×


“Հայ մոդելավորող 2010”

“Հայ մոդելավորող 2010”

“Սայաթ-Նովա”-ն հաղթանակ բերեց :) Նորաձեւության ցուցադրությունները Երեւանում հաճախակի են դարձել, մնում է` հայ դիզայներները նոր խոսք ասեն նորաձեւության աշխարհում: Ապրիլի 14-ին Երեւանի Golden Tulip հյուրանոցում տեղի ունեցավ “Հայ մոդելավորող 2010” մրցույթը: Կազմակերպիչներն էին “Elite fashion”-ի տնօրեն Լուսինե Ղուկասյանը եւ “Սիլուետ” նորաձեւության կենտրոնի տնօրեն Շուշան Մկրտչյանը: “Հայ մոդելավորող 2010” “Հայ մոդելավորող 2010”-ին ընտրող ժյուրիի կազմում էին երգչուհի Արմինկան, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, նկարիչ Նունե Աղբալյանը, IQ ամսագրի հիմնադիր տնօրեն Լուսինե Ավագյանը, “Aurora” ռադիոկայանի տնօրեն Ռուզաննա Շահինյանը եւ նորաձեւության աշխարհի հետ կապ ունեցող այլ անձինք: Դիզայներ Լիլիթ Քանքանյանը ներկայացրեց “Սայաթ-Նովա” հավաքածուն, “Սյունիք-Արցախ”-ի հեղինակը Աննա Ավետիսյանն էր: Մանեքենուհիները ցուցադրեցին նաեւ Տաթեւիկ Մուսարյանի` “MIX” եւ “Renovation”, Մարգարիտա Մկրտումյանի` “Հիպպի ջինսեր”, Էլմիրա Նավասարդյանի` “Գիշերային անուրջներ”, Սաթենիկ Ղուկասյանի` “Մեծ տիկնիկներ”, Տաթեւ Հարությունյանի` “Սառցե ֆանտազիաներ” եւ “Jazz in Fashion” հավաքածուները:  “Հայ մոդելավորող 2010” Երեկոյի ընթացքում գեղեցիկ բեմականացում ներկայացրեց “Mim studio”-ն, Ջորջը “Ain’t No Sunshine” երգը կատարեց, երգչուհի Սոնյան եւս ելույթ ունեցավ, Թոփչյան քույրերն էլ ջութակ նվագեցին: Դիզայներ Ալիսա Հարությունյանի “Երկնային հրեշտակները” փակեցին ցուցադրությունը: Ռեփեր DAVO-ն իր նոր` Sexy երգը երգեց, որի ժամանակ էլ լողազգեստների հավաքածուն ներկայացրին: “Շատ եմ հուզվել, շատ հաճելի էր փակել երեկոն, վերջինը միշտ հիշվում է:  “Երկնային հրեշտակներ”-ից բացի այսօր  “Ծաղիկների բուրմունք” հավաքածուն ներկայացրի: Շատ լավ է կազմակերպված` ջութակը, երգերը… Եթե հաղթեմ, լավ կլինի, եթե` ոչ, մասնակցել եմ:)”,- ասաց Ալիսան: Lana Khachatryan Միջոցառմանը ներկա երգչուհի Լանա Խաչատրյանը, մասնագիտությունից ելնելով, նկատեց, որ  հավաքածուների ցուցադրության ընթացքում հնչող երաժշտությունն էր լավ ընտրված դիզայներների կողմից: “Կազմակերպիչներն առաջին անգամ են այս միջոցառումը անում, միշտ էլ առաջինը դժվար է: Աստված տա` ավելի առաջ գնան: Չեմ կարող ստել ու ասել, որ շատ հիացած եմ, բայց ուրախ եմ, որովհետեւ քիչ-քիչ առաջ ենք գնում, չենք դոփում տեղում: Շատ շուտով մենք էլ կկարողանանք այս ոլորտում կայանալ”,- նշեց երգչուհին: Ռեփեր Դավոն հայ մանեքենուհիների հետ Ի դեպ, Լանա խաչատրյանը ֆոտոշարք կնվիրի մասնակիցներից մեկի հավաքածուին: “Շատ կրեատիվ ու հետաքրքիր ֆոտոսեսիա կստացվի:  Մարգարիտա Մկրտումյանի ջինսե հավաքածուն եմ հավանել: Հետաքրքիր լուծումներ էր տրված եւ նոր տենդենցներով էր: Շատ կարեւոր է, որ դիզայներները մի քիչ առաջ մտածեն”,- ասաց “Հարս” հանդեսի եւ “Մոդա Արմենիա”-ի գլխավոր խմբագիր Լանա Խաչատրյանը: ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը “Հայ մոդելավորող 2010” մրցույթից շատ գոհ էր: “Շատ եմ սիրում նմանատիպ միջոցառումների գնալ: Գեղեցիկը ցուցադրելու հրաշալի առիթ է, ինչքան շատ մնան նախաձեռնություններ լինեն, հաճելիից բացի ոլորտն էլ կզարգանա”,- ասաց ԱԺ պատգամավորը: Arminka Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք` երեկոյան զգեստնե՞րը, ջինսե՞րը, թե՞ լողազգեստները հավանեց. “Անկեղծ ասած, բոլոր հավաքածուներն էլ տարբեր էին եւ գեղեցիկ”: Իր կարծիքը հայտնեց նաեւ ժյուրիի անդամներից Նունե Աղբալյանը: “Պետք է մասնակիցների թիվը շատ լիներ, բոլորը նույն քանակի հավաքածու ցուցադրեին, պետք է էսքիզները ցույց տային մեզ, ամեն ինչ սկսում է սկզբնանկարից: Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառում են անում մեր ուսանողները”,- ասաց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ամբիոնի պրոֆեսորը: Tatev Harutyunyan Մրցույթի կազմակերպիչ, “Elite fashion”-ի տնօրեն Լուսինե Ղուկասյանը նշեց, որ “Հայ մոդելավորող 2010”-ը ամենամյա է լինելու: “Վեց ամիս առաջ նման միջոցառում անցկացնելու միտք ծագեց: Ամեն ինչ շատ լավ անցավ, թերությունները կապված էին ժամանակի պակասի հետ, որ չէինք հասցնում:  Մյուս տարի ավելի լավ կկազմակերպվի”,- ասաց Լուսինե Ղուկասյանը: Մրցույթում երրորդ տեղը զբաղեցրեց դիզայներ Մարգարիտա Մկրտումյանը, երկրորդը Տաթեւ Հարությունյանն էր, “Հայ մոդելավորող 2010” դարձավ Լիլիթ Քանքանյանը: Դիզայները ներկայացրել էր “Սայաթ-Նովա” հավաքածուն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին