×


Կսենիա Սոբչակ

Կսենիա Սոբչակ

Ներկայացնում է Prestige ամսագիրը “Ես մի քիչ տղամարդ եմ…” Բացառիկ հարցազրույց հայտնի հեռուստահաղորդավարուհու հետ Սկանդալային, վառ, ցնցող… Ոմանց համար նա անտանելի է բեմի վրա, իսկ ոմանք հիանում են նրա կենսակերպով ու վարքով: Միշտ խնամված, ճաշակով հագնված, լավ կրթություն ստացած եւ ցանկացած զրույց պահելու ունակ… Նա հստակ գիտի` ինչի մասին, ում հետ եւ երբ կարելի է խոսել: Միշտ բեմական եւ միայն իր ներկայությամբ սենսացիա առաջացնող… Մշտապես պապարացիներին շոկային եւ ոչ ստանդարտ հնարքներով իր մասին հիշեցնող… Հարուստ, սակայն փողը գնահատող: Աշխատասեր եւ ժրաջան: Նրան հավասարապես ատում եւ սիրում են: Նա միշտ կարող է արժանապատվորեն եւ իրեն ներհատուկ հումորի զգացումով պատասխան տալ ընդդիմախոսին: Նա հասցնում է միշտ եւ ամենուր, երբեք չի ասում, որ չի ստում, չի նախանձում եւ չի կռվում: Նրան ներհատուկ են այս բոլոր որակները, եւ նա հպարտանում է դրանցով, ինչպես ոչ ոք: Կսենիա Սոբչակը` մարդ, առանց որի դժվար է պատկերացնել ռուսաստանյան շոուբզինեսը, իր տպավորություններով կիսվել է PRESTIGE ամսագրի հետ Հայաստանի, հայ տղամարդկանց եւ այն մասին, թե իր ողջ կյանքի ընթացքում ում է արել ամենաթանկ նվերը: Kseniya Sobchak - Դուք հետաքրքիր կին եք, հարցազրույց եք վերցնում աստղերից, հետաքրքիր մարդկանցից եւ ինքներդ հարցազրույցներ եք տալիս:  Ի՞նչ եք կարծում` ո՞րն է ավելի հետաքրքիր: - Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ինձանից հարցազրույց վերցնում: Դա կարող է լինել շատ հետաքրքիր մարդ, ով ինձ կստիպի մտածել այնպիսի իրերի մասին, որոնք մտքովս չէին անցնում: Նույնը կարելի է ասել հարցազրույց վերցնելու մասին: Իհարկե, կան հետաքրքիր մարդիկ, ում հետ շփվում ես ու բացահայտում քեզ համար նոր կողմից: Ես հարցազրույց եմ ունեցել Լեոնիդ Պարֆյոնովի հետ, ումից հարցազրույց են վերցրել շատ-շատերը, եւ նա արդեն ամեն ինչ ասել է իր լրագրողական գործունեության մասին: Ինձ համար մեծ պատիվ էր հարցազրույց ունենալ հեղինակավոր լրագրողի հետ, եւ այդ պատճառով ես փորձել եմ այնպես անել, որ ամեն ինչ ստացվի հետաքրքիր, նոր ու արտասովոր: Դա ինձ միշտ դուր է եկել: Ես միշտ ձգտում եմ նման հարցազրույցներ անել, բայց կրկին ամեն ինչ կախված է մարդուց: Իսկ մարդիկ լինում են նաեւ շատ «տափակ» ու անհետաքրքիր: - Ի՞նչը կարող է Ձեզ վանել մարդուց առաջին ծանոթության կամ հարցազրույցի ընթացքում: - Ես, իհարկե, չեմ սիրում հիմար հարցեր, չեմ սիրում, երբ մարդը պատրաստված չէ հարցազրույցին: Նա հարցազրույց է վերցնում եւ միաժամանակ բացարձակ չգիտի մարդուն, ոչինչ չի կարդացել նրա մասին: Անձամբ ես երբեք այդպես չեմ վարվում, եւ դա միշտ զգացվում է: Երբ մարդը սկսում է հարցեր տալ, եւ դու հասկանում ես, որ նա ոչ մի րոպե չի նախապատրաստվել, համապատասխանաբար, դու էլ չես ուզում ոչ մի րոպե ծախսել պատասխանելու համար: Kseniya Sobchak - Կսենիա Սոբչակն ընկերություն անու՞մ է տղամարդկանց հետ: Առհասարակ հնարավո՞ր է ընկերություն տղամարդու եւ կնոջ միջեւ: - Իհարկե, հնարավոր է: Ես շատ տղամարդ ընկերներ ունեմ, ես ինքս, ըստ իս, մի քիչ տղամարդ եմ, այդ պատճառով նրանց հետ շատ ավելի հեշտ է ընկերություն անել: - Այնուամենայնիվ, ու՞մ եք շտապում պատմել նորությունը առաջին հերթին` ընկերոջը, թե ընկերուհուն: - Երեւի ընկերուհուն: - Իսկ Ձեր տղամարդ ընկերների թվում կա՞ն հայեր: - Իհարկե: Իմ լավագույն ընկերը հայ է, իմ նախկին սիրած տղամարդը հայ էր: Ինձ Հայաստանի հետ շատ բան է կապում: - Ինչու՞ մինչեւ հիմա Ձեզ Երեւանում չենք տեսել: Առիթ չի՞ եղել: - Ինչպե՞ս թե չեմ եղել: Ես բառացիորեն մի քանի ամիս առաջ էի Հայաստանում ընկերոջս` Դանիել Խաչատուրովի` “Ռոսգոսստրախ” ընկերության նախագահի շնորհիվ: Այցս հիանալի անցավ, մենք բազմաթիվ տեղեր գնացինք` եղանք հիասքանչ Սեւանում, խմեցինք անկրկնելի “Նոյ” կոնյակ, եղանք Գեղարդի ժայռափոր եկեղեցում: Հիանալի ընդունելություն էր. ամեն ինչ զիլ էր: Ես այցելեցի “ԱրԱրԱտ” կոնյակի գործարան, ինձ շատ դուր եկավ նաեւ Փարաջանովի թանգարանը. շատ հուզիչ էր: Ես շատ հաճելի տպավորություններ ստացա: - Կովկասի տղամարդիկ ունե՞ն արդյոք ինչ-որ առանձնահատկություններ: Ինչպե՞ս են նրանք սիրահետում: Թե՞ տղամարդիկ բոլորը նման են: - Ոչ-ոչ, նրանք բոլորը տարբեր են: Կովկասի տղամարդիկ բոլորը թիկնեղ են, նրանք ունեն բազմաթիվ տղամարդկային որակներ, զգացմունքային են, վառ զգում են կյանքը: Ես առհասարակ շատ եմ սիրում Կովկասի տղամարդկանց: Հնարավոր է` ինձ մոտ կա շիկահերների բարդույթ, սակայն ես սիրում եմ կովկասցիներին: Kseniya Sobchak - Հաճախ ստիպված եք լինում բեմում աշխատել զույգի հետ: Անկեղծ ասեք` հաղորդավարներից ու՞մ հետ եք ավելի հարմարավետ զգում բեմի վրա: - Գիտեք, ես շատ եմ սիրում աշխատել Իվան Ուրգանտի հետ: Նրա հետ շատ հարմար է աշխատել, եւ ինձ թվում է, մեզ մոտ կա որոշակի քիմիա. նա շատ ծիծաղելի է ինձ խայթում, ես պատասխանում եմ, եւ արդյունքում շատ լավ է ստացվում: Վերջերս աշխատում էի Միշա Շայի հետ. չեմ կեղծի, միեւնույն է, կանանց համար ավելի հաճելի ու հարմար է աշխատել տղամարդկանց հետ: - Դուք ունե՞ք սահմանափակումներ: Կա՞ որեւէ բան, որը կարող է Ձեզ թույլ չտալ կատարել այս կամ այն արարքը: - Իհարկե, կա: Նայած, թե Դուք ինչ ի նկատի ունեք: Հազիվ թե ես պետքերս հոգամ կարմիր գորգի վրա, թեեւ մարդիկ ինձանից սպասում են նաեւ այդպիսի բան: Եթե խոսում ենք Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի մասին, ապա, հավանաբար, դա է ինձ համար սահմանափակում հանդիսանում: Այլ սահմանափակումներ ինձ համար չկան: Ես օրինապահ մարդ եմ, սակայն ոչ ավելին: - Ձեր կյանքում արե՞լ եք որեւէ բան, ինչին համաձայն չեք եղել: Կամ` ստիպողաբար: - Ես չգիտեմ այնպիսի մարդ, ով նման իրավիճակում չի հայտնվել: Ես համաձայն չեմ, որ ինքնաթիռը ուշանում է 4 ժամ, եւ ես պետք է սպասեմ օդանավակայանում: Բայց չէ՞ որ ես այլ կերպ վարվելու տարբերակ չունեմ: Կամ, օրինակ, ինձ դուր չի գալիս իմ տնօրենը: Ես պետք է դրա համար նրա հետ գռեհի՞կ վարվեմ: Կան իրեր, որոնց մենք մշտապես բախվում ենք: Եվ դա տեղի է ունենում գրեթե բոլորի հետ: - Ե՞րբ եք առաջին անգամ բախվել նախանձության զգացումին: - Դե, ես միշտ ինչ-որ բանի նախանձում եմ: Լավ է, երբ նախանձը բարի է եւ կառուցողական. այն միշտ օգտակար է: Ես նախանձում եմ, երբ մարդը հաջողակ է, սրամիտ, լավը եւ ուրախ: Կան շատ իրեր, որոնց ես նախանձում եմ: Ամեն անգամ տարբեր կերպ: - Կսենիա, Ձեզ չի՞ թվում, որ այսօր մենք բոլորս ապրում ենք միտումներով: Հագնվում ենք միտումներով, ամուսին ենք ընտրում միտումներով, ուտում ենք միտումներով, մի խոսքով, ամեն ինչ մոդայով: Ի՞նչ եք կարծում, դա ճիշտ է, թե կարելի է հավատարիմ մնալ կյանքի սեփական օրենքներին ու սկզբունքներին: - Կարծում եմ` այստեղ չպետք է լինեն ծայրահեղություններ: Ցանկացած միտումների, այդ թվում նաեւ մոդայի, պետք է հետեւել այնքանով, որքանով դրանք հարմար են անձամբ քեզ: Եթե ունես ծուռ ոտքեր, բայց մոդայիկ են կարճ շրջազգեստները, հավանաբար, չարժե այն հանգել: Ինձ թվում է` գլխավորը մարդն է, նրա կազմվածքը: Ավելի լավ է քեզ գրագիտորեն գնահատես, քան ինչ-որ բան սխալ անես: - Կա՞ որեւէ զգեստ, որը տեղ չունի Ձեր զգեստապահարանում, եւ Դուք այն երբեւէ չեք հագնի: - Այդպիսի բան եւս չկա. ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես ճիշտ համադրում իրերը: Կարելի է հագնել ամեն ինչ, նույնիսկ “ընձառյուծե” /леопард/ զուգագուլպաներ, եթե կարող ես դրանք ճիշտ համադրել այլ իրերի հետ: - Կասե՞ք, թե ինչ պարֆյում եք օգտագործում: - Դա գաղտնիք է, ես աշխատում եմ չխոսել այդ մասին: - Բայց դա մշտակա՞ն պարֆյում է, թե՞ Դուք հաճախ այն փոխում եք: - Ոչ, դա մշտական օծանելիք է, շատ լավ հոտ ունի, այն գտել է իմ ընկերը, եւ արդեն մի քանի տարի դա եմ օգտագործում: - Պատմեք ամենաթանկ նվերի մասին, որն արել եք Ձեր կյանքում: - Ես նվեր եմ մատուցել իմ ընկերոջը: Նա երազում էր լինել Կաննի կինոփառատոնին, որտեղ երբեք չէր եղել, եւ ես նրան հրավիրեցի Ֆրանսիա, գնեցի տոմսերը: Դա շատ դժվար էր: - Դուք նկատե՞լ եք, որ այսօր երիտասարդ գեղեցիկ աղջիկները շատ բարդույթներ ունեն, քանի որ տղամարդկանց սահմանած նշաձողը չափազանց բարձր է. Շատ են կնոջ սեռի նկատմամբ պահանջներն ու նկատողությունները: Հեռուստատեսությամբ մշտապես քարոզվում է երիտասարդությունը, եւ եթե դու 25 տարեկանից բարձր ես, աստիճանաբար գրանցում են “տատիկների” շարքերում: Արեւմուտքում ամեն ինչ ընդհակառակն է: Ինչո՞վ է դա պայմանավորված: - Անկեղծ ասած, ես դրան չեմ բախվել: Իսկ ի՞նչ քարոզչություն ի նկատի ունեք: Բոլոր գեղեցիկ հեռուստահաղորդավարուհիները 30 տարեկանից բարձր են, օրինակ, Տինա Կանդելակին, Տատյանա Լազարեւան, Դաշա Սպիրիդոնովան: Այո, լավ է, երբ աղջիկները երիտասարդ են, սակայն դա ամենակարեւորը չէ: Հարցը երիտասարդությունը չէ, այլ այն, թե ինչ է տեղի ունենում մարդու գլխում: Kseniya Sobchak - Ո՞րն է Կսենիա Սոբչակի ամենաբացասական գիծը: - Բռնկուն բնավորությունն ու չափից շատ զգացմունքայնությունը: - Կսենիա, Դուք հաճա՞խ եք ստում: - Դե, պատահում է, իհարկե… - Չե՞ք պատրաստվում նոր գիրք գրել: - Այո, ես հիմա գրում եմ եւ հուսով եմ, որ կավարտեմ մի քանի ամսից: - Կա՞ն հետաքրքիր գրողներ եւ գրքեր, որոնք հաճախ եք ընթերցում: - Դրանք բավականին շատ են: Ես սիրում եմ շատ տարբեր գրականություն: Դասականը, Նաբուկովին պաշտում եմ, շատ եմ սիրում ժամանակակիցներին: Սորոկինին եմ սիրում, միշտ ետ եմ դառնում դեպի նա: Իվանովին… Շատ-շատ բազմազան գրականություն: - Ի՞նչ նշանակություն ունի Ձեր կյանքում “Պրեստիժ” բառը: - Կարեւոր բառ է` կապված իմ աշխատանքի հետ: Եթե ես բեմ եմ դուրս գալիս, պետք է գեղեցիկ եւ թանկ տեսք ունենամ: Եթե միջոցառման եմ գնում, այն պետք է ունենա որոշակի կարգավիճակ: Այդ պատճառով, թեեւ մենք կարող ենք հրաժարվել կարգավիճակ, պրեստիժ, բացառիկություն եւ այլ հասկացություններից, այնուամենայնիվ, ցանկանում ենք մենք դա թե ոչ, միեւնույն է, այդ իրերն առկա են մեր կյանքում, եւ դրանից չես փախչի: Հարցազրույցի ձայնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեով. www.youtube.com/prestigebyaz Զրուցեց Իրինա Վանյանը Հարցազրույցը եւ լուսանկարները` PRESTIGE ամսագրի Թարգմանությունը` Կարինե Պետրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին