×


Ժոռ Մելոյան

Ժոռ Մելոյան

"Իմ ինտերվյուներն իմ գործերն են" Ժոռ Մելոյանն այսօր Մոսկվայում է, բայց չի բացառվում, որ հենց վաղը լինի Երեւանում, թեեւ նոր է մեկնել: Ռեժիսորն իր գործունեությունը ծավալում է եւ հայրենիքում, եւ “դուրսը”: Bravo.am-ն արդեն պատմել է` նա  վերջերս Սոսո Պավլիաշվիլիի տեսահոլովակը նկարահանեց Երեւանում: «Тост» երգի տեսահոլովակին սպասեք նաեւ մեր կայքում: Մեկնելուց առաջ էլ Սիրուշոյի նոր տեսահոլովակն է նկարահանել: Jor Meloyan Հիմա Ժոռ Մելոյանը “Comedy club”-ի նոր եթերաշրջանի մի քանի բաժինների ռեժիսորն ու համակարգչային գրաֆիկայի ղեկավարը: Նկարահանել է Պավել Վոլյայի “Офигенно”, “Маме”, Սիրուշոյի “Erotas”, Apeh jan-ի, “Armenoids”  խմբի “Transformator”, Արսեն Գրիգորյանի “Այբուբեն”, Kivera Naynomis երգերի  տեսահոլովակները, ինչպես նաեւ “Կյանքի գինը” սերիալի համար նախատեսված բոլոր տեսահոլովակները. սերիալի նույն անձնակազմով Եվրոպայում են տեսահոլովակ նկարահանելու: Նա նաեւ գովազդային հոլովակներ է նկարահանում: 2009 թվականի դեկտեմբերի 13-ին Լոս-Անջելեսի Nokia թատրոնում կայացած  M Club Music Video Award մրցանակաբաշխության ժամանակ Ժոռ Մելոյանն արժանացավ «Տարվա լավագույն ռեժիսոր» տիտղոսին: Սիրում է մոտոցիկլետ վարել, արդեն հասցրել է 7 անգամ “Ավատար” ֆիլմը դիտել, երաժշտական ոճերից էլ ռոքն է նախընտրում: - Ի՞նչն էր սկզբում: - 21 տարեկանում սկսեցի աշխատել «Արմենիա TV»-ում` “Դիլ նո դիլ”, “Բլեֆ” “Բարի լույս, հայեր”, “Ֆուրոր է”… Այսօր այս հեռուստաընկերության միայն հատուկ նախագծերի գեղեցկությունն եմ ապահովում եւ ոճ եմ տալիս: Ընդհանրապես, զբաղվում եմ համակարգչային գրաֆիկայով, կլիպմեյքեր, ռեժիսոր եմ, վիզուալ էֆֆեկտների ղեկավար /VFX Supervizor/: Jor Meloyan - Ե՞րբ սկսեցիր արտասահմանում աշխատել: - Մեկ ու կես տարի առաջ, մինչ այդ փոքր համագործակցություն է եղել:  Գնացի Մոսկվա ու սկսեցի համագործակցել ռուս արտիստների հետ: Հիմնականում արտասահմանյան շուկայի համար եմ աշխատում: -  Առաջին տեսահոլովակդ  Մոսկվայում ե՞րբ ես նկարահանել: - Պավել Վոլյայի “Офигенно” տեսահոլովակի post production-ն ամբողջությամբ արեցի: Այն էլ բերեց մյուս աշխատանքները: Սկսեցի որպես ռեժիսոր հանդես գալ: Նկարեցի կրկին Պավել Վոլյայի “Маме” երգի տեսահոլովակը: - Ո՞վ է գործընկերդ: - Հիմնականում աշխատում եմ “Comedy club”-ի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Գասպարյանի հետ: Գործընկերս է, գրեթե բոլոր նախագծերը միասին ենք գծագրում, ընդունում ու հանձնում: Որակյալ աշխատանքի ստեղծման հարցում մեծ է նաեւ նրա դերը: Jor Meloyan - Այսօր ի՞նչ առաջարկներ ունես: - Առաջարկներ շատ կան: Անուններ չեմ տա. սիրում եմ խոսել կայացած կամ գոնե կայացման փուլում գտնվող աշխատանքի մասին: Հավատացնում եմ, որ շուտով լուրջ գործեր կլինեն միջազգային շատ հայտնի արտիստների հետ: - Կինեմատոգրաֆիայի մասին ի՞նչ կասես: - Գեղարվեստական ֆիլմերի ստեղծման ժամանակ էլի post production-ն եմ անելու: Այդ ոլորտում սկսնակ ռեժիսոր եմ: Երբ կզգամ, որ ոչ սովորական ֆիլմ կարող եմ նկարահանել, կսկսեմ աշխատել այդ ուղղությամբ: - Ռուսաստանում Ժոռ Մելոյանի կարիքը կա՞: - Շատ կարծիքներ եմ լսել. տեսահոլովակներս նայելուց հետո ասում են` տեսնում եք, մեր ռուսներն արդեն ինչ լավ տեսահոլովակներ են նկարահանում:): Ինֆորմացված չեն, որ դա նկարահանվել է հայի կողմից: Ինձ թվում է` ձեռագիրս է տարբեր, դրա համար էլ հավանում են: Jor Meloyan - Ինչպիսի՞ն է ձեռագիրդ: - Կարեւոր հանգամանքն այն է… Կան չափանիշներ, որոնք Հայաստանում, ցավոք սրտի, 90 տոկոսով խախտված են: Այդ չափանիշները եթե չպահպանեի, MTV-ն, VH1-ը, Муз TV-ն, РУ TV-ն ցույց չէին տա: Այդ չափանիշներով եմ աշխատում: Կրեատիվից, ձեռագրից բացի, դա էլ տեխնիկական կողմն է: Ինչո՞ւ են ընդունում: Դա պարադոքս է, չգիտեմ, տեսնում են` դուրները գալիս է, ընդունում են: - Ո՞վ օգնեց հաստատվել Մոսկվայում: - Ճիշտ ես ասում, կան նման մարդիկ, իմ գործընկեր Գրիշա Գասպարյանը, Ռուսաստանում բավական լուրջ այլ մարդիկ, անուններ չնշեմ: Նրանք չլինեին, ոչ թե պատվերներ չէի ունենա, այլ չէին նկատի ինձ: - Մասնագիտական կրթություն ունե՞ս: - Մի ինստիտուտն ավարտել, հիմա էլ ԵՊՏԻ-ում` Ժողում եմ սովորում: Ապագա տնտեսագետ եմ, երրորդ կուրսում եմ: Ռեժիսուրայի հետ կապված էլ, եթե մի գործ սիրելով ես անում ու հաշվի ես առնում, որ մենակ դու կամ բարեկամներդ, ընկերներդ չեն նայելու… Լայն աշխարհայացք ու աշխատասիրություն է անհրաժեշտ շատ-շատ-շատ: Ինքնուսույց եմ, բայց պլանավորում եմ եվրոպական որեւէ բուհ ընդունվել, կինեմատոգրաֆիայի մասին գիտելիքներս խորացնել: Տեսահոլովակների հետ կապված խնդիր չունեմ... Grigor Gasparyan, Soso Pavliashvili and Jor Meloyan - Մոսկվայում մշտական հաստատվելու նպատակ չունե՞ս: - Դրա մասին չեմ ուզում մտածել, բայց չեմ ցանկանա, որ այդպես լինի: Որոշակի աշխատանքներ Հայաստանում էլ կշարունակեմ անել: Եթե հիմա երեքն եմ անում, մեկը կնկարեմ, ուղղակի եթե հայաստանյան շուկան դա որոշ չափով թույլ տա: Մոսկվայի ստանդարտներով չեմ կարող չափել, թեկուզ ֆինանսական առումով. դա Հայաստանում հնարավոր չէ: Բայց կշարունակեմ հայկական շուկայի համար աշխատել: - Ինչո՞ւ: - Դե հայրենիքում գնահատված լինելն ուրիշ հաճույք է: Հաճույք էլ չասեմ, ոգեշնչում, պատասխանատվության մեծացում: - Հայաստանը ներկայացնելու հայրենասիրական մղումներից ես խոսո՞ւմ: - Ոչ, սիրում եմ իմ գործը, ստացվում է ամեն ինչ: Բայց տեղն եկած ժամանակ, լավ որակ ապահովելու դեպքում, գլուխդ բարձր ես պահում` ասելով, որ հայ ես: - Ազգային էլեմենտներ օգտագործում ե՞ս աշխատանքներումդ: - Արտասահմանյան տեսահոլովակներում նման բան անելու առիթ չի եղել, որովհետեւ երգը չի պահանջել, բայց եթե առիթ ստեղծվի, կարողանամ  համապատասխանեցնել, լավ կլինի: Jor Meloyan - Հա՞յ, թե՞ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ ես սիրում աշխատել: - Չեմ կարող էդ հարցին պատասխանել: Տարբերություն չեմ տեսել, ինձ հանդիպած արտիստներից շատ շնորհակալ եմ. նպաստել են, որ հեշտ լինի գործը: Տարբերություն կա, բնականաբար, պարզապես խնդիրներ չեմ ունեցել: - Հայկական տեսահոլովակներ նայում ե՞ս: - Ինձ չեմ վերապահի գնահատական տալ, քանի որ պետք է ընդհանուր ասպարեզ լինի, որը կկայանա, ու նոր գնահատելու բան կլինի: Մի բան եթե կայացած չի, ինձ թվում է, չարժի գնահատել: Մեր շուկայում դեռ շատ շտկելու բան կա, եթեր չտալու շատ տեսահոլովակներ կան: - Հարցազրույց տալ չե՞ս սիրում: - Իմ ինտերվյուներն իմ գործերն են: Անում եմ իմ գործը, աշխատում եմ, սիրում եմ, ձգտում եմ, որակի կողմնակից եմ, օրեցօր աշխատանքս բարելավելու վրա եմ աշխատում: Ռեժիսորներն ու ետնաբեմում աշխատողները պետք է ավելի շատ գործեն, քան խոսեն, քանի որ դա խառնում ու վնասում է: Եթե ինչ-որ մեկն իրեն ռեժիսոր է համարում կամ ուրիշներն են համարում, ու նա մի քանի տեսահոլովակ նկարահանելուց հետո եթերներում սկսի խոսել, բայց նյութ չունենա, անիմաստ է: -Սոսո Պավլիաշվիլիի հետ հաճելի էր աշխատե՞լ: - Գործն էր շատ հաճելի: Առաջնահերթ Գրիգորի հետ ենք հիանալի աշխատում, անհամեստություն չլինի` իմ նկարահանումների ժամանակ միշտ շատ ուրախ է անցնում: Գիշերվա հինգն է լինում, բայց ոչ ոք չի ցանկանում տուն գնալ: Նկարահանման ժամանակ կա էթիկա, որ պահում եմ. եթե տեսախցիկ կա, չի նշանակում, որ արդեն կարող ես տեսահոլովակ նկարահանել: Ինձ վստահում են, պարտականություններ ունեմ, որակյալ պետք է աշխատեմ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Ժոռ Մելոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին