×


“Լավագույնը երեխաներին”

“Լավագույնը երեխաներին”

ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնի ֆորումը 2000 թվականին Երեւանում հիմնադրված Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնը տասնամյակի կապակցությամբ ապրիլի 15-ին “Արմենիա Մարիոտ” հյուրանոցում ֆորում անցկացրեց: Միջոցառմանը ներկա էին կենտրոնի բարեկամների խորհրդի նախագահ Բելլա Քոչարյանը, անդամները եւ  երեխաների պաշտպանության խնդիրներով հետաքրքրված այլ անձինք: ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնի ֆորում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը  ժամանակավոր ապաստան է անտեսված, չարաշահված, անօթեւան եւ բռնության ենթարկված երեխաների համար, իրականացնում է նրանց պաշտպանության մի քանի ծառայություն. Ճգնաժամի միջամտություն, “Թեժ գիծ” երեխայի պաշտպանության հեռախոս 0800-61-111, խնամատար ընտանիքի ծառայություն: “Կենտրոնը տասնամյա ուղին երկու փուլով է անցել: 2000-2005 թվականներին հիմնական ջանքերը ուղղված էին մուրացկանության երեւույթի հաղթահարմանը: Բարեբախտաբար, ուրախությամբ կարող եմ ասել, որ այս խնդիրն այլեւս հաղթահարված է: Երկրորդ փուլում ավելի ծանր եւ ոչ այնքան  տեսանելի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքն է: Այս տաս տարիների ընթացքում կենտրոնն  իր աջակցությունն է բերել ավելի քան 6000  ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ Սփյուռքից, Ջավախքից եւ Լեռնային Ղարաբաղից հայ մանուկներին եւ նրանց ընտանիքներին”,-ասաց ՀՕՖ-ի “Երեխաների աջակցման կենտրոնի” ղեկավար Միրա Անտոնյանը: Արեւիկ Պետրոսյանն ու Բելլա Քոչարյանը Ֆորումի ընթացքում ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի  աշխատանքների մասին տեսանյութեր ցուցադրվեցին: “1988 թվականի երկրաշարժից հետո ՀՕՖ-ը բարեգործական առաքելություն սկսեց իրականացնել Հայաստանում,  չէր կարող անտարբեր անցնել երեխաների խնդրի կողքով: 1999 թվականի ապրիլին Ներքին գործերի նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն,  նախարարության տնօրինության տակ գտնվող անչափահասների ընդունման, տեղաբաշխման կայանի մասնաշենքը հանձնվեց  ՀՕՖ-ին:  Երեխաների գերակշիռ մասը տնտեսապես անապահով, կազմալուծված կամ կոնֆլիկտային ընտանիքներից է: Հաճախ ծնողներն են նրանց մղում մուրացկանության…”,- ներկայացվեց տեսանյութում: ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնի ֆորում “Կենտրոնը փորձում է վերջ դնել երեխաների կյանքում տեղի ունեցող անցանկալի երեւույթներին, նրանց համար խաղաղ կյանքի սկիզբ դնել: Միացել ենք բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են երեխաների խաթարված մանկության վերականգնմանը:10 տարի է` երեխաների պաշտպանության դիրքերում ենք: Ամեն ինչ անում ենք, որ խնդիրները վերանան”,- ասաց Միրա Անտոնյանը: ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհուրդը ստեղծվել է 2007 թվականին, նախագահն է Բելլա Քոչարյանը: Բարեկամների խորհրդի  անդամներն են հասարակական եւ պետական գործիչներ, արվեստագետներ,  գործարարներ: Նադեժդա Սարգսյանը “Հպարտությամբ ուզում եմ նշել, որ թեեւ կենտրոնը փոքր տարիք ունի` մանուկ է, բավական մեծ աշխատանքներ է կատարել երեխաների հետ կապված: Արդեն չորս տարի է` կենտրոնի հետ ենք: Սիրով եմ կատարում իմ պարտականությունները: Բարեկամների խորհրդի դռները բաց են բարի կամք ունեցող բոլոր մարդկանց համար”,- նշեց  Բելլա Քոչարյանը: Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը Բարեկամների խորհրդի անդամ է 2009 թվականի դեկտեմբերից. “Չկա մի քաղաքական գործիչ, ով իր հրապարակային ելույթներում չանդրադառնա երեխաների հարցերին` հիմնական շեշտադրում կատարելով, որ երեխաները մեր ապագան են, հույսը, հավատը: Վստահ եմ, որ կենտրոնը հաջորդ տարիների ընթացքում նորանոր ձեռքբերումներ կարձանագրի”,- ասաց ԱԺ փոխնախագահը: ՀՕՖ-ի երեխաների աջակցման կենտրոնի ֆորում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը եւս շնորհավորեց ՀՕՖ-ի երեխաների աջակցության  կենտրոնին 10-ամյակի կապակցությամբ.“Ուրախ եմ, որ պետությունը մենակ չէ երեխաների պաշտպանության, դաստիարակության հարցում”: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանն էլ է  Բարեկամների խորհրդի անդամ: “10 տարի է` ՀՕՖ-ի հետ միասին աշխատում ենք: Ակնառու է աշխատանքը մուրացիկ երեխաների առումով, սակայն անելիքները շատ-շատ են, այսօր այլ խնդիրներ ունենք, որոնք ավելի արագ ու արդյունավետ  կլուծենք”,-ասաց Նելլի Դուրյանը: Ֆորումին խնամատար ծնողներ էլ էին մասնակցում: Տիկին Քնարիկը որդեգրած երեխաներ ունի, նաեւ խնամակալ ու խնամատար ծնող է: “Ես ու ամուսինս ցանկանում էինք շատ երեխաներ ունենալ, բայց մերը չունեցանք որպես կենսաբանական ծնողներ: Որ որդեգրած զավակս մենակ չմեծանա, մեր ընտանիք ընդունեցինք երկու հույն  երեխա, հետո  մահացավ ամուսնուս քույրը, նրանց երկու երեխան մնացին առանց ծնողների, դարձանք նրանց խնամակալ ծնողները: Երեխաները շատ կապված են, սիրում են իրար: Դժվարություններ լինում են, բայց բոլոր խնդիրները հաղթահարելի են: Մենք էլ երջանիկ ծնողներ ենք: Գտել ենք հույն երեխաների հորը, ով  արդեն ցանկանում է նրանց վերցնել իր մոտ”,- ասաց տիկին Քնարիկը: Arsen Grigoryan & Luiza Ghambaryan Ֆորումին ներկա էին  նաեւ Բարեկամների խորհրդի անդամներ Արսեն Գրիգորյանը, Հրաչուհի Ութմազյանը, Նադեժդա Սարգսյանը, Լուիզա Ղամբարյանը: Արսեն Գրիգորյանը` Մրոն,  երեք տարուց ավել է` միացել է խորհրդին, ցանկանում է` տեր կանգնենք մեր երեխաներին, որ այս կառույցի կարիքը այլեւս չլինի: “Մենք էլ գիտենք, որ մեր հասարակության մեջ շատ մարդիկ ուղղակի միավորներ հավաքելու համար են բարերարությամբ զբաղվում, փորձում ցույց տալ իրենց: ՀՕՖ-ում կռիվ է տարվում, որ մեր հասարակության մեջ բարոյահոգեբանական վիճակը մաքրվի, բարձրանա: Ամենակարեւոր ծրագիրը խնամատար ընտանիքն է, մենք հավատում ենք, որ հայ երեխան պետք է ընտանիքի մեջ մեծանա”,- ասաց Արսեն Գրիգորյանը: Երաժիշտ Արա Գեւորգյանը նույնպես նշեց, որ հավաքվել ենք շատ կարեւոր խնդրի համար.“Արվեստի մարդիկ էլ բարեգործական համերգներով են աջակցում”: “Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն” կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հաջողության գրավականը սերն է. “Մի հասարակություն, որ չի կարողանում հոգալ երեխաներին, ապագա չի ունենա: Անտարբերությունը երեխայի նկատմամբ չարիք է, գուցե նաեւ հանցագործություն”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW