×


Ջորջ Բենսոն

“Absolute” Բենսոնը Երեւանում

Այսօր կկայանա ջազի լեգենդի համերգը Նոյեմբերի 12-ին ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի համերգը: Այն տեղի կունենա “21-ի հեռանկարներ” երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Համերգի գլխավոր հովանավորն է “Ամերիաբանկը”: Ջորջ Բենսոնի մամուլի ասուլիսը Երեւանում Ջազ-կիթառահար եւ վոկալիստ Ջորջ Բենսոնը առաջին անգամ է Հայաստանում, բայց Միացյալ Նահանգներում հայ բարեկամներ շատ ունի: “Առավոտյան հայ ընկերներիցս մեկը զանգեց ու հարցրեց` ինչ գործ ունեմ Երեւանում: :) Շատ հաճելի է այստեղ գտնվելը: Լավ երաժիշտներ ունեք. երեկ հրաշալի ջազ երաժշտություն եմ լսել”,- այսօր “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջորջ Բենսոնը: “Ցույց կտամ` ինչի եմ ընդունակ”. Ջորջ Բենսոն Տասն անգամ “Գրեմմի” մրցանակի արժանացած Ջորջ Բենսոնը, ով ջազի պատմության մեջ լավագույն կիթառահարներից է համարվում, հայ հանդիսատեսին ոճային բազմազանություն է խոստանում` սվինգից մինչեւ հիփ-հոփ, ջազ-ռոքից մինչեւ smooth-ջազ, ռիթմ-էնդ-բլյուզից մինչեւ փոփ երաժշտություն: Ջորջ Բենսոնի մամուլի ասուլիսը Երեւանում “Ցույց կտանք` ինչի ենք ընդունակ: Ես նաեւ երգիչ եմ: Խառը երաժշտություն է հնչելու, որովհետեւ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի, իսկ ես սիրում եմ հորինել, ռոմանտիկ եմ, նոր մոտեցումներ եմ սիրում: Ջազը մեծ է: Իմպրովիզացիան թույլ է տալիս ցանկացած կատարում նորովի ու թարմ ներկայացնել. միշտ կարող ես երեկվանից քեզ գերազանցել”,- ասաց Ջորջ Բենսոնը: Ջորջ Բենսոնը Երեւան է եկել 7 որդիներից մեկի հետ, ով եւս երաժիշտ է: 8 թոռնուհի ունի: Նա 40-ամյա երաժշտական կարիերայի ընթացքի մեկնարկը համարվում է 1964-ին թողարկված առաջին սոլո-ալբոմը: Դրանից հետո մինչ օրս թողարկվել է երաժշտի ավելի քան 60 ձայնասկավառակ եւ 30 սինգլ: 1976 թ-ին թողարկված Breezin ձայնասկավառակը առաջին ջազային ալբոմն է, որ իր վաճառքի ցուցանիշներով դարձել է “Պլատինե”: Վերջին տարիներին թողարկված ձայնասկավառակներն են Absolute Benson (2000), Irreplaceable (2004), Givin’ It Up (2006) եւ Ալ Ջերոյի հետ ձայնագրված դուետը, որն արժանացել է “Գրեմմիի”: Ջորջ Բենսոնի մամուլի ասուլիսը Երեւանում Սահուն ջազի ներկայացուցչի իր պիտակից ջազ կիթառահարը չի դժգոհում. “Երեւի ամենապատշաճն է բնութագրում իմ արվեստը: Իսկ ավանդական ջազ կոչվածը երբեք չի մեռնի, ինչպես դասական երաժշտությունը”: “21-ի հեռանկարները” աշխարհի խոշոր միջազգային փառատոններից է. իրականացնում է երաժշտական մեծ տոնախմբություն` չսահմանափակվելով միայն դասական երաժշտությամբ եւ ներկայացնելով նաեւ ջազը”,- ասաց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին