×


Փարավոն Միրզոյան

Փարավոն Միրզոյան

Արվեստն առանց հոգու չի ստեղծվում” Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն իր հոբելյանական ցուցահանդեսով ներկայանում է արվեստասերներին: Նա ցուցադրել է վերջին հինգ տարիներին արված աշխատանքները, նաեւ “Հայաստան” եւ “Արցախ աշխարհ” պաննոները`յուղաներկով արված մեծ կտավները, որոնք ներկայացնում են հայրենիքի հավաքական նկարագիրը: Paravon Mirzoyan Մարտի 17-ին Նկարիչների միության ցուցասրահում կայացավ գեղանկարչի հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արվեստագետին շնորհավորելու էին եկել նրա գործընկերները, մտերիմները, մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, հայտնի դեմքեր ու գեղանկարչության սիրահարներ: “Վերջին 5 տարիներին մեծ մասամբ ապրել ու ստեղծագործել եմ Գառնիում, ուսումնասիրել եմ Հայաստանը, այս նկարները հենց իմ հայրենիքի գովքն են: Այն, ինչ ստեղծել եմ, ինձ հոգեհարազատ է, որովհետեւ արվեստն առանց հոգու չի ստեղծվում: Եզակի եմ համարում “Արցախ աշխարհ” պաննոն, կարծես առաջինն եմ, որ առանձին ներկայացրել եմ մեր Արցախը”,- իր աշխատանքների մասին ասաց Փարավոն Միրզոյանը: Aghvan Hovsepyan and Paravon Mirzoyan Հայաստանի Ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանն ասաց, որ շուտով լույս է տեսնելու Փարավոն Միրզոյանի մասին 150 էջանոց մի ալբոմ, որի առաջաբանի հեղինակն ինքն է: Արմեն Գասպարյանի խոսքերով, նկարչին լավ է ճանաչում ու շատ մտերիմ է նրա հետ. “Արտաքին խստության տակ թաքնված է նուրբ հոգի, նա բարի էությամբ, կյանքը սիրող, շուտ սիրահարվող, աշխատասեր, կազմակերպված մարդ է”,- ասաց Արմեն Գասպարյանը: Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին շատ էր դուր եկել նկարչի “Աղոթք” գեղանկարը, որը կցանկանար իր տան պատից կախել. “Իրենց մեծությամբ, կատարման տեխնիկայով շատ տպավորիչ են 2 պաննոները, բայց փոքր գործերն էլ գեղեցիկ են ու յուրահատուկ: Իհարկե, կուզենայի իմ տանն ունենալ “Աղոթքը””: Նկարչի “Աղոթք” գեղանկարը Ռեժիսոր Նաիրա Սարգսյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմանկար-ֆիլմ է նկարահանում Փարավոն Միրզոյանի մասին. “Որոշել եմ գործող նկարիչների մասին ֆիլմերի շարք պատրաստել, առաջինը հենց Փարավոն Միրզոյանի մասին է լինելու: Միայն հարցազրույց ու կտավներ չեն լինելու ֆիլմում, մենք նրան օրվա ընթացքում հետեւում ենք, ուզում ենք բացահայտել նրան որպես մարդ, նկարիչ, տնօրեն… Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է “Փարավոն”, երեւի տարվա վերջում պատրաստ կլինի այն”,- նշեց 23-ամյա ռեժիսորը: Գեղանկարչի հոբելյանական ցուցահանդեսի բացումը նկարիչների միության ցուցասրահում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանը ներկայացրել էր մոտ 50  աշխատանքներ` գեղանկարներ, գծանկարներ, պաստելով արված գործեր եւ այլն: Ցուցադրված աշխատանքներում հատուկ տեղ էին զբաղեցնում բնանկարները, նատյուրմորտները, կնոջ դիմանկարները: Ի դեպ, գեղանկարիչն իր “Հայաստան” պաննոն նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին` իր ծննդյան օրը, նվիրել է Ազգային պատկերասրահին: Գեղանկարիչը շարունակելու է ստեղծել տարբեր թեմաներով նոր պաննոներ: Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին