×


“Մեղրը կամ Յոթ ուղերձ նահանգապետին”

“Մեղրը կամ Յոթ ուղերձ նահանգապետին”

Պրեմիերա Մայր թատրոնում Մարտի 12-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կայացավ “Մեղրը կամ Յոթ ուղերձ նահանգապետին” բեմադրության պրեմիերան: Ներկայացման հեղինակն ու պրոդյուսերը Արմեն Մազմանյանն է, բեմադրող-նկարիչը` Դավիթ Մինասյանը: “Մեղրը կամ Յոթ ուղերձ նահանգապետին” Ներկայացման պրեմիերային ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էլբակյանների ընտանիքը, Աշոտ Ղազարյանը կնոջ հետ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, այլ բեմադրիչներ ու թատերագետներ: Ներկայացման մեջ ընդգրկված են տասը դերասաններ: Գլխավոր դերերում են Լորենց Առուշանյանը եւ Կարեն Ջանգիրովը: Տեւողությունը մոտ մեկ ու կես ժամ է: Ashot Ghazaryan Պիեսը բեմադրվել է Տոնինո Գուերայի “Մեղրը” պոեմի հիման վրա: “Մի օր մեր մեջ ինչ-որ բան փոխվեց. սեւ ագռավափետուրը սկսեց շամփրել օդը, եւ այդժամ վախը սողոսկեց մեր ականջների մեջ ու խլացրեց մեզ… Մենք կորցրել ենք հիանալու ունակությունը: Անհրաժեշտ է վերադառնալ, կրկին դառնալ բնության նվիրված եւ շնորհակալ զավակներ, բնության, որի մի մասնիկն էլ ինքներս ենք` ջրով, օդով, ծաղիկներով, կենդանիներով…”,- սա էր ներկայացման հիմնական թեզը: Պրեմիերա Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում Ռեժիսոր Արմեն Մազմանյանը նշեց, որ բեմադրության համար 9 մլն դրամ է տրամադրվել պետպատվերի շրջանակում. “Այս ստեղծագործությունն իր բովանդակությամբ ինձ շատ հարազատ է, որովհետեւ ամբողջ մարդկությունն է կորցնում իր մարդկային դիմագիծը: Գործը հասցեագրված է բոլորիս, մեր զազրախոսությանը, իրար չսիրելուն, չար լինելուն… Դերասանները Սունդուկյան թատրոնից են ու իմ ղեկավարած “Գոյ” թատերախմբից”: Ներկայացման ավարտից հետո հանդիսատեսի կարծիքները հակասական էին. ոմանց ներկայացումը դուր էր եկել, ոմանց` ոչ. “Միգուցե ես չհասկացա, բայց ներկայացման ասելիքը տեղ չհասավ: Ուշադիր նայում էի, փորձում հասկանալ իմաստը, ընկալել դերասանների խաղը, էդպես էլ մինչեւ վերջ չհասկացա”,- ասաց հանդիսականներից 28-ամյա Արամը: Դերասանուհի Աննա Էլբակյանը չէր հավանել բեմադրությունը. “Ցավով եմ ասում, բայց կարծես 3-րդ կուրսի դիպլոմային աշխատանք դիտեի: Չկար ոչ մի շեշտ, անցում, փոխհարաբերություն, դերասանական կտոր: Կարծես, նկարչական գաղափար էր, որով փորձում էին շարժել հանդիսատեսի հետաքրքրությունը”,- ասաց դերասանուհին: Armen and Emma Elbakyans Թատերասեր Մարինեին ներկայացումը դուր էր եկել. “Դերասանական խաղը լավն էր, դեկորները, էֆեկտները նույնպես հետաքրքիր էին: Կուզեի, որ մի քիչ ավելի դինամիկ լիներ: Հատկապես հավանեցի ավարտը, երբ հերոսները վերջում մահանում ու երկինք են բարձրանում”: Արմեն Մազմանյանն ասաց, որ անտարբեր է քննադատության նկատմամբ. “Ոչ մի լուրջ քննադատություն չեմ տեսնում. չարացած, սուբյեկտիվ, անձնավորված կարծիքներ են: Ներկայացումը հավանում կամ չեն հավանում նրա համար, թե ով է բեմադրիչը”: Արմեն Մազմանյանի խոսքերով, բեմադրության փորձերը տեւել են 4 ամիս: Այն ընդգրկված է Մայր թատրոնի խաղացանկում. “Առաջին անգամվա համար ընդհանուր գոհ եմ: Ներկայացումն երեխայի պես է. անընդհատ պետք է խաղա, աճի, մաքրվի: Գրական նյութի հիման վրա հեղինակային ռեժիսուրա եմ արել, տարբեր գործեր համատեղել եմ մեկի մեջ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին