×


Հայ մոդելներ

Հայ մոդելներ

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը Մայրության բերկրանքը «վարակել է» հայ մանեքենուհիներին Եթե հայտնի ես, ճանաչված ու հաջողակ, եթե մասնակցում ես գեղեցկության մրցույթների, զբաղվում մոդելային կարիերայով, լուսանկարվում անկեղծ ու համարձակ կեցվածքներով, ապա ընտանիք, երեխա ասվածը քեզ համար չէ: Սա անհեթեթ կարծրատիպ է, որով մտածելն ու առաջնորդվելը բնորոշ է շատերիս: Որպես կանոն` մանեքենուհիները չեն ամուսնանում, մտածում են միայն աշխատանքի, բարեհաջող կարիերայի մասին, իսկ ընտանքի կազմելը, գոնե մինչեւ 27 տարեկան, մղում են երկրորդ պլան: Սա գուցե արտասահմանում աշխատելու դեպքում, իսկ հայրենիքում մեր մոդելներից ոմանք այդ ասպարեզում «թոշակի» անցնելուն պես, ոմանք էլ` առանց դրան սպասելուն, գերադասեցին ընտանիք կազմելն ու մայրանալու բերկրանքը: Սա թերեւս նաեւ այն պատճառով, որ մեր երկրում մանեքենուհիները, մեղմ ասած, հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել եւ շռնդալից հաջողություններն ու միջազգային աշխատանքային պայմանագրերը յոթ սարի հետեւում են` ի տարբերություն համաշխարհային մանեքենուհիների: Գոհար Հարությունյանը երեխաների հետ Գոհար Հարությունյանը 2 տարվա ամուսնական համատեղ կյանքի արդյունքում արդեն երկու դուստր ունի` Մելինեն եւ Բիայնան: Նախկին մանեքենուհին, սակայն, չի պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով: Գոհարն ու ամուսինը` Միքայելը, ցանկություն ունեն շատ բալիկներ ունենալ: 2011թ. Գոհարը պատրաստվում է եւս մեկ անգամ մայրանալ. ցանկալի է` որդի, որը միակը չի լինի: Գոհարը ցանկանում է, որ շատ երեխաներ ծնվեն բոլոր հայ ընտանիքներում. այն լինի ոչ միայն իր, այլեւ ազգային գաղափար: Պարզվում է` գեղեցկուհուն երբեւէ այնքան չի հրապուրել կարիերան, որքան սեփական ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալը: «Ժամանակին ես ընդունակ էի մարդկանց հիացնել իմ արտաքինով: Այսօր հպարտ կարող եմ ասել, որ օրգանիզմս ինձ լավագույն նվերն է մատուցել, ես նոր մարդ եմ լույս աշխարհ բերում. դրանից էլ հրաշալի ու արժեքավոր բա՞ն: Երեխաներիս ծնվելուց հետո արտաքինս բնավ էլ չի փոխվել, եւ շարունակում եմ պահպանել լավ կազմվածքս»,- անկեղծորեն նշեց գեղեցկուհին: Այդուհանդերձ, նա չի պատրաստվում այլեւս չաշխատել ու միայն երեխաներ մեծացնել. բնավ: «Այսօր էլ հետաքրքիր գաղափարներ ունեմ, որոնք հնարավոր է, որ շուտով իրականացնեմ: Չի բացառվում, որ կրկին կմասնակցեմ գեղեցկության մրցույթի»,- ասաց գեղեցկուհի մայրիկը: Ի դեպ, Գոհարն ընտանիքով Երեւանում կլինի մինչեւ գարուն. նրանք այստեղ նոր տուն են կառուցում:      Քրիստինե Ամսարյանը ամուսնու` Արմեն Պետրոսյանի (Մենչ) եւ երեխաների հետ Նախկին մանեքենուհի Քրիստինե Ամսարյանն իր ամուսնու` Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ ծանոթացել է 2002թ.` ինչ-որ նկարահանման ժամանակ: 7 ամսվա ծանոթությունից հետո 18 տարեկան Քրիստինեն ընտանիք կազմեց, ինչպես ասում են` խաչ քաշելով մոդելային կարիերայի վրա: 2003-ի հուլիսի 21-ին ծնվեց Մենչի եւ Քրիստինեի առաջնեկը` Էլինան: Ապա մի քանի տարի անց` 2008-ի մայիսի 6-ին ծնվեցին նրանց զույգ բալիկները` Աշոտը եւ Մարիան: Այնպես որ, բազմազավակ մայրիկն առայժմ իր ամբողջ ժամանակը տրամադրում է երեխաների խնամքին: «Ինձ համար միշտ էլ առաջնայինն ընտանիքն է եղել: Բացի այդ, հիմա ընդհանրապես ժամանակ չունեմ աշխատանքի մասին մտածելու: Երեխաների հետ շատ դժվար է որեւէ այլ բանով զբաղվելը: Երբ երեխաներս ավելի մեծանան եւ մանկապարտեզ հաճախեն, այդ ժամանակ էլ կմտածեմ աշխատանքի մասին»,- ընդգծեց Քրիստինեն: Ի դեպ, նախկին մանեքենուհին երեխաների ծնվելուց հետո մոդելային կազմվածքը պահպանելու համար երկար ժամանակ սպորտով է զբաղվել: Անգելինա Բաբաջանյանը դստեր հետ Անգելինա Բաբաջանյանը եւ բիզնեսմեն Կարեն Մարտիրոսյանը, ում հետ գեղեցկուհին 24 տարեկանում ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով` խեցգետին ուտելիս, այս տարի նշեցին իրենց ամուսնության 5-ամյակը: Անգելինան ընկերներին հրավիրել էր իր իսկ պատրաստած խեցգետինները ճաշակելու, որ բավական աղի էր ստացվել: Այդ օրվա ողջ գիշերը Կարենը ծարավից ու Անգելինայի հմայքից չկարողացավ քնել: Իսկ այսօր արդեն զույգը երկու դուստր ունի` 4-ամյա Նատալին եւ 4 ամսական Վիկտորյան, որ ծնվել է այս տարվա հունիսի 22-ին: Գեղեցկուհին ասում է, որ նախկինում էլ կարիերայով այնքան տարված չէր, իր համար առաջնայինը միշտ էլ ընտանիքն է եղել: Անգելինան եւս չի ցանկանում սահմանափակվել երկու երեխայով եւ պատրաստվում է անպայման երրորդն ունենալ: Նրա խոսքերով` անչափ շատ է սիրում իր ընտանիքն ու փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Սիրում է նաեւ իր աշխատանքը, թեպետ ներկայումս իր մասնագիտությամբ չի զբաղվում. ունի սեփական բիզնեսներ, իսկ նոր ծրագրերը դեռ մշակվում են: Իհարկե, դա չի նշանակում, թե նա չի հետեւում իր արտաքինին: «Ես իմ արտաքինին հետեւում եմ ինչպես միշտ` քնում եմ ռեժիմով, ուտում եմ այն ամենը, ինչ ցանկանում եմ: Իսկ երեխաների ծնվելուց հետո գիրանալու ընթացքը շատ հեշտ կարելի է հարթել»,- եզրափակեց նա: Իրինա Թովմասյանը դստեր` Մեգիի հետ Գեղեցկուհի, մանեքենուհի Իրինա Թովմասյանի ամուսնական համատեղ կյանքը թեեւ կարճ տեւեց, սակայն 19-ամյա գեղեցկուհին հասցրեց մայրանալ: Այս տարի նրա դստրիկը` Մեգին, դարձավ 7 տարեկան: Իրինան միշտ էլ կարեւորել է սեփական երեխա ունենալու գաղափարը` միաժամանակ չանտեսելով նաեւ մասնագիտությունը: «Մասնագիտությամբ ես մոդել չեմ, ունեմ երկու կոնկրետ մասնագիտություն` անգլերենի թարգմանիչ եւ շուկայագետ: Այս տարիներին կարողացել եմ բավարար ժամանակ տրամադրել եւ բալիկիս, եւ աշխատանքիս»,- ասում է նա: Այսօր նախկին մանեքենուհին «Արարատ» հեռուստաալիքով վարում է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդումը` միաժամանակ աշխատելով «SPMS» մարքետինգային ընկերությունում` որպես վաճառքի բաժնի ղեկավար: Այնուամենայնիվ, Իրինան երազում է եւս 3 զավակ ունենալ: Ի դեպ, երրորդ զավակին նա պատրասվում է որդեգրել: Թե երբ` մեր հավատարիմ ընթերցողներին Իրինան խոստացավ առաջինն ասել: Յանա Բաբաջանյանը ամուսնու` Սերգեյի եւ երեխայի հետ Մանեքենուհի Յանա Բաբաջանյանն էլ ամուսնացավ, երբ 26 տարեկան էր: Ամուսնուն` մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյին, թեեւ ճանաչում է 10 տարի, բայց միասին` ամուսնական կյանքով ապրում են շուրջ 3 տարի: Այս տարվա մարտի 10-ին ծնվեց նրանց առաջնեկը` Ալեքսանդրը: Տղան նրանց միակ բալիկը չի լինի, քանի որ Յանան ու Սերգեյը պատրաստվում են Ալեքսանդրի համար քույրիկ կամ եղբայրիկ ունենալ: Յանա Բաբաջանյանը` Անգելինա Բաբաջանյանի հարազատ քույրը, այսօր բնակվում է ԱՄՆ-ում` Բոստոնում: Թեեւ ներկայումս գտնվում է ֆիզարձակուրդում, բայց պատրաստվում է 2-3 ամսից աշխատել իր առաջին մասնագիտությամբ` որպես դիմահարդար: Յանան վստահեցնում է, որ իր կարիերան որեւէ կապ չունի անձնական կյանքի հետ. «Կարծում եմ` առհասարակ նորմալ, կիրթ ընտանիքներում աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Ընդհակառակը, եւ ես, եւ ամուսինս հպարտանում ենք միմյանց աշխատանքային հաջողություններով: Այնպես որ, կարողանում եմ հավասարապես ժամանակս բաշխել եւ ընտանիքիս, եւ աշխատանքիս միջեւ»: Մայրության բերկրանքը զգացած` Ժենի Քոչարյան Նյութը եւ լուսանկարները` «Ե՞ս Yes» ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին