×


ԲԱՄԲԻՌ

ԲԱՄԲԻՌ

“Եթե մտնում ես երաժշտության մեջ, սահմանները կորցնում ես” Բամբիռ` ջութականման հայկական ժողովրդական գործիք Առաջին տեղեկությունները գրանցվել են IX դարում Բամբիռի հայրենիքն է Հայաստանի հյուսիսային մասը` Տրապիզոնը, Ջավախքը Պեղումների ժամանակ Դվինում գտնվել էր սալիկ, որի վրա բամբիռ նվագող երաժիշտ էր փորագրված Բամբիռի դիապազոնը փոքր օկտավայի լյա նոտայից մինչեւ երկրորդ օկտավայի լյան է «Բամբիռ»` հայկական «rock`n roll» ռոք քառյակ` ֆոլք էլեմենտներով Խումբը սկսել է իր գործունեությունը 1992 թ-ին «Բամբիռի» հայրենիքն է Գյումրին Խմբի անվան պատմությունը սկսվում է 1978 թ-ից: Բառը իր բամբով, վերջին «ռ»-տառով, արտասանությամբ ու ֆոլքլորով առավել համահունչ է խմբի ներկայացրած երաժշտությանը Նարեկը տենոր է, իսկ ընկերների հավաստմամբ, Նարեկի ձայնը` «звук, напоминающий голос человека» :) Բամբիռը ունի 4 լար «Բամբիռը» հանդես է գալիս հետեւյալ կազմով` Նարեկ Բարսեղյան – վոկալ Արման Քոչարյան – բաս-կիթառ Արիկ Գրիգորյան – ֆլեյտա Վարդան Փարեմուզյան – հարվածային գործիքներ Bambir - Ռոքերները բողոքական բնավորություն ունեն ու մշտապես փնտրտուքների մեջ են: Ո՞րն է ձեր բողոքը, եւ ի՞նչ եք փնտրում: Նարեկ. - Արվեստն ինքն իրենով արդեն բողոք է: Կոնկրետ բողոքելու բան չկա, կարող ենք խոսել ու բացահայտել ինչ-որ կոնկրետ խնդիրներ: Ամեն ինչ կախված է երգից: Ապրում ես հասարակության մեջ եւ ինքդ քո հետ ու լիքը խնդիրներ ունես: Իսկ փնտրում ենք… փնտրում ենք հենց էդ պրոցեսը: Պատասխաններ միշտ էլ գտնում ես ու ինչ-որ բաներ հայտնաբերում ես, իսկ փնտրում ենք հենց էդ հայտնաբերելու պրոցեսը: Հենց էդ դինամիկան ա ստեղծում արվեստ: Արիկ. - Ընդհանուր առմամբ խնդիրներն ու երգերը կոնկրետ Հայաստանի կամ փոքր տարածքի վերաբերյալ չեն, այլ համամարդկային են: Նարեկ. - Մարդու ու հասարակության հարաբերություններ, թե ինչպես ա մարդը մեծանում, մտնում հասարակություն ու դառնում ինչ-որ գաղափարի «կոպիա»: Գալիս ու ասում են. դուք ռոք եք նվագում, ու հենց դրանով արդեն մեզ ինչ-որ կերպ որակավորում են: Մենք էլ մեզ զգում ենք ռոքի մեջ: Իսկ վերջում էլ զգում ես, որ ինքդ քեզ կորցնում ես` քեզ որակավորելով ինչ-որ քառակուսիների մեջ: Փնտրելն ու պատասխան տալը արտիստի փիլիսոփայական կողմն ա: Գտնել պատասխաններ ու արժեքավորել դրանք: Փնտրելը հենց էդ էսթետիկան ա ու գեղեցկությունը: Narek Barseghyan - Երբ 1992 թ-ին  կազմվեց ձեր խումբը, 1978 թ.-ից ի վեր արդեն գործում էր «Բամբիռի» հիմնադիր «Բամբիռ 1» ռոք-խումբը, որտեղ, ի դեպ, նվագում է Նարեկ Բարսեղյանի հայրը` Գագիկ «Ջագ» Բարսեղյանը: Չկա՞ր մտավախություն, որ կլինեն համեմատություններ: Ի՞նչ արեցիք, որ առանց նմանվելու շարունակեք մեծ «Բամբիռների» ավանդույթները: Արման. - Սկսեցինք նաեւ իրենց հետ նվագել: :) Նույն խումբն ա, նույն տեղից ենք գալիս: Համեմատության ոչ մի վախ չէր կարող լինել: Նույնիսկ եթե մեզանից առաջ չլիներ մեծ «Բամբիռը», էլի սխալ կլիներ մի բան սկսել` վախենալով համեմատությունից: Նարեկ. – «Բամբիռը» դպրոց ա, որը սկսվել ա 30 տարի առաջ, մենք էլ էդ դպրոցի երեխեքն ենք, որոնք սկսել են նվագել 90-ականներից, ու լինելով էդ դպրոցի մասնիկը` առանձին խումբ ենք ստեղծել ու երբեք չենք էլ մտածել համեմատվելու մասին: Եթե կա թեմա, դու կիթառով էդ թեմայի մասին խոսում ես, էդ ժամանակ չես մտածում` նմանվում ես, թե չէ: Արման. - Կարող ա լինի նաեւ «Բամբիռի» երրորդ սերունդը, ու մեր ծոռները ուզեն շարունակել: Arman Khocharyan Արիկ. - Բացի ծոռներից, կարող ա ստեղծվի մի խումբ, որ ընդհանրապես ոչ մի բարեկամական կապ չունենա «Բամբիռի» հետ, բայց էլի համարվի այդ դպրոցի սան: Արման. - Մենք չենք էլ մտածել` ինչ դառնանք: Արիկ. - Էդ ինքնըստինքյան ա ստացվել մեզ մոտ: Բոլորս ճիշտ ժամանակին հայտնվել ենք ճիշտ տեղում, ու եղավ էն, ինչ պիտի լիներ: Նարեկը ավարտել է Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի թատերական ռեժիսուրա, Արմանը` գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրա բաժինը: Վարդանը եւ Արիկը ավարտել են Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտական բաժինը, վերջինս երաժիշտ-մանկավարժ է: Arik Grigoryan - Ինչո՞վ են օգնում ու խանգարում ձեր մասնագիտությունները խմբի գործունեության ընթացքում: Նարեկ. - Մենք թատրոնում ենք մեծացել, թատրոնի կուլիսներում, ինչ ծնվել եմ, ինձ էնտեղ եմ հիշում: Երբ ինստիտուտ ընդունվելու ժամանակը եկավ, մտածում էի` Կոնսերվատորիա ընդունվել, բայց ավելի հետաքրքիր եղավ, որ ռեժիսորի մասնագիտությունն ընտրեցի, որովհետեւ մի քիչ ուրիշ կողմից ես սկսում նայել: Երաժշտության մեջ ռեժիսուրան օգնում ա, երբեմն խանգարում ա, որովհետեւ վիզուալը` պատկերը, ավելի ա շատանում երաժշտությունը կառուցելու մեջ: Արիկ. - Նարեկը շատ ա խոսում փորձերի ժամանակ :) - Մեծ «Բամբիռի» երգերի հեղինակը Ջագն է: Ո՞վ է գրում ձեր երգերը, եւ ի՞նչն է ոգեշնչում ձեզ: Նարեկ. - Մեր երգերը մենք ենք գրում` Արիկն ու ես: Ով երաժշտությունն ա գրում, նա էլ պիտի գրի բառերը: :) Ամեն երգ մի ձեւի ա գրվում: Երգը կարող ա ծնվի մի թեմայից, մի զգացողությունից, վիզուալ մի բան տեսնելուց: Կարա գրվի մի ֆիլմ նայելուց, գիրք կարդալուց: Մեր երաժշտության վրա կարող ա ազդեցություն ունենալ վերջին նայած նկարը, էն ամենը, ինչով ապրում ու շնչում ես, որտեղ որ լինում ես, ում հետ շփվում ես: Ամեն ինչ իրար հետ փոխկապակցված ա: Narek Արիկ. - Կարող ա լինի մի թեմա, որ տանջում ա քեզ, որի մասին միշտ մտածում ես, ու հետո մի օր ամփոփում ես իրան ու դարձնում ես երգ: Մի քանի երգ իմ կինն ա գրել, ինքը մասնագիտությամբ ֆոտոլրագրող ա, բայց իրա մոտ ստացվում ա գրել, ես հավանում եմ իրա գրածները: Արման. - Մենք էլ, մենք էլ ենք հավանում :): Արիկ. - Հետո խմբի երաժշտության մեջ շատ մեծ դեր ունի ձայնը: Եթե ես ունեմ երգ, մտնում եմ ստուդիա, ու «sound ինժեներ»-ը ձայնագրում ա էդ երգը, բայց ինքը չունի բավարար գիտելիք, որ կարողանա ձայնագրի նենց, ոնց պետք ա, երգը փչանում ա: Պետք ա համ ճաշակ, համ գիտելիք: Նարեկ. - Ասենք էդ նույնն ա, որ սիմֆոնիկում երաժշտական մասը գրված ա ջութակի համար, բայց ջութակի փոխարեն նվագի շեփորը: Արման. - Բայց ավելի վատ կլինի, եթե նվագի տրոմբոնը:) : Արիկ. - Կարող ա նույն Մայլս Դեւիսը նվագեր երեւանյան ակումբներից մեկում, ձայնը վատ լիներ, ու ձայնի պատճառով մարդիկ ասեին` « էս ինչ ա»: Բայց նույն համերգը լիներ Փարիզում, ու մարդիկ հիացած մնային: Arik - Կա՞ ինչ որ մեկը, ում ցույց եք տալիս գրված երգերը, եւ նա հավանություն  է տալիս: Նարեկ. - Հատուկ միություն կա :): Արիկ. - Ես ցույց եմ տալիս երգը Նարեկին կամ Արմանին, Նարեկն էլ ինձ, կամ Արմանին: Սկզբից անհատական աշխատանք ա, սուբյեկտիվ, քո մեջ, քո սենյակում նստած, հետո նստում ենք միասին, ու արդեն վերածվում ա խմբային աշխատանքի: Էն, ինչ դուք տեսնում եք բեմի վրա, արդեն խմբային աշխատանքի արդյունքն ա: - Իսկ պատահե՞լ է, որ գրեք մի երգ, ու այն հավանության չարժանանա մեծ «Բամբիռ»-ների կողմից: Նարեկ. – Ընդհանրապես, մեկս մյուսի ստեղծագործական կյանքին չենք խառնվում, եթե իրար հետ չենք նվագում: Եթե իրար հետ ենք նվագում, ու ես պիտի ինչ-որ թեմա նվագեմ, ես կարող եմ իմն առաջարկել: Բայց նման բան երբեք չի եղել, մանկապարտեզ չի :): Narek Արման. - Շատ-շատ, երբ արդեն շատ երկար ենք փորձ անում, Ջագը կարող ա ասի` «պաուզա տվեք, շունչ քաշենք», կամ «էս իիիի՞նչ դեպրեսիվ երգ եք գրել» :): (Այդ պահին տղաները կարծես տեղափոխվեցին փորձի վայր, ու մենք էլ նրանց հետ հայտնվեցինք այնտեղ, ու նույնիսկ  շնիկը` Լիլյան, ով բացառապես ֆրանսերեն էր հասկանում, նույնպես ոգեւորվեց :): - Ձեր երգացանկում ներառում եւ կատարում եք նաեւ ձեր սիրելի խմբերի` “The Beatles”, “Jethro Tull”-ի երգերը: Ժամանակի ընթացքում ի՞նչ խմբեր ու կատարողներ են ավելացել: Արման. - Հիմա արդեն էդքան չենք ներառում: Պատահում ա, ասենք, Ջոն Լենոնի ծնունդն ու մահվան օրերն ենք նշում, “Beatles”-ից cover-ներ ենք անում: Սկզբում, որ նոր էինք սկսել, Jimmi Hendrix, Led Zeppelin էինք նվագում: Arik & Arman Արիկ. - Բայց հիմա արդեն էդքան ժամանակ չկա: Էս 1-2 տարվա մեջ կան խմբեր, որ առաջ չկային, հիմա կան, ու մենք հավանում ենք: Նարեկ. – Հետո, գիտես, եթե երաժիշտ ես, արդեն ուրիշ ձեւի ես լսում: Այսինքն, մեզ մոտ արդեն էդ սիստեմը չի` խումբ, ֆաներ: Եթե մտնում ես երաժշտության մեջ, սահմանները կորցնում ես: Դու նայում ես կոնկրետ ստեղծագործությունով, այսինքն` ինքդ քո մեջ ուրիշ ձեւ ես գնահատում: Ներկա դրությամբ շատ մեծ գործ ա արվում, օրինակ, «World Music» կոչվածում շատ ավելի հետաքրքիր ու կրեատիվ բաներ են տեղի ունենում: Արիկ. - Երաժիշտը ու երաժշտասերը տարբեր հասկացություններ են: Երգ գրողն ու երգ լսողը տարբեր մարդիկ են: Շատ մարդիկ մտածում են` ես լավ երգեր եմ լսում, լավ ճաշակ ունեմ: Բայց դա չի նշանակում, որ ինքը կարա երգեր գրի: Իրան ուղղակի լավ ճաշակ ա տրված, ու վերջ: (Վերջապես զրույցին միացավ հարվածային գործիքներ նվագող Վարդանը :): Vardan Paremuzyan Վարդան. - Էդ մելոմաններն են, իրանք մենակ լսում են: Արիկ. - Բայց իրանք շատ կարեւոր մասնիկ են, այսպես կոչված, «կրիտիկ»-ներն են: Նարեկ. - Մեր տարածաշրջանի մինուսներից մեկն էն ա, որ չկան լավ քննադատներ: Որովհետեւ, եթե տեսնում ես մի լավ բան ու ճիշտ ես դա մեկնաբանում, ինքը ավելի ա սկսում զարգանալ, դրանից հետեւություններ ես անում: (Զրույցին միացավ նաեւ խմբի մենեջեր Գոհարը): Գոհար. - Նարեկ ջան, լավ ու վատ քննադատների խնդիրը չէ, ընդհանրապես, տեսաբաններ չկան: Ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ տեսաբանների, որոնք ակտիվ են, պարբերաբար հոդվածներ են գրում: Նրանք պիտի լինեն, որ հասկանաս` ով է լավը, ով` վատը: Նրանք իրականում շատ մեծ եղանակ են ստեղծում ցանկացած բնագավառում: Արման. - Լավ քննադատը երկու տող գրում ա, միլիոնով ավելի շատ ալբոմ ա վաճառվում: Նարեկ. - Իսկ մենք հիմա աֆրիկյան երաժշտություն ենք լսում: Շատ լավ երգեր են :): Արիկ. - Լավ, հետաքրքիր նոր խմբեր կան, օրինակ` “Tool”-ը: Վարդան. - Ի՞նչ նոր, “Tool”-ն արդեն 20 տարվա խումբ ա: (Ու սկսեց “Tool” խմբի մասին 7 րոպեանոց թեժ քննարկումը :)) Bambir - Ի՞նչ է տեղի ունենում բեմ դուրս գալուց առաջ: Նարեկ. - Ես, օրինակ, համերգից առաջ պիտի անջատվեմ, հանգստանամ: Ինչքան հնարավոր է` շարժումներս մինիմալի հասցնեմ: Մի 20 րոպե չշարժվեմ, քթով շնչեմ: Արիկ. - Ես դասավանդում եմ երաժշտական դպրոցում, ու կան էրեխեք, որ բեմ դուրս գալուց առաջ անհանգստանում են: Էդ նշանակում ա, որ իրանք դեռ պատրաստ չեն համերգին, հոգեպես կենտրոնացած չեն համերգը նվագելու համար, դեռ ժամանակ ա պետք, որ հասնեն մի վիճակի համ տեխնիկապես, համ հոգեպես, որ չմտածեն` «կսխալվեմ, թե չէ»: Այսինքն, երբ հասնում ես որոշակի պրոֆեսիոնալ վիճակի, բեմ դուրս գալուց առաջ արդեն լրիվ ուրիշ բաների մասին ես մտածում: Նարեկ. - Անհանգստությունը միշտ էլ կա, ու դա ամենալավ բանն ա: Օրինակ, համերգների մեջ ամենաշատը հենց էդ վերջին 5 րոպեն եմ սիրում, մինչեւ համերգի սկիզբը, որովհետեւ էդ ժամանակ ադրենալինդ խփում ա, արյունդ մաքրվում ա: Իսկ բեմում արդեն մի տեսակ շոկային վիճակ ա: - Իսկ պատահե՞լ է, որ այդ շոկային վիճակից բեմում կիթառ ջարդեք: Նարեկ. - Կիթառ ջարդվել ա, բայց ես չեմ ջարդել: Կիթառ ջարդելու մշակույթը էպոխայի դերն էր, արդեն «lօud music» էին նվագում, գոռում էին կիթառի հետ, դա էլ էր քիչ, ու կիթառը ջարդում էին: Արիկ. - Օրինակ, “Yardbirds” խմբից Ջեֆ Բեքը արդեն վերջին շրջագայությունների ընթացքում որոշ կոնֆլիկտներ ուներ Ջիմի Փեյջի հետ, լիդերային հարցեր կային, երկուսն էլ դեմք են: Շրջագայության կեսից Ջեֆը ջարդում ա կիթառը, ու վերջ` գնում ա խմբից: Շոուի համար չի անում: Նարեկ. - Սկզբում էդ «rock`n roll»-ի հոգին էր, բայց մահացավ Ջիմ Մորիսոնով, Ջիմմի Հենդրիքսով փակվեց էպոխան, ու դարձավ «sex, drugs & rock`n roll», վերածվեց շոուի: Դու հանրահայտ ես, քեզ սիրում են աղջիկները, ու դու վաճառում ես միլիոն հատ ձայնասկավառակ: Արիկ. - Ինձ թվում ա` երաժիշտը չպետք ա ջարդի իրա գործիքը: Պատկերացնու՞մ եք` երաժիշտը վերցնի ու շոուի համար ջարդի իրա շերամը :): Ինձ թվում ա, եթե ես մի օր ուզենամ իմ ֆլեյտան ջարդեմ, էդ կնշանակի, որ ֆլեյտա հասկացությունն իմ կյանքից կվերանա: Նարեկ. - Երբ Ջիմմի Հենդրիքսը վառում ա իրա կիթառը, դու տեսնում ես, որ էդ շոու չի, դրանում Հենդրիքսի ամբողջ կարեւորությունն ա: Ինքը համարվում ա էպոխայի “sound”, ու կիթառը վառելով` ինքը վիզուալացնում ա էդ “sound”-ը, որն իր հերթին արդեն նաեւ հին հեթանոսական ավանդույթ ա: - Խոսեցինք Ջեֆ Բեքի ու Ջիմի Փեյջի կոնֆլիկտների մասին: Ձեզ մոտ ի՞նչ կոնֆլիկտներ են լինում: Նարեկ. - Ցանկացած ստեղծագործություն ունի երկու կողմ, որ իրար կպնում ա, կոնֆլիկտ ա առաջացնում, զարգանում ա, գալիս ա ֆինալը ու երգը վերջանում ա: Նույնն էլ աշխատանքային հարաբերություններում ա: Ամեն կոնֆլիկտ ագրեսիա չի: Կոնֆլիկտը հենց երաժշտական գործիքների համակցության մեջ ա: Երաժշտությունից զգում ես կոնֆլիկտը: Մենք միասին ապրում ենք որպես 4 երաժիշտ, մտածող մարդ: Երգ գրելուց ինչ-որ մեկը միտք ա ասում, ու ամեն մեկս ունենում ենք մեր տարբերակը, բայց ընդունում ու հասկանում ենք իրար: Վարդան. - Մենք պարապ չենք, կոնֆլիկտների ժամանակ չունենք, լիքը գործ ունենք անելու :): Արիկ. - Անկախ քեզնից կոնֆլիկտներ չես որոնում, եթե ուզենաս, իհարկե, կստեղծես: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու, ապուշություն կլինի մեր կողմից ճանապարհի կեսից ետ կանգնել: Բոլորս էլ ընկերներ ենք, բայց անհատներ ենք, լինում ա, որ տեսնում ես` դիմացինդ քո նման չի մտածում, բայց քանի որ չես ուզում կոնֆլիկտ լինի, էլ չես էլ խոսում դրա մասին: Bambir - Վարդանը խմբին է միացել 2007-ին` Աշոտի փոխարեն: Ո՞րն էր Աշոտի` խմբից դուրս գալու պատճառը: Նարեկ. - Մեր երաժշտական ու մարդկային մոտեցումները տարբեր էին: Երկու դեպքում էլ համամիտ չէինք իրար հետ: Մենք իրան շատ սիրում ու հարգում ենք, բայց իրար հետ չէր «գնում»: Բայց նորմալ ենք բաժանվել: Խմբի համար կար փորձարկումների, փնտրտուքների փուլ, իսկ հիմա արդեն մտել ենք խաղի մեջ: - Բոլորը բողոքում են Հայաստանում ռոքի վիճակից, բայց մանավանդ վերջերս այն իրադարձություններով լի էր: Ականատես եղանք արտասահմանյան կատարողների ելույթներին, նաեւ շարժ նկատվեց տեղական խմբերի մոտ: Ո՞ր տեղական խումբը կառանձնացնեք: Նարեկ. – Նախեւառաջ, ասեմ, որ ես չեմ ընդունում, երբ ռոքը կոնկրետացնում են որեւէ տարածաշրջանի հետ: Ես նույնիսկ չեմ հասկանում, երբ ասում են «ամերիկյան» կամ «բրիտանական» ռոք: Որովհետեւ, օրինակ, ինչից որ սկսել ա երգել «The Who» խումբը, նկատի չի ունեցել Բրիտանիան կամ Ամերիկան: Միտքը բոլորիս միացնելն ա: «Rock`n roll»-n առաջին երեւույթն էր, որ Ամերիկայում միացրեց սեւերին ու սպիտակներին, նրանք սկսեցին իրար հետ համերգ գնալ: “The Beatles”-ի էմբլեմների վրա տեսնում ենք «սեր» բառը: Այսինքն, աշխարհը մեկը դարձավ: Առավելագույնս կարելի ա ասել ռեգիոնալ ռոք: Ես շատ սուբյեկտիվ եմ, ես ստեղծագործող մարդ եմ, չեմ կարող կոնկրետ անուններ նշել: - Վերջերս հանդիպեցի Նարեկին Ջոն Մաքլաֆլինի համերգին: Էլ ու՞մ համերգների եք ներկա գտնվել: Արման. - Ամերիկայում Կարլ Փալմերի համերգին գնացինք, բայց, ճիշտն ասած, կեսից դուրս եկանք: Նարեկ. - Համերգներ լսել չեմ սիրում: Մտնում եմ դահլիճ ու հինգ րոպեն արդեն հերիք ա, որ հասկանամ` ինչ ա տեղի ունենում: Երեք անգամ “Jethro Tull”-ի համերգին եմ գնացել, երեք անգամ էլ կեսից դուրս եմ եկել: Որովհետեւ արդեն էնքան գիտես: Ես որպես երաժիշտ եմ համերգ գնում, ոչ թե որպես երկրպագու: Արիկ. - Ես ավելի շատ գերադասում եմ անծանոթ խմբերի համերգներին գնալ: Օրինակ, շատ եմ ուզում ներկա գտնվել Աֆրիկայում մի քանի փառատոնների: - Խումբը ունի 2 ալբոմ` 2005-ին թողարկված “BBR”-ը, որը Լոս Անջելեսում “Armenian Music Awards»-ի շրջանակներում լավագույնն է ճանաչվել, եւ երկրորդը` 2006-ի “Black Album”-ը: Ե՞րբ կլսենք նոր ձայնասկավառակը: Նարեկ. - Պատրաստվում ենք նոր ձայնասկավառակ թողարկել այս տարի: Ձայնագրվում ենք արտասահմանում, ստեղ չկա ձայնագրման էսթետիկա: Բոլորը միանման են ձայնագրում: Նույնիսկ եթե ձայնը քեզնով անես, միեւնույն ա, վերջնական “mixing”-ը էլի միանման ա ստացվում: Ամենավատ բանը սիրողական մակարդակն ա, երբ ասում են` “ես սիրում եմ երաժշտություն, դրա համար ես երաժիշտ եմ”: - Այդ նույն պատճառո՞վ են տեսահոլովակները քիչ: Ձայնասկավառակի հետ սպասե՞նք նոր տեսահոլովակների: Նարեկ. - Ժամանակները մի քիչ փոխվել են: Ժամանակին էն, ինչ անում էինք, կապ չուներ մեր հեռուստատեսության հետ: Մենք նվագում ենք ակումբներում, իսկ այնտեղ մեզ լսող մարդը հեռուստացույց չի միացնում: Արման. - Արդեն նկարահանում ենք նոր տեսահոլովակ` “That`s fine with us” երգի հիման վրա: Գոհար. - Մոսկվայի շրջագայություններից հետո, հուսով եմ, կհասցնենք երկու տեսահոլովակ ներկայացնել` հայերեն եւ անգլերեն: Իսկ անգլերենը առանձին թեմա է, հայտարարվել է նոր “EuroVoice” կոչվող մրցույթ, որը Եվրոպային ներկայացնում է  խոստումնալից արտիստներ: Մրցույթին մասնակցում են 38 երկրների ներկայացուցիչներ: Առաջին փուլում ինտերնետային քվեարկությունն էր, որտեղ մեր ներկայացրած “That`s fine with us” երգը հաղթեց, եւ անցանք երկրորդ փուլ: Երկրորդ փուլը հեռուստատեսային շոու է, որը տեղի կունենա Հունաստանում սեպտեմբերին: Մրցույթը կցուցադրվի եվրոպական երկրների եւ ռուսական հեռուստաալիքներով: Բանակցություններ են գնում, թե որ ալիքը կհեռարձակի մրցույթը Հայաստանում: Այս փուլում լավագույն երգը որոշվում է ժյուրիի անդամների եւ SMS-հաղորդագրությունների միջոցով: Առաջին տեղում է Կիպրոսի ներկայացուցիչը, իսկ մենք երկրորդն ենք: Արման. - Բայց եթե երկրորդից նայեք, մենք առաջինն ենք :): Bravo.am-ը հաջողություն է մաղթում «Բամբիռի» մոսկովյան համերգներին եւ հաղթանակ «EuroVoice» մրցույթում, որին խոստանում ենք անդրադառնալ սեպտեմբերին: Զրուցեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին