Սեպտեմբերին կթողարկվի երեւանյան համերգի DVD-ն
Ուղիղ 2 շաբաթից` մայիսի 25-ին Երեւանում կկայանա Deep Purple խմբի համերգը:
Բոլոր նրանց, ովքեր դեռ տոմս չեն գնել, հիշեցնենք, որ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը սահմանել է նոր գներ: Հատուկ առաջարկի մասին տեղեկատվությունը հասանելի է www.vgs.am կայքում եւ 58 29 87 հեռախոսահամարով:
Իսկ մինչ Deep Purple-ի համերգը, խմբի երկրպագուները վառ գույներով են հիշում մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացած Իէն Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնք կազմակերպել էր Մեդիամաքս ընկերությունը:
Մի քանի ամիս անց մարտի 27-ի համերգը հասանելի կլինի DVD-ի տեսքով: Bravo.am-ը զրուցել է DVD-ի թողարկմամբ զբաղվող ավստրալական Thompson Music ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դրյու Թոմփսոնի հետ:
- Դուք աշխատում եք ֆիլմի վրա, որի հիմքում է 2010 թվականի մարտի 27-ին Երեւանում կայացած Իէն Գիլանի համերգը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը, ինչպե՞ս եք գնահատում նկարահանված նյութը:
- Նյութը հրաշալի է, Հայաստանի Հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը հոյակապ է արել իր աշխատանքը: Աուդիոնյութի որակը նույնպես շատ լավն է: DVD-ի վրա աշխատող թիմի բոլոր անդամները ցնցված են նվագախմբի հրաշալի ելույթից:
Ակնհայտ էր, որ նրանք մեծ սիրով են նվագում: Քանի որ ներկա եմ եղել Երեւանում այդ համերգին, ապա կարող եմ ասել, որ այդ երեկոն գերող էր բոլորի համար:
Ես աշխատում եմ Իէն Գիլանի համար վերջին 12 տարիների ընթացքում, սակայն այս նախագիծը հատուկ է ինձ համար, քանի որ այն ցուցադրում է նրա հիանալի հարաբերությունները լսարանի հետ: Կարծում եմ, Իէնը շատ զգացված էր հայ հանդիսատեսի ընդունելությունից, եւ դա ակնհայտ երեւում է տեսանյութում: Կարծում եմ, որ այս DVD-ի թողարկումը իրադարձություն կդառնա Իէն Գիլանի եւ Deep Purple-ի երկրպագուների համար ողջ աշխարհում:
- Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ էր ելույթ ունենում ռոք-երաժշտի, ընդ որում` համաշխարհային աստղի հետ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է այդ DVD-ն նոր փուլ դառնալ հայկական նվագախմբի կարիերայում:
- Նվագախումբն իրեն արտակարգ դրսեւորեց, կարծում եմ, չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այն համաշխարհային կարգի նվագախումբ է:
- Ե՞րբ կարելի է սպասել DVD-ի լույս ընծայմանը եւ ո՞ր երկրներում է այն վաճառվելու:
- DVD-ն պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին եւ վաճառվելու է ողջ աշխարհում:
- Որքանով մեզ հայտնի է, DVD-ի վաճառքից ստացված միջոցների մի մասը ուղղվելու է Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնմանը:
- Այո, եկամուտները փոխանցվելու են դպրոցին:
- Պատմեք մի փոքր ձեր ընկերության մասին, ո՞ր երաժիշտների եւ խմբերի հետ եք աշխատում:
- Thompson Music-ը սկսել է գործել 1999 թվականին, երբ պատրաստեցինք “Total Abandon” CD/DVD-ի համաշխարհային թողարկումը Deep Purple-ի համար: Վերջին տարիներին մենք աշխատել ենք բազմաթիվ ավստրալացի եւ արտասահմանցի երաժիշտների, այդ թվում Red Hot Chili Peppers-ի, Rainbow-ի, Ջոն Լորդի հետ:
- Որքա՞ն վաղուց եք դուք աշխատում Deep Purple-ի եւ Իէն Գիլանի հետ, ի՞նչ աշխատանքներ եք կատարել նրանց պատվերով:
- Ես հանդիսացել եմ Deep Purple-ի կենդանի ելույթների`“Total Abandon”-ի, “Bombay Calling”-ի եւ “Around the World”-ի DVD-ների պրոդյուսերը: Մենք նաեւ թողարկել ենք Իէն Գիլանի վերջին երեք ալբոմները` “Gillan's Inn”, “One Eye to Morocco” եւ “Live In Annaheim”:
Զրուցեց Արա Թադեւոսյանը /Bravo.am/
Լուսանկարները` Դրյու Թոմփսոնի արխիվից եւ Thompsonmusic.com.au կայքից


×
3,775






