Տեսահոլովակի պրեմիերա Bravo.am-ում
Dorians ռոք-խումբը տեսահոլովակ է նկարահանել Sleepless nights երգի հիման վրա: Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է: Խոսքերը գրել է Միքայել Բագրատունին: Երգը ուղերձ է որդուց մորը եւ նվիրված է 12-ամյա Էդվին Հովհաննիսյանին:
Էդվինը մեկ տարի առաջ մահացել է արյան զեղումից: Մայրը երազում տեսնում է որդուն եւ լսում նրա ուղերձը, որի հիման վրա Միքայել Բագրատունին գրում է Sleepless nights-ի խոսքերը: Երգում Էդվինը ցանկանում է, որ մոր “անքուն գիշերները վերածվեն քաղցր, հանգիստ երազների, որովհետեւ ինքն այժմ ավելի լավ տեղում է”:
“Երգն ուղերձ է երեխայից մորը: Գոռ Սուջյանն երեխայի անունից է երգում: Արմեն Մարտիրոսյանը մի քանի ամիս առաջ զանգեց, թե երգ կա, որ ցանկանում է անպայման Dorians-ը երգի: Մենք էլ լսեցինք, շատ հավանեցինք: Էդվինը շատ տաղանդավոր երեխա էր. նկարել է: Լուրջ աշխատանքներ են, ասես` 12 տարեկան երեխա չի նկարել”,- ասաց Dorians խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը:
Տեսահոլովակը նկարահանել է Magnat productions ընկերությունը: Սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, ռեժիսորը` Կարեն Քոչարյանը, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Քարահունջում: Dorians-ը հոգեւորականների սքեմներով է հանդես եկել, մտածել են` “պարզապես ռոքերական շորերով գեղեցիկ չէր լինի”:
“Երեխան մահից առաջ հետաքրքրվել է ռոքով, գոթական ոճն է հավանել: Քանի որ երգի իմաստն երկնքից իր մորն ուղերձն է, որոշեցինք այնտեղ նկարել: Քարահունջն աստղադիտարան է եղել. երկիրն ու երկինքը կապել է իրար: Երբ մորն ասացինք, որ Քարահունջում ենք ցանկանում նկարահանել, իմացանք` Էդվինը մահից առաջ հետաքրքրվել է այդ վայրով: Ֆինանսկան տեսանկյունից ոչ ձեռնտու նախագիծ էր, մեծ գումարներ ենք ծախսել այնտեղ հասնելու, տեխնիկան տեղափոխելու համար: Բայց մեր նպատակին հասել ենք. շաբլոն չի, տեսահոլովակի ընթացքում Էդվինը դաշնամուր է նվագում. մայրն է տվել տեսանյութը: Շատ տաղանդավոր երեխա է եղել, նվագել է, հետաքրքիր նկարներ ունի”,- ասաց ռեժիսոր Կարեն Քոչարյանը:
Ի դեպ, նկարահանումների ընթացքում հետաքրքիր դեպքեր են պատահել. “Սիսիանի ճանապարհին երկինքն ամպամած էր, երբ հասանք Քարահունջ, ամպերը ցրվեցին: Վերադառնալուց էլ ես էի վարում, նկարահանող խումբն էլ հետս էր: Հոգնածությունից քիչ էր մնում քնեի ճանապարհին: Մեկը հետեւից ինձ արթնացրեց, շրջվեցի ու տեսա` բոլորը քնած են: Ես սնահավատ չեմ, բայց մայրը ասում է` Էդվինը միշտ իր հետ է, բայց նկարահանման օրը որդու ներկայությունը չի զգացել”,- նշեց Կարեն Քոչարյանը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի


×
8,588






