Ռեժիսորն “ԱրԱրԱտ” կոնյակը հատուկ առիթով է բացելու
Սերբ ռեժիսոր եւ կիթառահար Էմիր Կուստուրիցան իր “The No Smoking Orchestra” խմբի հետ օրերս առաջին անգամ Երեւան եկավ, մարտի 5-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում համերգ տվեց, վերադարձի օրն էլ` մարտի 6-ին, Երեւանի կոնյակի գործարանում հյուրընկալվեց:
Գործարանի հնեցման մառանում ռեժիսորն ու իր խմբի անդամները “հարբեցին” կոնյակի բույրից, ծանոթացան «ԱրԱրԱտ» կոնյակի պատմությանը: Ռեժիսորին ներկայացվեց “Խաղաղության” տակառը, ուր հնեցվում է ղարաբաղյան հակամարտության զինադադարի տարին խորհրդանշող` 1994 թվականի կոնյակի սպիրտ: Տակառը “Խաղաղության” են կոչել, քանի որ այն բացվելու է, երբ կկարգավորվի ղարաբաղյան խնդիրը:
Էմիր Կուստուրիցան համտեսեց «ԱրԱրԱտ» կոնյակը եւ իր մաղթանքը գրեց գործարանի հուշագրքում: “Թեեւ ալկոհոլի մեծ գիտակ չեմ, լավ բաների բույրն առնում եմ: Երբ մտա մառան, կոնյակի բույրն ինձ վեր բարձրացրեց: Այսպիսի արտադրություն ունենալը ազգային հպարտություն է: Երկու հազար տարի հետո էլ լավ ալկոհոլն արժեքը չի կորցնի”,- ասաց ռեժիսորը:
Նա գործարանի թոնրատանը տեսավ` ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը եւ համտեսեց այն:
Էմիր Կուստուրիցան 25 տարվա հնեցման «ԱրԱրԱտ» կոնյակ նվեր ստացավ եւ ասաց, որ կբացի այն ժամանակ, երբ հավատացած լինի, որ անհրաժեշտ է:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
4,396






