×


Նարեկ Մարգարյան

Նարեկ Մարգարյան

Երաժիշտ, հումորիստ, դասախոս, Էլվիս… Էլվիս Փրեսթլին ծնվել է 1935թ. հունվարի 8-ին: Նարեկ Մարգարյանը ծնվել է 1983թ. սեպտեմբերի 14-ին: Էլվիսը դեռ մանկուց ճանաչել ու լսել է ԲԲ Քինգին: Նարեկը մանկուց դաստիարակվել ու ճանաչել է ջազմեն եւ կոնտրաբասիստ Կոլյա դյադյային :): Էլվիսն իր առաջին կիթարը նվեր է ստացել 11 տարեկանում: Նարեկը` 16-ում: Իր առաջին սինգլը` “My Happiness”–ը, Էլվիսը ձայնագրել է 18 տարեկանում: Նարեկը` 19-ում: 1956 թ-ին Էլվիս Փրեսթլին նկարահանվել է “Love me tender” ֆիլմում: 2006 թ-ի սկզբին Նարեկը սկսել է գրել իր ֆիլմի սցենարը, որը դեռեւս նկարահանված չէ: 1958 թ-ին Էլվիսը սկսեց ծառայությունը ԱՄՆ բանակում: Նարեկը չի ծառայել, քանի որ ավարտտել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրան եւ հիմա գիտությունների թեկնածու է: Narek Margaryan Փետրվարի 28-ին “Stop” ակումբում տեղի ունեցավ Նարեկ Մարգարյանի “ELVIS BLUES” համերգը: Այն հարգանքի տուրք էր ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսթլիին, սակայն համերգի ընթացքում հնչեցին նաեւ ռոք-ն-ռոլային կատարումներ, բալադներ, գոսփելներ: “Stop” ակումբում հավաքված բլուզի տարբեր տարիքի սիրահարները մոտ 2,5 ժամ Նարեկի հետ հավասար երգում էին, շատերը` նաեւ պարում: Ռոք-ն-ռոլի ակունքներում հենց բլյուզն է, որը համարվում էր բացառապես սեւամորթների երաժշտություն: Էլվիս Փրեսթլին առաջին սպիտակամորթ երաժիշտներից էր, ով փորձեց նվագել բլյուզ եւ հաջողության հասավ: Անգլերենի մասնագետ եւ երկրագետ Նարեկ Մարգարյանն աշխատում է որպես դասախոս եւ ընտրությունների կազմակերպման ոլորտում, զբաղվում է հումորով եւ երաժշտությամբ: Narek Margaryan «14 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի Էլվիսին: Հեռուստացույցով Էլվիսի մասին մի ֆիլմ էին ցուցադրում, որն ես ձայագրեցի ու սկսեցի մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կատարումը: Հավանեցի բոլորը` առանց բացառության: Դրանից հետո արդեն սկսեցի գնել ձայնասկավառակներն ու հետաքրքրվել Էլվիսով: Հենց այդ տարիքից էլ սկսեց իմ սերը Էլվիս Փրեսթլիի գործունեության հանդեպ: Իսկ 16 տարեկանում առաջին անգամ կատարեցի Էլվիս Փրեսթլիի երգացանկից «Heartbreak hotel» երգը »,- պատմում է Նարեկը: Նարեկը նշում է, որ Էլվիսի երգացանկից իրեն լիովին բնութագրում է «Trouble» երգը, չնայած այն ամենասիրելին չէ: «Ոչ մեկ չի կարող երգել ճիշտ այնպես, ինչպես երգում էր Էլվիսը, ու ես էլ չունեմ այդպիսի նպատակ: Կատարման ձեւը կախված է տրամադրությունից»,- ասում է Նարեկը: Narek Margaryan and Yelena Gevorgyan Մի քանի տարի առաջ Նարեկը նպատակով մեկնեց ԱՄՆ` Մեմֆիս քաղաք ու առաջին հերթին այցելեց Էլվիսի տուն-թանգարան` “Graceland”:  Մեմֆիս քաղաքի մի ամբողջ թաղամաս գնվել է «Elvis Prestley Enterprises» ընկերության կողմից, այնտեղ գտնվում են Էլվիսին նվիրված բազմաթիվ թանգարաններ, խանութներ, հյուրանոց: Հենց այնտեղ էլ Նարեկը այցելեց «Lansky Brothers» խանութը, որտեղից հագուստներ էր գնում ռոք-ն-ռոլի արքան: Այն հագուստը, որոնցով Նարեկը ելույթ է ունենում հիմա, ձեռք է բերվել հենց այնտեղից, իսկ հագուստների համար վճարելու ժամանակ Նարեկը հանկարծ նկատել է պատին կախված մի լուսանկար, որի վրա պատկերված էին Էլվիս Փրեսթլին եւ Լանսկի եղբայրներից մեկը, ով երկար ժամանակ Էլվիսի դերձակն է եղել եւ հենց այդ պահին սպասարկում էր Նարեկին: Narek Margaryan Նարեկն իրեն ֆանատ չի համարում եւ վերաբերվում է Էլվիսին որպես մի անձնավորության, ով բացահայտեց իր համար ջազի, բլյուզի, քանթրի երաժշտության աշխարհը: “Ես կոլեկցիոներ եմ ու հավաքում եմ Էլվիսի ձայնասկավառակները, նկարները, նրա մասին գրքերը”,- ասում է Նարեկը: Նարեկը հանգիստ է վերաբերվում քննադատությանը: “Եթե քննադատությունն իրոք կոնստրուկտիվ է, ապա ամենադրական բանն է, որ երաժիշտը կարող է երբեւէ ստանալ, որովհետեւ այն օգնում է շտկել բացթողումները եւ կատարելագործվել: Իսկ քննադատ հայացքներ հիմա ավելի քիչ են, քան 10 տարի առաջ: Բոլորին էլ հետաքրքիր էր տեսնել 50-ական թվականների սանրվածքով տղայի, բայց հետո ինձ սկսեցին ընկալել, ոնց որ Թամանյանի արձանն են ընկալում:)”,- պատմում է Նարեկը: Նա գրում է երգեր: Ձայնասկավառակը կթողարկվի, երբ երգերը լրիվ պատրաստ լինեն: Իր անհատական կարիերան կախված է ժամանակի պակասից եւ գումարային հարցերից: Նա միաժամանակ զբաղվում է տարբեր նախագծերով: Իր գործընկեր Սերգեյ Սարգսյանի հետ նրանք աշխատում են “ԱրմՔոմեդի” նախագծի վրա: Անց են կացնում stand-up երեկոներ, գործում է armcomedy.com կայքը, որտեղ եւ ներկայացվում են տղաների հումորային նյութերը եւ սքեթչերը: Շուտով սպասվում է նաեւ հեռուստանախագիծ: Նարեկը հանդիսանում է նաեւ elvis.am կայքի հեղինակը: Narek Margaryan “Հավատացեք, չկա որեւէ երաժշտական նորություն, որ արդեն չի արվել: Կան շատ ու շատ հայտնի երաժիշտներ, ովքեր նորի հիմքն են հանդիսանում եւ ում աշխատանքները շարունակվում են, ներկայացվում են փոփոխված: Եվ եթե մարդիկ հետաքրքրվում են երաժշտությամբ, մեծ սխալ է նրանց կողմից չլսել եւ զրկվել  այդպիսի գանձերից”,- ասում է Նարեկը Մարգարյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW