Տարեմուտի ամփոփիչ ցուցահանդեսը
Դեկտեմբերի 22-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայացավ տարեվերջյան ամփոփիչ ցուցահանդեսի բացումը, ուր ներկայացված էին 2009 թ-ին «ՀայԱրտում» ցուցադրված նկարիչների լավագույն աշխատանքները:
Նկարիչ Գայանե Խաչատրյանն ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացրել էր 2 գործ` «Արեւ» ու «Մեկ պատառ գյուղ» կտավները. «Մտածում եմ, նաեւ հաջորդ տարի կարելի է աշխատել ու ներկայանալ, իհարկե, նոր ու յուրովի նկարներով: Ամեն տարի նոր գաղափարներ եմ ունենում, միշտ ուզում եմ ավելին անել եւ իրագործելու համար պետք է շատ աշխատել»,- նշեց նկարիչը:
«ՀայԱրտի բարեկամները» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին մոտ 50 նկարիչների 80-ից ավելի գործեր: Կար նաեւ 4 քանդակ, որոնց հեղինակը քանդակագործ Հերիքնազ Գալստյանն էր. ««ՀայԱրտում» դեռ մեկ անգամ եմ ունեցել անհատական ցուցահանդես, որի շնորհիվ իմ աշխատանքները համախմբված տեսա: Կենտրոնի անձնակազմը շատ բարեհամբույր ու նրբանկատ է, սիրով նորից կհամագործակցեմ նրանց հետ: Անցնող տարվա ստեղծագործական կյանքս կայացած եմ համարում. արել եմ գրաֆիկական աշխատանքներ ու 10-ից ավելի մեծ քանդակներ»,- ասաց Հերիքնազ Գալստյանը:
Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ «Միհր» թատրոնը` պլաստիկ պարային կատարումով, եւ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը: Նաեւ հանդիսատեսին ներկայացվեց «ՀայԱրտի» ձեռքբերումներից մեկը` «Քանոն» ֆիլմը, որը «Հնագույն նվագարաններ» նախագծի երրորդ վավերագրական ֆիլմն է: Մինչ այդ նկարահանվել են «Ծիրանափող» եւ «Քամանչա» ֆիլմերը: «Նվագարաններն իբրև կերպարներ` ինձ օր օրի ավելի են հետաքրքրում: Ուսումնասիրելու ընթացքում հասկանում ես, թե որքան հին պատմություն ունեն: Ֆիլմերիս հերոսները մարդիկ չեն, այլ նվագարաններն են, որոնք մարդկանց շնորհիվ են իրենց ճանապարհն անցնում»,- նշեց ֆիլմերի հեղինակ ու պրոդյուսեր Ռիտա Շառոյանը:
«Կա եւս մեկ ֆիլմաշար, որը կոչվում է «Խոսիր ինձ հետ»: Այն նվիրված է մեր արվեստի վառ անհատականություններին, օրինակ, վերջինը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի մասին է, որը նվիրել ենք նրա ծննդյան տարեդարձին»,- ասաց Շառոյանը: Ի դեպ, «Հայարտ» կենտրոնն ունի ավանդական փոքրիկ մրցանակաբաշխություն. «Հայարտի բարեկամ» գնահատագիրներին արժանացան ժողովրդական արտիստ ու քանոնահար Անժելա Աթաբեկյանը եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը ֆիլմերին իրենց մասնակցության համար:
23-ամյա գեղանկարիչ Անի Աղաբաբյանի «Արևոտ Լոռի» աշխատանքը եւս ներկայացվել էր ցուցահանդեսին. «Այստեղ առաջին անգամ եմ ներկայանում, մեծ պատիվ է, որ հայրիկիս` Նիկոլ Աղաբաբյանի նկարի կողքին իմ գործն է կախված: Սիրում եմ «ՀայԱրտի» մթնոլորտը, հուսով եմ, հաջորդ տարի Երեւանի մասին գեղանկարներիս շարքը կներկայացնեմ այստեղ»:
Միջոցառման ավարտին Ձմեռ պապն ու Պեպի կապիկը ողջունեցին ներկաներին: Ձմեռ պապն առաջարկեց իր պարկից վերցնել նվերներ ու իմաստունների խոսքեր, որոնք ներկա արվեստասերներին կուղեկցեն ողջ տարվա ընթացքում:
Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/


×
6,675






