12 Մարտ 10
Դավո
 
 
0
“Քուչայի  մասին տեքստ չունեմ”

Դավոն “կյանքում չի ասում”, որ ռեփեր է, “քուչայի” մասին չի երգել, այսինքն չի կարդացել, չի էլ փորձում ժարգոնով տեքստ գրել, անում է այն, ինչում իրեն “առաջինն” է համարում: Անցյալ տարի դեկտեմբերին արջի թաթ է դաջել մարմնին, այն լոգոյի վրա էլ կա. փոքր ժամանակ քույրն արջուկ է ասել, հիմա էլ մտերիմներն արջ են ասում, ասում են, որ նման է, Դավոյի համար էլ հարազատ երեւույթ է դարձել: Մարտի 27-ին էլ “Disk Planet” խանութ-սրահում առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է անելու: CD-ն երկու տարբերակով է թողարկելու, տարբերությունը գնային է. “կեղտոտ”, փակած բառ չունի: Թանկ CD-ի մեջ բոլոր երգերի խոսքերով գրքույկ է լինելու եւ երեք բոնուս երգ: Արդեն հաջորդ ձայնասկավառակի մասին է մտածում, որում լինելու է “Սրբությունը կորցրած քաղաքի” մասին երգ. այդ մասին դեռ խոսելու ժամանակը չէ: Շուտով կայք էլ կունենա:


Davo
Երգիչ Դավոն


- “Անդրանիկիդ” համար հարմար անուն չգտա՞ր:

- Չէ, մի երգի անունով չէի ուզում անվանել: Պետք էր այնպիսի անուն դնել, որ բոլոր երգերն ինչ-որ ձեւով իրար կապի, ընդհանուր բան ունենա: Բայց CD-իս մեջ իրար նման, ընդհանուր բան ունեցող անգամ երկու երգ չկա: Իմ լոգոն ենք դրել, որը, կոպիտ ասած, ձայնասկավառակի անունը դարձավ:

- Անուն չդնելու մեջ էլ ե՞ս առաջինը:

- Հենց այդ դեպքում տարբերվելու ոչ մի նպատակ չունեի: Ուղղակի ստացվեց: Մեջը շատ էքսպերիմենտներ կան: Ռեփ կարդալը համադրել եմ տարբեր ձեւի երաժշտության հետ, որովհետեւ շատ հետաքրքիր է` ինչպես կհնչի, կընդունեն:


Davo
Դավոն անում է այն, ինչում իրեն “առաջինն” է համարում


- Փորձարկումներիցդ մեկը ներկայացրու:

- Հենց “Sexy” երգն է, որի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանել: Անունը հայերի համար ականջ ծակող է: Երգն էլ նրա մասին է, որ չեմ հասկանում` ինչու են բոլորն այդ բառը վատ ընդունում: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, ու ինձ թվում է` դա ճիշտ է: Նենց երգ է, որ պետք է լսել, նոր պատկերացում կազմել: Երկու իրարից շատ տարբեր ոճեր են խառնված` կուստուրիցայական մոտիվներով երաժշտություն + հայկական + իմ կարդալը:
Պրոդյուսինգը ԴերՀովան է արել, մնացածը` ես: Կարծում եմ` այս երգից հետո շատ աղջիկներ ինձ ավելի քիչ են սիրելու, որովհետեւ շատ երեւույթներ ենք ծաղրել: Ձեւականություններ չսիրող մարդ եմ, աղջիկներ կան` ամեն ինչ անում են, որ իրենց արտաքինը sexy լինի, բայց հաճոյախոսության փոխարեն այդ բառն որպես հայհոյանք են ընդունում:

- Իսկ դու sexy ռեփեր ե՞ս :):


- Ես ինձ sexy չեմ կարող համարել: Ասեմ, որ ոչ մի տղայի sexy չեմ համարում. ինձ համար տղայի գեղեցկություն չկա: Եթե ինչ-որ աղջիկ ասի` sexy ես, կռիվ չեմ անի:):


Davo
Դավոն իրեն sexy չի համարում


- CD-ում զետեղված երգերիցդ մեկը  կոչվում է “Իմն  ես”: Հիմա ո՞վ է քոնը:

- Ընկերուհիս: Անձնական կյանքն անձնական է մնում միշտ: Բայց դեռ ամուսնանալու նպատակ չունեմ: Երբ ինձ պատրաստ զգամ, կանեմ այդ քայլը: Ոչ մի ձեւ էդ երեւույթը չեմ պատկերացնում` հարսանիքիս ռեփ կհնչի, չի հնչի...

- “Երազներ” երգիդ հիմքում էլ երազումդ տեսած “սարսափ ֆիլմե՞րն” են:

- Երազներ շատ չեմ տեսնում, բայց ինչ-որ բաներ` հաճախ: Դրա մասին էլ խոսում եմ երգում: Ինձ համար ոչ այդքան հաճելի թեմա է: Իսկականից, էդ թեմայից չեմ ուզում խոսել. հաճելի չի այն, ինչ տեսնում եմ: Վախենալու է: Այդ երազի մասին շատ քիչ մարդ գիտի: Աշխատում եմ մաքսիմալ քիչ բողոքել ու դժգոհել, նվնվալ չեմ սիրում: Երազումս ոչ սպանում են, ոչ աղում են, ոչ ոտքերս են կտրատում. կապված է իմ ապագայի հետ:

- “Տատիկի երգ” էլ ունես:

- Ամենասիրելի երգս է: Ընդհանրապես, խնդալու թեմա չի: Ծեր կնոջ պատմություն է, ում միակ տղան 90-ականների ազատամարտի ժամանակ զոհվել է: Պատմում եմ` հերոս տղա ունեցող կինը ինչպես է դրանից հետո ապրել, տղու հիշատակը բարձր պահել: Երգը կրկներգ չունի, հիմանկանում բոլորը կենտրոնանում են դրա վրա, փորձում հիշել, իսկ ինձ համար շատ ավելի կարեւոր էր, որ մարդիկ ամբողջությամբ լսեն այն:

Davo
Դավո. “Կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ”


- Ո՞վ է տատիկը:

- Որ ասեմ` հետը շատ մոտ եմ, սուտ կլինի: Դպրոցում սովորելու ժամանակ թխվածքների խանութ կար, ուր այդ տատիկը հավաքարար էր աշխատում: Մի անգամ մի հինգ ժամ զրուցեցինք: Բայց այդ թեմայի մասին նոր եմ գրել` վեց ամիս առաջ: Իմացա, որ գործից դուրս է եկել, ու այսօր ոչ մի տեղեկություն չունեմ:

- Այդ ի՞նչ ունես, որ մենք չունենք:

- Օ, երեւի իմ ամենաագրեսիվ երգն է: “Ես ունեմ, դուք չունեք” երգը այն մասին է, որ մարդիկ ինչ-որ բանի հասնում են լավ ընկերների, բարեկամների, գումարի միջոցով: Ես չեմ վատաբանում նման մարդկանց, որովհետեւ ով ինչպես կարողանում է, հասնում է: Ես շեշտում եմ, որ փորձում եմ իմ նպատակներին հասնել ոչ այդ ձեւերով, որովհետեւ չեմ ընդունում:


Davo
Դավո. “Անկեղծ տղա եմ, փորձում եմ տեքստերի մեջ էլ անկեղծ լինել”


- Բոլորը հարցնում են` երաժշտական կրթություն ունե՞ս, իսկ  ինձ հետաքրքրում է` ռեփի “դպրոց” ե՞րբ  ընդունվեցիր:

- 13 տարեկանից կապված եմ: Ես ու ընկերս խումբ ունեինք, ավելի շատ երաժշտական ձեւավորմամբ էի զբաղվում: 15 տարեկանում իմ առաջին տեքստն եմ գրել` շատ երկար տանջվելով:

- Ինչի՞  մասին:


- Ինքս ինձ հիմար ձեւով ներկայացնում էի` ես ամենալավն եմ, էս կողմ-էն կողմ: Թե ումից էի լավը, չգիտեմ: Ու ռուսերենով էի գրում, որովհետեւ “անդերգրաունդում” ռուսերենով էին գրում, ես էլ` իրենց պես: Էլի հիմար ածական ունեի, որ ինքս էի դրել` RB666:

- Սատանայակա՞ն:

- Շատ տարօրինակ պատմություն ունեին այդ վեցերը: Վատատեսական տեքստեր էի այդ ժամանակ գրում:

“Կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ”. Դավո


Davo
Մասնագիտությամբ մաթեմատիկոս Դավոն


- Մոռացար ամենալավը լինելու մասին, գրեցիր “Միշտ առաջինը” երգը: Ումի՞ց  ես ուզում առաջ անցնել:

- Դա ցանկություն էր արտահայտում: Ընդհանրապես, պետք է աշխատես առաջինը լինել ցանկացած գործում, որովհետեւ միջին միշտ էլ լինում է: Էական չէ` ուզում ես շինարար եղիր, հավաքարար, ինչ ուզում ես արա, պետք է փորձես առաջինը լինել:

- Դե ասա`  ինչո՞վ ես առաջինը:

- Իմ ներկայացնելու ձեւով եւ ընտրած թեմաներով, գոնե Հայաստանում: Նախ, կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ: Ռեփեր լինելու համար քառակուսի կա, որի մեջ պետք է մնաս: Իսկ ես փողոցի կյանքին վերաբերող տեքստ ընդհանրապես չունեմ, որ ռեփում կա:

- Չե՞ս կարողանում գրել “քուչայի” մասին:

- Չէ, գրողներ կան: Ես բաց տեղ չեմ գտնում այդ թեմային վերաբերող, նույն բանից խոսելն էլ անիմաստ կլինի:


Davo
Երաժշտությունը երգչի համար փող աշխատելու միջոց է


- Այդ դեպքում ինչի՞ց ես խոսում:

- Տարբեր: Ավելի շատ մարդկային հոգեբանության, զգացմունքների ու էմոցիաների մասին եմ փորձում խոսել:

- Ռեփից “շեղվե՞լ” ես:

- Կարամ տենց էլ ասեմ, բայց ես չեմ էլ փորձում ռեփ անել: Ինձ համար հայ լինելն ու ռեփ անելը մի քիչ բարդ է: Ամեն դեպքում, ինչ դրված է սեւական ռեփի հիմքում, չի կարա լինի Հայաստանում: Իսկ ես փորձում եմ տարբեր ձեւերով ու տարբեր տեղերում կարդալ: Եթե զգամ, որ Բոսանովայի տակ կարելի է ռեփ կարդալ, ու դա ինձ դուր կգա, կանեմ, թեման էլ… Չգիտեմ, ինչ-որ ծառի մասին կգրեմ, դա միշտ չի, որ ռեփ է ստացվում, մեղեդային է ստացվում, չոր, արդեն` ըստ երաժշտության թելադրանքի: Բայց ուզում եմ, որ Հայաստանում ռեփը զարգանա, որովհետեւ ինչ էլ չլինի, դրա մասնիկն եմ:

- Հիմա դու բա՞կ ես ասում, թե՞ “քուչա”:  Ժարգոնը քո խոսակցականում ու երգերում ինչքանո՞վ կա:


- Երկու ձեւն էլ օգտագործում եմ, այնպես չի, որ ժարգոնային բառեր խոսակցականում չունեմ, քուչա էլ եմ ասում, հայաթ էլ, բակ էլ: Երբեւէ չեմ փորձել ժարգոնով գրել ու չեմ պատկերացնում: Ա-երն էլ կան տեքստերումս, բայց մաքսիմալ քիչ են:

Davo
Շուտով “Disk Planet” խանութ-սրահում լինելու է երգչի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը


- Ուրեմն Լեզվի տեսչության հետ խնդիրներ չունես:):

-Այսքան ժամանակ չեմ ունեցել: Խոսակցություն չի եղել:):

- Շրջապատում հարգված տղա պե՞տք է լինի ռեփերը:

- Ախր, կերպար ստեղծել ու ըստ դրա առաջ գնալը սխալ կլինի: Երաժշտությունը այնպիսին է, որ մեջը պետք է լինես, զգաս, ընդհանուր մտածելակերպդ ու ապրելակերպդ դրա մեջ պետք է լինի: Եթե դու զգում ես, որ կարող ես այդ երաժշտությունը ստեղծել, անում ես, հարգված, չհարգվածի  պահը չգիտեմ: Ես “կռուտոյ” չեմ, էդ վիճակի մեջ չեմ, չէ՞, Արեն (պրոդյուսերին է դիմում - Bravo.am): Անկեղծ տղա եմ, փորձում եմ տեքստերի մեջ էլ անկեղծ լինել: Բառերն էլ իմ համար եմ գրում, շատ դեպքերում էլ հասկանում եմ, որ տեքստը չի կարա երգ լինի, որովհետեւ շաաատ իմն է:

- Ռեփերի մուսան ե՞րբ  է գալիս:


- Պարզապես պետք է օրս անիմաստ անցած չլինի: Լավ-վատ տպավորություններ, էմոցիաներ ունենամ այդ օրվա հետ կապված: Շատ ջղայնացած լինեմ:

- Անկապ օրերդ շա՞տ են:

- Լինում են, հա: Առավոտ զարթնում ես, տրամադրությունդ ոչ լավն է, ոչ վատը. դու էլ չես հասկանում` ինչ է: Օրվա ընթացքում էլ անելու բան լինում է կամ չի լինում: Էդ օրդ ուղղակի անիմաստ վառում ես:

Davo
Դավոն դեռ ամուսնանալու նպատակ չունի


- Շատ ես օգտագործում «վառել» բառը: Իրականում ինչ-որ բան վառե՞լ ես:

- Հա, փոքր ժամանակ հարեւանի փոքր հողատարածքն եմ վառել: Չոր խոտ էր, լավ չեղավ: Մի քանի տարի հետո իմացան, որ ես եմ արել, բան չասացին: Լուցկիով խաղում էի ուղղակի:

- Քեզ քաղմասում նկարահանելուց ասացիր “պրոբլեմ չկա”: Վեցերորդ վարչության հետ շա՞տ ես առնչվում:


- Եղել է. կռիվների համար…

- Ե՞րբ խելքի եկար:


- Շատ շուտ, երեւի մի չորս տարի առաջ: Ապրիլի 10-ին 21 տարեկան եմ դառնում:

- Ի՞նչ  մասնագիտություն ունես:

- Ավարտել եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը: Ինչի՞ չեմ սիրում: Որ չսիրեի, չէի սովորի, իմ մասնագիտությամբ աշխատել եմ, աշխատելու եմ: Երաժշտությունը կարա լինի փող աշխատելու միջոց, բայց այն օրը, որ այդպիսին դարձավ ինձ համար, հետաքրքրությունս կկորցնեմ:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/



 
 
Մասնագիտությամբ մաթեմատիկոս Դավոն

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Դավոն

Դավո. “Անկեղծ տղա եմ, փորձում եմ տեքստերի մեջ էլ անկեղծ լինել”

Դավո. “Անկեղծ տղա եմ, փորձում եմ տեքստերի մեջ էլ անկեղծ լինել”

Դավո. “Կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ”

Դավո. “Կյանքում չեմ ասում, որ ես ռեփեր եմ”

Դավոն դեռ ամուսնանալու նպատակ չունի

Դավոն դեռ ամուսնանալու նպատակ չունի

Դավոն իրեն sexy չի համարում

Դավոն իրեն sexy չի համարում

Դավո. “Ձեւականություններ չեմ սիրում”

Դավո. “Ձեւականություններ չեմ սիրում”

Դավոն անում է այն, ինչում իրեն “առաջինն” է համարում

Դավոն անում է այն, ինչում իրեն “առաջինն” է համարում

Երգիչ Դավոն

Երգիչ Դավոն

Դավո

Դավո

Շուտով “Disk Planet” խանութ-սրահում լինելու է երգչի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

Շուտով “Disk Planet” խանութ-սրահում լինելու է երգչի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը

Երաժշտությունը երգչի համար փող աշխատելու միջոց է

Երաժշտությունը երգչի համար փող աշխատելու միջոց է

Ռեփեր Դավոն

Ռեփեր Դավոն

Երգիչ Դավոն

Երգիչ Դավոն

0
2876 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: