05 Մարտ 10
Էմիր Կուստուրիցա
 
 
0
Անվանի ռեժիսորը ժամանել է Երեւան

Երեւանում է աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Կինոյի հայտնի վարպետը Երեւան է եկել “The No Smoking Orchestra” ռոք խմբի հետ, որտեղ նա բաս կիթառ է նվագում արդեն շատ տարիներ: Կուստուրիցան Երեւանում համերգային ծրագիր կներկայացնի:

Համեստ արտաքինով այս մարդու հետ հանդիպումն օդանավակայանի սպասասրահում հավաքվածների համար տոնի պես մի բան էր: Արտաքինից գուցե եւ բոլորը չէ, որ նրան միանգամից կճանաչեին, բայց հերիք է ասել Էմիր Կուստուրիցա, եւ արձագանքողների թիվն անհամեմատ ավելանում է:

Emir Kusturica
Անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ժամանել է Երեւան


Կուստուրիցայի ստեղծած աշխարհն արտառոց է: Կինոռեժիսորին հաճախ են անվանում բալկանյան Ֆելինի: Նրան ճանաչողները նշում են, որ մաեստրոն սիրում է կրկնել, որ ինքը ոչ մի տեղից է եկել` դրանով ընդգծելով իր կոսմոպոլիտիզմը եւ որ իր արվեստը միանգամից մի քանի մշակույթների է պատկանում:

”Դառը, հումորով, սիրով, ցավով, մեծ տարերքով. նրա կինոն շատ է իր կինոն: Ինքը իր երկրի իսկական զավակն է, բայց արվեստի լեզուն այնպիսին է, որ խոսքը հասնում է բոլորին”,- աշխարհահռչակ ռեժիսորին բնութագրում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Մինչ այժմ ստեղծած ժառանգությունը նրան եվրոպական ամենատարբեր մրցանակներ, այդ թվում` երկու «Ոսկե արմավենի» է բերել, որոնցից մեկը` նրա ամենահայտնի` 1995թ. նկարահանված “Underground”  ֆիլմի համար: Ֆիլմի պատճառով էր, որ քննադատության մեծ ալիք բարձրացավ նրա հասցեին: Կուստուրիցային մեղադրում էին ոչ թե ռեժիսուրայի, այլ` քաղաքական ոչ կոռեկտության համար: Նա համարձակվել էր քննել հարավսլավական պատերազմի պատճառները: Դրանից հետո էր, որ մի փոքր ժամանակով հեռացավ կինոյից եւ միայն երաժշտությամբ էր զբաղվում, որին դեռ տարիներ առաջ էր տրվել:

“Այնպես, ինչպես կինոն ենք ընդունում, այնպես էլ երաժշտությունն ենք նվագում: Կինոն երբեք չի շրջանցում, օրինակ, տեղական խնդիրները: Նույնությամբ ռոք-ն-ռոլում էլ մենք փաստացիորեն պեղում ենք, գտնում էթնիկ երաժշտությունն ու երաժշտության շատ այլ բաղադրիչներ”,- ասում է Կուստուրիցան:

Այս օրերին հայաստանյան երկրպագուները Կուստուրիցային կտեսնեն հենց այդ երկու արվեստների միացության մեջ: Մարտի 6-ին նրա հետ շփվելու հնարավորություն կունենան արդեն կինոյի աշխարհի ներկայացուցիչները: Կուստուրիցան այլ տեղերում հայերի հետ շփվելու հնարավորություն ունեցել է, բայց Հայաստանում առաջին անգամ է:

“Ես ավելի քան հուզված եմ` լինելով մի այնպիսի երկրում, որն իր պատմության մեջ բազմաթիվ նման դժբախտություններ ու զուգահեռներ ունի Սերբիայի հետ: Ես նաեւ շատ լավ եմ զգում`լինելով այն երկրում, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որը լույս էր երկրի այս հատվածում”,- նշում է աշխարհահռչակ կինոռեժիսորը:

Թերեւս պատահական չէր, որ նրա` Հայաստան ոտք դնելուց հետո առաջին այցելությունը Սերգեյ Փարաջանովի թանգարանում է: Նա Փարաջանովի մասին հրապարակավ արտահայտվելու հնարավորություն չունեցավ, փոխարենը նրա տպավորություններն ամփոփվեցին Տպավորությունների մատյանի մի քանի տողում:

Կուստուրիցայի այցի առաջին օրվա մասին ռեպորտաժը հասանելի է այստեղ.



Աղբյուրը` «Շանթ» TV
 
 
Անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ժամանել է Երեւան

Անվանի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ժամանել է Երեւան

Էմիր Կուստուրիցա

Էմիր Կուստուրիցա

0
1059 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: