Երեւանում 8 օր թատերական հրավառություն կլինի Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի “ՀԱՅ ՖԵՍՏ” 7-րդ միջազգային թատերական փառատոնը: Այն կբացվի բուլղարական “Կրեդո” թատրոնի “Շինել” ներկայացումով` ըստ Նիկոլայ Գոգոլի հայտնի նովելի: Փառատոնին կմասնակցեն 33 թատերական խմբեր 22 երկրից` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Սլովենիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իրանից, Հայաստանից եւ այլն: “ՀԱՅ ՖԵՍՏ”-ին կմասնակցեն նաեւ Ֆիլիպ Ժանտիի թատրոնը Ֆրանսիայից եւ շվեյցարական “Տրիկստերը”: Փառատոնի շրջանակներում կցուցադրվի մոտ 50 դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացում, մատների թատրոն: Կլինեն բազում բացօթյա ներկայացումներ: “Փառատոնի գլխավոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը եւ նպաստել հայ կատարողական արվեստի զարգացմանը: Ինչպես նաեւ միջազգային չափանիշ ապահովել”,- ասում է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Փուչիկներով լոգոն Կանադացի Շոն Ռունիի անցյալ տարի ներկայացված փուչիկներով շոուն այս տարի էլ կլինի` «Փուչիկստան 2» անվանումով: Ռունին փուչիկներով “ՀԱՅ ՖԵՍՏ”-ի լոգոն է պատրաստելու: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն “Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում” խորագիրը կրող վարպետության դասեր, ցուցահանդեսներ եւ “Արդի հայ դրամատուրգիայի ընթերցումների բաց փառատոն”: Միջոցառմանը կմասնակցեն միջազգային փորձագետներ Նոյել Վիտսը եւ Պիտ Բրուկսը Լոնդոնի Արվեստի համալսարանից, Յանա Պրեկովան` Պրահայի թատերանկարչության եւ բեմանկարչության կվադրիենալեից եւ շատ ուրիշներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: