×


“Մատնաչափիկը”

“Մատնաչափիկը”

Աննա Էլբակյանը բեմադրել է Անդերսենի հայտնի հեքիաթը :) Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ “Էդգար Էլբակյան” թատրոնը նոր ներկայացում է պատրաստել, որի պրեմիերան կկայանա հունիսի 1-ին: Անդերսենի “Մատնաչափիկը” թատերական մեկնաբանությամբ ու բեմադրությամբ ներկայացնում է ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը: “Մատնաչափիկը” Դերասանուհին մոտ 8 տարի բեմադրում է ներկայացումներ երեխաների համար ու կարծում, որ դրանք նաեւ մեծահասակների համար են. “Անդերսենի տեքստերը շատ պոետիկ ու փիլիսոփայական են: Երբ կարդում ես, մտածում ես` մեծերի համար է գրել, ուր էր, թե մեծերն էլ հեքիաթներ կարդային…”: :) Աննա Էլբակյանը եւ Արմեն Էլբակյանը Ներկայացման դերակատարներն ընտրվել են տիկնիկների նմանությամբ: Երգիչ Էրիկն էլ է դեր ստացել, որտեղ երգում է, նաեւ խոսում. “Տիկնիկի ձայնով երգելու ու խոսելու համար մարդը պիտի նման լինի այդ կերպարին, իր դեմքի նմանությամբ Էրիկը համապատասխանում էր:)”,- ասաց Աննա Էլբակյանը: Մարիոնետային թատրոնում կան առանձին տիկնիկավարներ ու դերը կարդացողներ: Դերերը կարդացել ու երգել են Լիլի Էլբակյանը (Մատնաչափիկ), երգիչ Էրիկը (Էլֆ), Արսեն Գրիգորյանը (մայիսյան բզեզ), Աննա Էլբակյանը (մուկ), Նառա Սեւունցը (ծիծեռնակ) եւ այլք: Իսկ տիկնիկավարներն են Լուսինե Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը, Մարինե Մխիթարյանը, Սոնա Հարությունյանը, Դավիթ Գասպարյանը, Տաթեւ Հարությունյանը: Աննա Էլբակյան. “Եթե չափահաս մարդը ներում է թերությունները, ապա երեխան, կոպիտ ասած, “գրդոնը” չի ներում” Ներկայացումը մեկ գործողությամբ է, մոտ 1 ժամ տեւողությամբ. “Չգիտեմ` փոքրիկները կկարողանան 1 ժամ անշարժ նստել: Անհանգիստ երեխաներին նստացնում ենք դռան մոտ, նրանք կարող են ազատ դուրս գալ, հետո վերադառնալ: Համակարգչով ու գունեղ մուլտերով իրենց բացը տանը լրացնում են, բայց թատրոնը կենդանի շփում է: Եթե փոքր տարիքից վարժեցնենք, կսովորեն թատրոնի մթնոլորտին: Կան երեխաներ, որ մթությունից վախենում են, նրանց տանում ենք լուսավորողների սենյակ, բացատրում ենք, որ բարի մարդիկ են աշխատում իրենց համար, երեխաներն այդպես ընդունում են խաղի կանոններն ու մասնակիցն են դառնում: Թատրոնում իրենց տան նման պիտի զգան”,- կարծում է բեմադրիչը: Աննա Էլբակյան. “Անդերսենի տեքստերը շատ պոետիկ ու փիլիսոփայական են” Ըստ բեմադրիչի, մանկական ներկայացման վրա աշխատելիս` հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք. “Եթե չափահաս մարդը ներում է թերությունները, ապա երեխան, կոպիտ ասած, “գրդոնը” չի ներում: Երեխան ամեն մանրուք նկատում ու անկեղծ ասում է: Չարլզ Չապլինն, երբ ուզում էր հասկանալ իր դերասանական կտորն ինչպես է ստացվել, առաջինը հենց երեխաներին էր ցույց տալիս:): Իսկ մեծերը թատրոն գալիս են նախապես դիրքավորված` կոնկրետ դերասանին տեսնելու, քննադատելու, հետաքրքրասիրությունից դրդված, կամ էլ իրենց կուռք դարձրած դերասանն ինչ էլ անի` դրական է”: Ի դեպ, ներկայացման երաժշտությունն ու երգի տեքստերը գրել է բեմադրիչը` Աննա Էլբակյանը, որը նրա առաջին փորձն է, նկարչական ձեւավորումն արել է Սուսաննա Տոնոյանը: “Մատնաչափիկը” ներկայացման պաստառը «Մեր մարիոնետային թատրոնի սկզբունքը շատ նման է կինոյին. ունենք նախապատրաստական փուլ, որի ժամանակ տիկնիկներն ենք գծագրում, պատրաստում, ձայնագրություններն ու դեկորներն ենք անում: Բոլոր երգերն ու տեքստերը մենք առանձին ձայնագրում ենք բոլոր ձայնային էֆեկտներով, հետո սկսում տիկնիկների հետ աշխատել: Շատ եմ ուզում այդ ձայնագրությունները ձայնասկավառակի վերածել, որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ լսեն հեքիաթները»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին