×


“Հիպոկրատի երդվյալները”

“Հիպոկրատի երդվյալները”

Սերիալ հայ բժիշկների մասին TV5-ով Երեւանի թիվ 3 հիվանդանոցում մոտ մեկ ամիս է ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը  բժիշկների մասին սերիալ է նկարահանում: Նոյեմբերից  TV5 հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի “Հիպոկրատի երդվյալները” բազմասերիանոց ֆիլմը: Սցենարի հեղինակը Ադամ Կարագյոզյանն է: Bravo.am-ը հետեւել է սերիալի նկարահանումներին: “Ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր Հիպոկրատի երդում են տվել եւ իրենց կյանքը նվիրել դրա իրագործմանը: Գիտենք, որ անվանման հետ կապված խոսակցություններ են լինելու: Մարդիկ կլինեն, որ չեն իմանա` Հիպոկրատն ով է, երդվյալներն ինչ կապ ունեն: Մոտ 60 տարբերակից ընտրեցինք սա, որ ամենահաջողն է բնութագրում ֆիլմի իմաստը: Բժիշկների մասին սերիալներ ցանկացած երկրում կան, կարելի է համեմատել, բայց ոչ մի սերիալի մեր ֆիլմը չի կարող նմանվել. ոչ մի ադապտացում, զրոյից գրված սցենար է”,- Bravo.am-ին պատմեց սերիալի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը: Սերիալի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյան “Հիպոկրատի երդվյալները” սերիալի դերասանական կազմը, ինչպես Սուրեն Թադեւոսյանն է նշում, աստղային է` Աշոտ Ադամյան, Վիգեն Ստեփանյան,  Ջուլիետա Ստեփանյան, Սամսոն Ստեփանյան, Արսեն Մելիքսեթյան (Յոժ), Նարեկ Բավեյան, Անահիտ Կիրակոսյան, Հասմիկ Ղարիբյան եւ ուրիշներ: “Սերիալն առանձնանում է նրանով, որ բոլոր դերասանները հավասարաչափ գլխավոր դերում են: Հուսով եմ, սերիալը պետք է սիրվի, որովհետեւ թեման ոչ մեկին անտարբեր չի թողնի: Այս կյանքում ամենից կարեւոր մասնագիտությունը մի փոքր անլուրջ վերաբերմունքի է արժանանում: Բժիշկների մասին, որ միշտ սրբություն են եղել, սկսել են վատ բաներ խոսել, լրատվամիջոցներն էժան սենսիացիաներ են տարածում նրանց կաշառակերության, գումարով ինստիտուտ ավարտած լինելու մասին: Բնականաբար, ճշմարտություն էլ կա դրա մեջ, բայց բժիշկների ծանր կշիռը մեր կյանքում պետք է պահպանել: Չեմ ասում, որ մեր ֆիլմով կարող ենք դա փոխել, բայց եթե ինչ-որ չափով օգնենք, միայն երջանիկ կլինեմ”,- նշեց Սուրեն Թադեւոսյանը: “Կրիմինալ չեմ նկարահանել”. Սուրեն Թադեւոսյան “Հիպոկրատի երդվյալները” Սուրեն Թադեւոսյանի նկարահանած 2-րդ սերիալն է: Ռեժիսորի առաջին` “Փախուստ բանտից” սերիալը շարունակություն չի ունենա`  կրիմինալ ոճում լինելու պատճառով: ““Հիպոկրատի  երդվյալները” մելոդրամ է: Կրիմինալ չէ, որը, ցավոք, այսօր ամենակոմերցիոնն է: Բայց  ինչ-որ տարրեր կան. տղաների բախում է լինում, իրար կրակում են, դանակահարում, բերում հիվանդանոց: Մարդիկ շատ են հարցնում` ինչու “Փախուստ բանտից” սերիալի շարունակությունը չեղավ: Շուկայի պահանջով կրիմինալ էր: Մտածված էր չորս ընկերոջ պատմություն, կրիմինալ սերիալ էր, որ շարունակել պետք չէ”,- ասաց Սուրեն Թադեւոսյանը: “Գիտեմ` ինչպես գոռալ վիրահատության ժամանակ”. Աշոտ Ադամյան Դերասան Աշոտ Ադամյանը “Հիպոկրատի երդվյալները” սերիալում վիրաբույժ  Հայկ Բագրատովիչի դերում է: Նա հիվանդի փրկության համար պատրաստ է անգամ անձնական զոհաբերության: “Նվիրյալ եմ, որ ամեն ինչ անում է մարդու առողջությունը վերականգնելու համար: Դա չի նշանակում, որ սերիալը չի շոշափի խնդիրներ, որոնք հակաբժշկական են, երեւույթներ, որ անհրաժեշտ է վերացնել այս ասպարեզում: Մինչ այս բժշկության հետ կապը եղել է բժիշկ ընկերներիս միջոցով: Մոտ երկու ամիս նայել եմ` ինչպես են իրականացնում վիրահատությունները, բժշկի պահվածքը վիրահատության ժամանակ: Գիտեմ` ինչպես են ձեռնոց հագնում, լվացվում, ինչպես են գոռում վիրահատության ժամանակ, եթե անհրաժեշտ է: Իհարկե, անձամբ վիրահատություն չենք անցկացնի, բայց իրականությանը մոտ կներկայացնենք”,- ասաց Աշոտ Ադամյանը: Աշոտ Ադամյան եւ Անահիտ Կիրակոսյան “Ինձնից շատ հեռու չի լավը լինելը, մարդկանց օգնելը”. Անահիտ Կիրակոսյան Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ է սերիալում նկարահանվում: Բուժքույր Լիլիթի դերում է, ով սիրահարվել է  գլխավո բժիշկ Հայկ Բագրատիչին` Աշոտ Ադամյանին մարմնավորած կերպարին: “Բարի, այցելուների նկատմամբ հոգատար բուժքույր եմ, ով անգամ ոչ իր հերթափոխի օրերին է աշխատում: Հրաշք կերպար, որ ներքուստ սիրահարված է գլխավո բժիշկ Հայկ Բագրատիչին: Գաղտնի չեմ կարողանում պահել զգացմունքներս, բայց Հայկ Բագրատիչը, բնականաբար, մերժում է: Կերպարը մոտ է, որովհետեւ ինձնից շատ հեռու չի լավը լինելը, մարդկանց օգնելը: Շատ հետաքրքիր են ինձ համար նկարահանումները”,- ասաց Անահիտ Կիրակոսյանը: Երեւանցի կարգին տղամարդ Վիգեն Ստեփանյանը Դերասան Վիգեն Ստեփանյանը թերապեւտ Էդուարդ Գրիգորիչի դերում է: “Ախտորոշող կենտրոնի ղեկավար եմ, բայց կարեւորը դա չի: Բժիշկները հատուկ մարդիկ են, դերասանը մասնագիտությունը չի կարող ու չպետք է խաղա, ավելի կարեւոր է` մարդկային տեսակն ինչպիսին է: Ուզում եմ, որ լինի երեւանցի կարգին տղա, այդ մարդատեսակը քաղաքից պակասել է: Մարդ, որը կարող է ընկերություն անել, սիրել ընկերներին, ընտանիքը, ինչու չէ, սիրել ընտանիքից դուրս նույնպես. նորմալ երեւույթ է:  Ծնվել է բժիշկ, որ փակ աչքերով կարող է ճիշտ ախտորոշել: Եթե նման մի կերպար կարողացա ստեղծել, հետաքրքիր կլինի: Սերիալներն ողողված են պիֆ-պիֆ, պաֆ-պաֆներով, կրիմինալ փոխհարաբերություններով, որոնք այնքան շատ են, որ դարձել են անհետաքրքիր: Ցանկացած սերիալում 30 րոպեում մի 15 հոգի մեռնում է, մի 15 հոգի ծնվում, էլի մեռնում: Այս սերիալում ինձ գայթակղեց այն, որ կան մարդկային փոխհարաբերություններ, կա սեր, կա կյանքին,  մասնագիտությանը, աշխարհին յուրովի մոտեցում: Միշտ խուսափել եմ նախապես ինչ-որ բաներ ասել չկատարված գործի մասին, ռուսները լավ խոսք ունեն` էկրանը ցույց կտա: Այ այդ ժամանակ էլ կխոսենք, որքանով ստացվեց: Ուզում ենք ստեղծել մարդկային ֆիլմ, ի վերջո, բժշկությունը ամենամարդկային մասնագիտությունն է”,-ասաց Վիգեն Ստեփանյանը: Վիգեն Ստեփանյան “Կյանքում ընտանիք չեմ քանդի, սիրուհի չեմ լինի”. Հասմիկ Ղարիբյան Հասմիկ Ղարիբյանին դժվար է բուժքույր Կարինեի դերում լինել: “Կարինեն կապված է իրենից տարիքով մեծ մի բժիշկի հետ, որ կին, զավակներ ու թոռներ ունի: Շատ է սիրում նրան: Չի ուզում սիրուհի լինել, բայց բժիշկն էլ չի կարող ընտանիքին լքել: Իրար հետ կապված են: Թիթիզ, կոկետուհու կերպարով եմ, ով փող է սիրում, ավելի սառնասիրտ է: Կարինեն իմ հակապատկերն է, դրա համար մի քիչ դժվարությամբ եմ մտնում կերպարի մեջ, որովհետեւ կյանքում ընտանիք չեմ քանդի, սիրուհի չեմ լինի: Քանի որ պրոֆեսիոնալ եմ, կհաղթահարեմ: Ինչ դեր խաղացել եմ, խոսակցությունների առիթ է դարձել: Դրանից միայն ուրախանում եմ. ուրեմն շատ բնական եմ խաղում, որ հավատում են կերպարիս”,- ասաց  Հասմիկ Ղարիբյանը: “Հիվանդանոցն օֆիսս է դարձել”. Սուրեն Թադեւոսյան “Հիպոկրատի երդվյալները” սերիալի պրեմիերան կլինի նոյեմբերին: “90%-ով նոյեմբերի 2-ից TV5-ով կհեռարձակվի: Մեծ ծավալի աշխատանք է տարվում, գրեթե ամեն օր առավոտից երեկո մեծ նկարահանող խմբով, դերասանական կազմով նկարահանումներ ունենք, շնորհակալություն 3-րդ հիվանդանոցին` աջակցելու համար: Հիվանդանոցն օֆիսս է դարձել”,- ասաց Սուրեն Թադեւոսյանը: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին