×


Հայկ Մելիքյան

Հայկ Մելիքյան

“20-րդ դարի եւ ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգաշար” Երիտասարդ դաշնակահար Հայկ Մելիքյանը ապրիլի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին կներկայացնի 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության հայտնի կատարումներ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Hayk Meliqyan Այս առթիվ ապրիլի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ մամլո ասուլիս, որին ներկա էր նաեւ դեսպանության մշակութային եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենը: Ասուլիսի ժամանակ խոսք գնաց Հայկի երաժշտական կարիերայի, նրա համերգների ու հանդիսատեսի մասին: Երիտասարդ դաշնակահարը նշեց, որ շատ գոհ է իր հանդիսատեսից. “Համերգներին լինում են մեծ թվով երիտասարդներ, որոնց հետաքրքրում  են ժամանակակից դաշնամուրային ստեղծագործությունները. լինում են դեպքեր, երբ համերգից հետո մոտենում են ինձ, շնորհավորում ու իրենց հետաքրքրող հարցերն ուղղում”: Hayk Meliqyan Ասուլիսի բանախոսներից Ալեքսանդր Հակոբյանն էլ կարեւոր համարեց համերգի վերջին պահը, երբ լինում է անսպասելի անակնկալը. “Հանդիսատեսը Հայկին ասում է տարբեր կոմպոզիտորների անուններ, իսկ դաշնակահարը տեղում կատարում է նրանց ստեղծագործություններից որեւէ մեկը”: Հայկ Մելիքյանն էլ հավելեց. “Ապրիլի 30-ի համերգին էլ կարող է նույնը լինել, ու ես տեղում իմպրովիզներ կանեմ”: Hayk Meliqyan Հայկն ասում է, որ “Կաքավիկ” կամ “Երեւանի սիրուն աղջիկ” երգերը կարելի է կատարել, օրինակ, Ֆերենց Լիստի արվեստի հետ համատեղելով, որից կստացվի գեղեցիկ իմպրովիզ: Իմպրովիզ եղավ նաեւ ասուլիսի վերջում. Հայկ Մելիքյանը լրագրողների համար կատարեց ժամանակակից դասական երաժշտության մի նմուշի փոքրիկ հատված, որով, ինչպես ինքն է ասում, ունկնդրին ներկայացրեց աշխարհին իր ասելիքը: Bravo.am-ի հետ զրույցում Հայկը նշեց, որ այս համերգից հետո` մայիսի 5-ին` “Ազգային պատկերասրահներ” երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես կգա շվեդ ջութակահարի հետ, իսկ հոկտեմբերին` Ժնեւում համատեղ համերգ կունենա երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ: Մինչ այդ համերգ կլինի նաեւ Երեւանում: Hayk Meliqyan Նշենք, որ Հայկ Մելիքյանը մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների դափնեկիր է, որոնցից հատկապես նշանակալից են 2000 թ-ին Հռոմում կայացած “Premio Valentino Bucchi” միջազգային մրցույթի երկրորդ տեղն ու 2008 թ-ին Ֆրանսիայի Օրլեան քաղաքում կայացած դաշնամուրային մրցույթում Սամսոն Ֆրանսուայի անվան հատուկ մրցանակը: Հայկի նախաձեռնությամբ 2009 թ-ին Երեւանում մեկնարկեց “20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար” նախագիծը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին