×


Իէն Գիլան

Իէն Գիլան

Լեգենդը երջանկացրեց սուպերսթարցիներին Ով չի տեսել դա, շատ բան է կորցրել: Ով դիտել է հեռուստացույցով, մեծ բավականություն է ստացել: Իսկ այն մի քանիսը, ովքեր լսում եւ տեսնում էին դա կենդանի կատարմամբ, կարող են իրենց հիրավի երջանիկ մարդ համարել:

Ian Gillan

“Նա լեգենդ է  ու նա “Շանթի” եթերում է, լարեք ձեր երեւակայությունը: Իէն Գիլանը այսօրվա համերգային երեկոյի հատուկ հյուրն է, սա երազ չէ, ռոքի լեգենդը այստեղ է”,- կոլեգաներին իրեն նախանձել տվեց հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու ջերմագին ողջույններով հանդիսատեսի հետ դիմավորեց “Deep Purple”-ի լեգենդար վոկալիստ Իէն Գիլանին ու Do Something ավստրալիական կազմակերպության ղեկավար Ջոն Դիին: Մարտի 28-ի երեկոյան “Շանթ” հեռուստաընկերության “Հայսուպերսթար”  հեռուստաշոուի ուղիղ եթերի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Իէն Գիլանը:  “Հայսուպերսթարի” 4-րդ եթերաշրջանի մասնակիցները Իէն Գիլանի ներկայությամբ կատարեցին Deep Purple-ի հիթերը:

Ian Gillan and haysuperstar

Ռաիսա Ավանեսյանի, Սուրեն Առուստամյանի եւ Իվետա Մուկուչյանի երջանկությանը չափ ու սահման չկար: Իէն Գիլանը խոստացել էր երգ կատարել սուպերսթարցիների հետ, բայց  այնքան ուժ եւ կիրք էր դրել նախօրեին կայացած երկու համերգների ընթացքում, որ ձայնը մի փոքր խզվել էր, ու քանի որ երեք օրից համերգ էր տալու Ավստրիայում, ռիսկի չդիմեց:

երաժշտական գործիքների հավաքածու

Բայց փոխարենը ռոքի լեգենդն իր կարծիքը հայտնեց սուպերսթարցիների մասին: 

“Մենք իրեն տեսնում ենք, դա մեզ համար… Միայն Իէն Գիլանի ներկայությունն արդեն ամեն ինչ է մեզ համար”,- ասաց Ավետ Բարսեղյանը: Հաղորդավարը ներկայացրեց, թե ինչպես 2009-ին “Մեդիամաքսը” բացահայտեց, որ լրանում է “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի 20-ամյակը եւ իրականություն դարձրեց Գիլանի այցը Երեւան: Այս ամենի մանրամասները Bravo.am-ը բազմիցս ներկայացրել է: Ավետը նաեւ Deep Purple-ի պատմությունը ներկայացրեց: Ի դեպ, այս տարի օգոստոսի 19-ին լրանալու է Իէն Գիլանի 65-ամյակը: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրեն Արա Թադեւոսյանն պատմեց` ինչպես առաջացավ այս գաղափարը. “Մենք շատ ուշադիր հետեւում էինք ռոքային “Հայսուպերսթար-4”-ին: Եվ քանի որ հանդիսանում էինք Իէն Գիլանի երեւանյան համերգների կազմակերպիչը, գաղափար եղավ իրեն հրավիրել այստեղ, անել հատուկ հաղորդում: Բնականաբար, առաջինը դիմեցինք պարոն Գիլանին: Պետք է ասեմ, որ նույն օրը ստացանք դրական պատասխանը. նա համաձայնեց ներկա գտնվել”:

Ian Gillan and Ara Tadevosyan

“Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի նախաձեռնող Ջոն Դին էլ նշեց, որ հաճույք է ստանում այցից: “Հաճելի է այստեղ գտնվել. ներկա լինելով փորձերին` կարող եմ ասել` հրաշալի երաժիշտներ են: Մի սքանչելի նորությամբ եմ ուզում կիսվել, այսօր մենք վերաթողարկում ենք Smoke on the water երգը` հասույթը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին փոխանցելու համար”,- ասաց ավստրալիական Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին: 

Suren Arustamyan

“Շանթ” հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը սկզբում չի հավատացել, որ Իէն Գիլանին հյուրընկալելու է իր TV-ում: “Որպես կատակի վերաբերվեցի, հետո համոզվեցի, որ դա իրականություն է: Անհավատալի իրադարձություն է կատարվում Երեւանում, Հայաստանում, որովհետեւ երբեւէ երազել այս մասին, որ Գիլանը ներկա կգտնվի “Հայսուպերսթարի” համերգին… Շատ հպարտ ու ուրախ ենք, մեր երաժշտասեր հասարակությունը, առավել եւս սուպերսթարցիները անմոռանալի հիշողություններ կունենան, ու սա մեծ ազդեցություն կունենա նրանց երաժշտական կարիերայի վրա”,- ասաց Արթուր Եզեկյանը: Ian Gillan and Haysuperstar

“Կոնկրետ ռոքը Երեւանում է ու հիմա “Շանթի” եթերում նստած է”
Իէն Գիլանի ներկայությամբ երգող առաջին համարձակը Ռաիսա Ավանեսյանն էր: “Սիրտս խփում է”,- հուզվում էր Ռաիսան: Իէն Գիլանի կարծիքը չուշացավ. “Ռաիսան ֆանտաստիկ է: Հաշվի առնելով անառողջ վիճակը` ես պարզապես մեծագույն հարգանք ունեմ Ձեր հանդեպ: Զգացված եմ, զգացմունքային երգեցիր”,- ասաց նա: Իսկ Սուրեն Առուստամյանին ռոքի լեգենդը “դատապարտեց” երկար տարիների ստեղծագործական կարիերայի: Իվետա Մուկուչյանի կատարումը եւս արժանացավ “Deep Purple”-ի վոկալիստի բարձր գնահատականին:

Raisa Avanesyan

Շոուի ընթացքում Իէն Գիլանը Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցին նվիրեց  երաժշտական գործիքների հավաքածու ու եւս մեկ անգամ նշեց, որ Հայաստանն իր հոգեւոր հայրենիքն է: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրենն էլ շնորհակալություն հայտնեց, խոնարհվեց ռոքի լեգենդի առջեւ ու հուշանվեր հանձնեց` մուշուրբա` կյանքի ձայնն է լսելու Իէն Գիլանը:): Երաժիշտ Արա Գեւորգյանն էլ ուսանողների շնորհակալական հազարավոր ստորագրությունները հանձնեց Deep Purple-ի վոկալիստին:

Ian Gillan and Suren Arustamyan

Համերգային երեկոյի վերջում Սուրեն Առուստամյանը կատարեց Smoke on the water երգը, նրան անսպասելիորեն միացավ նաեւ Իէն Գիլանը: Այսուհետ Սուրենի կիթառը կրում է ռոքի լեգենդի ստորագրությունը: Ի դեպ, Telemediacontrol ընկերության տվյալներով, «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր» կիրակնօրյա շոուի վարկանիշը (rating) կազմել է 10,41 %, իսկ մասնաբաժինը (share)` 29,23 %: Այսպիսով, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի  եւ «Շանթի» համատեղ շոուն դարձել է հանգստյան օրերի ամենավարկանիշային երաժշտական հեռուստատեսային նախագիծը: «Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Իէն Գիլանին, ով ընդունեց ծրագրի հատուկ հյուրը դառնալու մեր առաջարկը: Վստահ եմ, որ երեկվա շոուն հսկայական խթան կհանդիսանա շոուի երիտասարդ մասնակիցների ու Հայ Սուպերսթարում նվագող պրոֆեսիոնալ երաժիշտների հետագա երաժշտական կարիերայի համար»,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ տնօրեն Արա Թադեւոսյանը:



Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին