“Ուլիխանյան” ակումբում 90-ականներն էին հիշել
Փետրվարի 20-ին “Ուլիխանյան” ակումբում անջատել էին էլէկտրականությունը, վառել էին մոմերը, “Սանտա Բարբարա” սերիալում հնչող երաժշտությունն էին լսում, պատրաստվում “Մոնոպոլիա” խաղալ ու… Քիչ էր մնում անգույն հեռուստացույցը միացնեն: “Սառը եւ մութ” փարթին ջերմացնելու համար 90-ականների գլխավոր ռեկվիզիտի անվամբ` “Ֆուջիկա” փարթի էին անվանել:
1988 թվականին ծնված Նարեկ Բախտամյանը հերթական անքուն գիշերներից մեկի ժամանակ դեգերելիս է եղել ինտերնետային կայքերում ու facebook-ում հայտնաբերել է “90-ականների հիշողություններ” խումբը: “Միանգամից լիքը լավ, բարի, պուպուշ հիշողություններ մեջս արթնացան, չնայած` մութ էր, ցուրտ, անդուր ու լիքը բան չենք էլ հիշում: Մտածեցի` կարելի է “Ուլիխանյան” ակումբում հավաքվել, խոսել այդ թեմիայի շուրջ, հին հիթերը լսել”,- պատմեց ակումբի արթ-մենեջեր Նարեկ Բախտամյանը:
Նա մտածեց, մտածեց ու որոշեց վերադարձնել 90-ականները:): Ընկերացավ 90-ականները հիշող եւ facebook-ում այդ թեմայով խումբ ստեղծած Վահանի հետ, պեղեց այդ ժամանակվա հիթային երգերը` “Իվանուշկի”, Էմինեմ, Ռիկի Մարտին… “Բամբոլեյո… Հին հիթեր ենք դնում: Սա լավ ավանդույթ կդարձնենք, ամեն ամիս այս թեմայի շուրջ ակումբում կհավաքվենք: Մեր ակումբի ավանդական փարթիներից են “Ռետրո”-ն, “Rak & Roll”-ը. ամեն հինգշաբթի հավաքվում ենք ռակ ուտելու եւ ռոքնռոլ լսելու, օղու օր էլ ունենք: Այսօր էլ կարծես մարդիկ ուրախ են, ժպտերես, խմում են, պարում”:
Իսկապես, “Սանտա Բարբարա”-ի երաժշտությունը բոլորին պարեցրեց:
“Էրեխեք, հիշում եք էն խնձորից մեծ ու կարմիր շաքարաքլորները, որ միշտ պառավ տատիկներ էին ծախում???”:
“Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք` մի պահ դպրոցում կաթ ու պեչենի էին բաժանում, պեչենին բորբոսնած էր, բայց ուտում էինք :):”
“Իսկ եղել է, որ “լեվի” լույս քաշեք, հետո պատուհաններն ու դռան անցքերը շորերով ծածկեք, որ դրա մասին իմացող չլինի???”,- գրում են facebook-յան “90-ականների հիշողություններ” խմբի անդամները:
Մութ էր, ու բան չեմ հիշում
Խումբը ստեղծողներից 19-ամյա Գուրգեն Հակոբյանը հավատացնում է, որ իրենք “լեվի” լույս երբեք չեն քաշել, սիրելի խաղը “դոնալդն” է եղել, մեկ էլ տիպեր հավաքել է սիրել: “Ընկերոջս` Վահանի հետ մեր մանկության խաղերից էինք խոսում ու մտածեցինք խումբ բացել, որ մարդիկ իրենց հիշողություններով կիսվեն: Արդեն անդամների թիվն հազարն անցել է: Այնքան շատ են կիսվում իրենց հիշողություններով”,- ասաց պոլիտեխնիկցի Գուրգենը:
21-ամյա Անի Հակոբյանն էլ ակումբ հաճախ չի գալիս. “Ֆուջիկայի” թեման է շատ գրավել: Լամպերը, հին փոշեկուլը իրենց տնից է բերել: “Չենք գցել, որպես հիշողություն պահում ենք: Շատ հին իրերն ինձ համար ավելի թանկ են, քան նորերը: Հին հեռուստացույց, Ռիկի Մարտինի նկարներով պոստերներ, չնայած հիմա ամաչում եմ, որ իրեն սիրել եմ: Այն ժամանակ, որ լույս չի եղել, մեր մեջ է լույս եղել”,- ասաց Անին:
Հայկ Միրզոյանին էլ ասել էին, որ ակումբում “Մոնոպոլիա” են խաղալու: “Դեռ միայն պարում ենք, հուսով եմ` կխաղանք, շատ եմ սիրում այդ խաղը: Տանն էլ ունեմ, մեկ-մեկ խաղում ենք ընտանիքով: 18 տարեկան եմ, այդ ժամանակներից շատ բան չեմ հիշում, մութ էր ու բան չեմ հիշում: Երաժշտությունը դուրս շատ չի գալիս, բայց հետաքրքիր է շատ”:
Bravo.am-ը հուսով է, որ 90-ականները միայն փարթիների տեսքով կվերադառնան :):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
11,828






