×


Halloween

Halloween

Երեւանը դիմակ է հագել Հայերը Halloween նշեցին Հոկտեմբերի 31-ի երեկոյան Երեւանի կենտրոնական փողոցներում շրջում էին կենդանի դիակներ, հրեշներ, հրեշտակներ, գազաններ, կախարդներ, կատուներ:  Ծովահենները եւս ցամաք էին դուրս եկել, տիեզերագնացներն երկիր մոլորակի վրա իրենց շատ լավ էին զգում, մեռած ու կենդանի հարսներին տարբերել չէր լինում... Իսկ հոգիները  ավտոմեքենա էին վարում, հատկապես` “Նիվա” մակնիշի: Հայ  ակումբասեր հասարակությունը Halloween էր նշում: Bravo.am-ը հետեւել է երեւանյան դդումներով լի ակումբների անցուդարձին: Kami, Aftershock Republic, Fashion, Cameleon, Stop եւ այլ ակումբներում տոնական տրամադրություն էր տիրում: Ֆրանկենշտեյնը նախընտրեց Fashion ակումբը Fashion ակումբում Halloween-ը նշեցին մայրամուտից մինչեւ լուսաբաց: Երեկոն լատինո ոճում էր: Վենեսուելայից ժամանած դիջեյ Գրինգոչոն ապահովում էր քլաբերների բարձր տրամադրությունը: Թիթեռները, մկները, այլմոլորակայինները... Բազմազան կերպարներով հայ երիտասարդները ակումբի մուտքի առջեւ ներկում էին երեսները, որ մուտքի իրավունք ստանան: Halloween-ը Fashion Club-ում: Լուսանկարը` Կարեն Հովհաննիսյան Լատինո Halloween-ի կազմակերպիչը Ֆրանկենշտեյնն էր, օհ, Ֆրանկենշտեյնի կերպարով` Իսպանական կենտրոնի նախագահ Աշոտ Փարսյանն էր իր օրիգինալ փողկապով: “Համոզված եմ` ոչ ոք ղոչի գլխով (ոչխարի արու տեսակ) փողկապ չի կապել ու Ֆրանկենշտեյնի դեմք չունի: Մեր Halloween-ը միանշանակ տարբերվում է մյուսներից, որովհետեւ լատինական ոճում է: Ճոխ նշելու ենք, Hallowen-ը լավ առիթ է երեկույթ կազմակերպելու համար: Կրոնական հիմք չունի, տոնի չենք վերածել, միայն զվարճանալու համար է: Դիմակահանդես ենք անում էլի”,- ասաց “կանաչած” Աշոտ Փարսյանը : Halloween-ը Fashion Club-ում: Լուսանկարը` Կարեն Հովհաննիսյան Fashion ակումբում հյուրերին կոնֆետ էին հյուրասիրում, բայց ոչ ոք չէր վերցնում.  կարծում էին` վաճառվում է, կամ էլ մահակերպ հյուրերը թունավորած կլինեն: Հարավային շրջաններից Լատինո Halloween-ին մասնակցելու էր եկել Զմրուխտե կախարդուհի, իսպաներենի մասնագետ Սվետան: “Սովորաբար կախարդուհիները սեւի մեջ են լինում, ես զմրուխտե եմ, բարի կախարդուհի եմ, դրական հատկանիշներ էլ ունեմ: Այսօր պարելու ենք, զվարճանալու, հիանալի է”,- կերպարից դուրս չէր գալիս Սվետան: Halloween-ը Fashion Club-ում: Լուսանկարը` Կարեն Հովհաննիսյան Մասնակիցները լատինաամերիկյան պարերով նախշեցին ակումբի հատակը, դիմակները թույլ էին տալիս հնարավորինս անկաշկանդ լիցքաթափվել: Ակումբում արքայադուստր էլ կար, եկել էր արքայազնին հետեւելու: “Դիմակս չեմ հանելու, տեսնեմ ընկերս կճանաչի, թե մեկ այլ արքայազնի սկսեմ սպասել”,- կես կատակ կես լուրջ ասաց  Անին: Aftershock Republic-ում մեռած հարսները քեֆ էին անում Halloween-ի օրը Aftershock Republic ակումբի բակում գերեզմաններ էին փորում, շուրջբոլորը մեռած հարսներ, բանտից փախած կալանավորներ ու արնախում վամպիրներ էին շրջում: Խեղճ հրեշտակը չգիտեր` ում հոգին լուսավորել: 18-ամյա Էլենը ժամանակակից մեռած հարսի կերպարով էր` սպիտակ մեդեռն շորով, լղոզված մուգ կարմիր շրթներկով: “Ամեն տարի մասնակցել եմ, բայց սովորական հագուստով: Այս տարի լավ է նշվում, ես ել եմ կերպարանափոխված: Երիտասարդությունը տեղեկացված էր, գիտեր` ինչպես են նշում:  Ավելի աշխույժ է անցնում”,- ասաց  Էլենը: Aftershock Republic ակումբի տնօրեն Միհրան Հակոբյանը հյուրերի համար Նոր տարվա նման ուրախ երեկո է կազմակերպել: “Գժանոց է, ասես Նոր Տարի լինի:  Մարդիկ ուրախանալու թեմա են ման գալիս, մենք էլ կազմակերպում ենք: Միակ օրն է, երբ մարդիկ լինում են այն, ինչ կյանքում չեն կարող լինել: Մենք էլ լավ ժամանցն ենք ապահովում”,- ասաց Միհրանը: Halloween-ը Aftershock Republic ակումբում: Լուսանկարը` Կարեն Հովհաննիսյան Aftershock Republic ակումբում Hallowen-ի ժամանակ ակումբային երաժշտությունը ապահովում էր դիջեյ Smile-ը: Երգիչ Էռնեստը որեւէ հրեշի կերպար չէր ընտրել, իր կերպարով էր զվարճանում: “Այլ կերպ ամեն ինչ կանխատեսելի կլիներ”,- ասաց Էռնեստը: “Արտասահմանում անցկացվող Halloween-ներին պետք չէ նախանձով նայել, Երեւանում էլ հրաշալի նշում ենք: Միակ տարբերությունն այն է, որ Երեւանում մարդիկ մի քիչ խմում են ու իրենց սխալ պահում”,- նշեց Միհրան Գրիգորյանը: Halloween-ը Aftershock Republic ակումբում: Լուսանկարը` Կարեն Հովհաննիսյան Մուսուլմանները եկել էին Kami-ն տրաքացնելու Halloween-ը ինչպես հարկն է նշեցին նաեւ Kami ակումբում: Կազմակերպիչները շեշտը դրել էին Halloween-յան ոճով ձեւավորման վրա. կրակներ, դդումներ, խորհրդավորություն եւ, իհարկե, ակումբային լավ երաժշտություն: Երգչուհի Ջուսը երգ նվիրեց Kami-ին: Հյուրերը շատ-շատ էին, կերպարները` բազմազան: Աննան One ակումբից շտապել էր Kami. “Այս ակումբի մասսան եմ շատ սիրում: Ռետրո ոճում եմ: Այս մեծ չափսերի հետաքրքիր կեղծամը կրում եմ, որ աֆրոամերիկացիներին նմանվեմ: Շատ եմ սիրում իրենց, թեեւ ես սպիտակամորթ եմ”: “Բելլաջիո” դիզայն ստուդիայի դիզայներներ Գեորգի Հարությունյանն ու Լիլիա Ստեփանյանը մուսուլմանների կերպարով էին: “Շահիդուհի եմ, ուզում եմ Kamin տրաքացնել: Բոմբը վրաս է, պահակների մոտով անցա, ու ինձ չստուգեցին”,- ասաց Լիլիան: “Սահմանները բաց են, մենք թուրքերի կերպարներով ենք: Մինչեւ ակումբը  չպայթեցնենք, չենք գնալու: Kami-ն ամենաճանաչված, ամենաճաշակով, ամենամեծ ակումբն է”,- կատակում է Գեորգի Հարությունյանը: Հ.Գ. Լույսը բացվեց, եւ Երեւան ժամանած հոգիները, հրեշները լավ հուշերով հեռացան  մեր քաղաքից:  Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի եւ Ասատուր Եսայանցի Ֆոտոշարքում տեղադրված են նաեւ լուսանկարներ Cameleon եւ Black Code ակումբներում Haloween-ին նվիրված party-ներից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW