուկայում` Mitsubishi Lancer 2/GT: “Եվրովագեն” ընկերությունն էլ Հայստան է ներմուծել Wolksvagen Golf 6 մակնիշի ավտոմեքենան:
“Հունվարին ամբողջովին նոր Cerrato է ներմուծվելու Հայաստան: Կունենանք բոլոր մոդելների նորացված տարբերակները: Այսօր ներկայացնում ենք մեծ մասսայականություն վայելող մոդելներ` Picanto, Rio, Cerato”,- ասաց Kia Motors Armenia ընկերության ներկայացուցիչ Արարատ Մադոյանը:
“Այն համաշխարհային ավտոընկերությունների ներկայացուցիչները, որոնք կասկածեցին ավտոսալոնի հաջողությանը, հաջորդ տարի անպայման կմասնակցեն: Մեր ավտոսալոնը կմոտենա համաշխարհային չափանիշներին”,- ասաց ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:
Super Segway` հարմարավետ եւ արագընթաց
Նոր սերնդի դասին պատկանող էլեկտրական սնուցմամբ Segway-ը 2 անիվ ունի, կառավարվում է մարմնի հավասարակշռությամբ: “Super Segway անձնական փոխադրամիջոցը զգալիորեն կհեշտացնի Ձեր կյանքը` հաղորդելով շարժունակություն, տեմպ եւ հարմարավետություն”,- խոստանում են ընկերության ներկայացուցիչները:
Ցուցահանդեսում ներկայացվեցին նաեւ ռետրո ավտոմեքենաների մոդելներ: Հյուրերը ականատես եղան պարային եւ ակրոբատիկ կատարումների: Լեւոնն ու Լյուբան էլ արդեն եգիպտական ոճով տյունինգապատ ՎԱԶ 2101 մակինիշի ավտոմեքենան բոլորի ներկայությամբ նոր աերոգրաֆիայով պատեցին:
“Մենք միատոն ավտոմեքենաները կատարելագործում ենք”,- հպարտանում է New Art Airograph ընկերության նկարիչ-դիզայներ Լեւոն Սահակյանը:
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան