×


ReAnimania

“ReAnimania”-ն մեկնարկեց

“Շունն ու կատուն” հյուրընկալել են արտասահմանցի “կոլեգաներին” Հոկտեմբերի 3-ին մեկնարկեց երեւանյան միջազգային անիմացիոն առաջին կինոփառատոնը: Այդ առիթով Երեւան են ժամանել ֆրանսիացի, ամերիկացի, իսպանացի, գերմանացի, ռուսաստանցի եւ բրազիլացի անիմատորներ` ներկայացնելով մոտ 250 ֆիլմ: ReAnimania ReAnimania-ի բացման արարողությունը տեղի ունեցավ “Մոսկվա” կինոթատրոնում: Հյուրեր Միքայել Պողոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Մաքս Հաուարդը /ԱՄՆ/, Յոշի Թամուրան /Իսրայել/, Ռենո Արմանեն, Միշել Օսելոն, Տիցիանա Լոշին /Ֆրանսիա/ եւ Նինա Փեյլին /ԱՄՆ/ անցան կարմիր գորգով: Հնչում էին “Բիթլսի” ստեղծագործությունները: Փառատոնի հյուրերը ժամանում են “”Ինձ ջինսով եւ “Բիթլսով” հողին կհանձնեք”,- ասել է Ռոբը` Ռոբերտ Սահակյանցը: Բոլորս կարոտում ենք նրան: Այսօր պետք է մեզ հետ լիներ: Նրա պատվին է այս երաժշտությունը”,- բացման խոսքում ասաց փառատոնի հիմնադիր, տնօրեն Վրեժ Քասունին: Անիմացիայի հայ վարպետ Ռոբերտ Սահակյանցի հիշատակին էր նվիրված ռեժիսորի “Աղվեսագիրք” ֆիլմի ցուցադրությունը: “Իզուր չէ, որ փառատոնը “Ռեանիմանիա” ենք անվանվել. անիմացիոն աշխարհը վերածնման կարիք ունի: Ուզում ենք վերակենդանացնել 70 տարվա մշակույթը եւ արժեքները”,- ասաց Վրեժ Քասունին: Միքայել Պողոսյան Փառատոնը բացեց “Persepolis”-ը ReAnimania-ի ընթացքում 4 լիամետրաժ ֆիլմի պրեմիերա է լինելու: Ֆրանսիական արտադրության “Պերսեպոլիս”-ը ցուցադրվեց բացման ժամանակ: Ռեժիսորներ Մարժանե Սատրապին եւ Վինսենտ Պարոնուն իսլամ դավանող մի աղջկա կյանքի պատմությունն են ներկայացնում: Կազմակերպիչների նպատակն է 2007-2009 թվականների աշխատանքներ ներկայացնելը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Արծվի Բախչինյանը թարմություն, նոր արտահայտչաձեւեր է խոստանում հանդիսատեսին, քանի որ սա այն ժանրն է, ուր մադու երեւակայությունը կարող է թույլ տալ ամեն ինչ: 2008 թվականի արտադրության “Վալս Բաշիրի հետ” /Waltz with Bashir/ Իսրայելի` Լիբանան ներխուժելու մասին ֆիլմի հեղինակը իսրայելցի ռեժիսոր Արի Ֆոլմանն է: Պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին: Նինա Փեյլիի “Սիտան բլյուզ է երգում” /Sita sings the blues/ եւ Բիլ Փիլմփթոնի “Հիմարներ եւ հրեշտակներ” /Idiots and angels/ ֆիլմերն էլ ամերիկյան անիմատորներն են ներկայացնում: “Հիմարներ եւ հրեշտակներ”-ը կարճամետրաժ կատակերգություն է: Եսասեր, կոպիտ, անբարո Էնջելսը մի օր արթնանում է` մեջքին հրեշտակի թեւերով: Դրանք նրան ստիպում են լավ արարքներ կատարել: “ReAnimania”-ն հանդիսատեսին ներկայացնում է նաեւ ֆիլմերի ստեղծման գործընթացը` անիմացիոն ֆիլմերի պատկերապատման, կերպարների ձեւավորման, մուլտիպլիկացիոն “Աղվեսագիրք”, “Սասնա ծռեռ”, “Իգոր”, “Ազուր եւ Ասմար” ֆիլմերի կադրերի ցուցահանդես: ReAnimania Փառատոնի մրցութային ծրագրերի համար ընտրվել է շուրջ 100 լիամետրաժ, կարճամետրաժ, կրթական, ավարտական, հեռուստատեսային ֆիլմ: Ռեժիսոր եւ սցենարիստ Պեդրո Ռիվերոն էլ է Երեւանում: Նրա “Գիշատիչների ճգնաժամ” անիմացիան ներկայացված է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Լիամետրաժ ֆիլմերի Ժյուրիի կազմում են Միքայել Պողոսյանը, Նինա Փեյլին, Օտտո Գեռան: Վերջինս Բրազիլիայի` գրեթե գոյություն չունեցող անիմացիայի վարպետ է: Իր առաջին լիամետրաժ ֆիլմն է “Ռոքի եւ Հադսոն. միասեռական կովբոյները” /1994թ./: ReAnimania-ի հատուկ ցուցադրությունների շարքում է Գեռայի “Սեքս, սուսամբար եւ ռոք-ն-ռոլ” ֆիլմը: Հայկական անիմացիան 70 տարեկան է ReAnimania փառատոնի շրջանակներում անց է կացվում հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` նվիրված առաջին հայկական անիմացիոն “Շունն ու կատուն” ֆիլմի էկրան բարձրանալու 70 ամյակին: ReAnimania Ներկայացվում է հայ անիմացիայի վարպետ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի ընտրանին` “Քաջ նազարը”, “Աղվեսագիրքը”, “Խոսող ձուկը”, “Լիլիթը”, “Անհաղթը” “Կիկոսը” “Բարեկենդանը” եւ այլն: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են նաեւ համաշխարհային անիմացիայի լավագույն նմուշները` սկսած 1960-ականներից մինչեւ մեր օրերը: Ինչպես նաեւ գերմանական անիմացիայի 100-ամյակին եւ հեղինակավոր իտալացի անիմատոր Բրունո Բոցետոյի ստեղծագործություններին նվիրված ծրագրեր: Ծավալային անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրյաեւի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն էլ եղավ, ում աշխատանքները վերջերս են հայտնաբերել: Բալետի վարպետ Շիրյաեւը, պարզվում է, նկարել է նաեւ անիմացիոն տիկնիկային ֆիլմեր: Հայկական անիմացիոն ֆիլմերը` աշխարհին ի ցույց “Մեր նպատակը Հայաստանում այս ասպարեզը զարգացնելն է, ոչ թե հյուրերին բերել ու հազարավոր դոլարներ ծախսելը, որ ուրախանանք` ինչ ֆիլմեր ենք բերել: Ցանկանում ենք մեր ֆիլմերը ցուցադրել աշխարհին”,- ասաց փառատոնի հիմնադիր, տնօրեն Վրեժ Քասունին, որն անիմատոր է, նկարիչ եւ ծաղրանկարիչ է, “Ավրորա”, “Գուցե սեր, գուցե` ոչ” , “Բոժո” անիմացիոն ֆիլմերի ռեժիսորը: “ReAnimania”-ի մանկական հատվածը Հիմնական փառատոնային ծրագրի հետ զուգահեռ անց է կացվում նաեւ մանկականը: Ցուցադրվում են Միշել Օսելոյի եւ Թոմ Մորի ֆիլմերը: “Բրենդանը եւ Քելզի գաղտնիքը” մուլտֆիլմի ռեժիսորը Թոմ Մորն է: “Երեխաների համար փառատոնային միջավայր ենք ստեղծել: Այդ ցուցադրությունները ցերեկն են”,- ասաց մանկական ծրագրի ղեկավարը: Հոկտեմբերի 4-ին մանկական ծրագիրը բացվեց Միշել Օսելոյի “Ազուր եւ Ասմար” ֆիլմով: Ներկայացվում է նաեւ հեղինակի “Կիրիկուն եւ կախարդուհին” անիմացիոն ֆիլմը: Անիմացիա 7-ից 77 տարեկանների համար. Միշել Օսելո “Երեխաների հանար ֆիլմ չեմ ստեղծում, ես նկարելու ժամանակ խաղում եմ: 7-ից 77 տարեկանների համար եմ ստեղծագործում: Անակնկալի եմ գալիս, երբ իմ ֆիլմերին “մանկական” դասակարգում են տալիս: Ագրեսիվ բաներ կան ֆիլմերիս մեջ, որ մանուկների համար չեն: Ընդամենը լավ գործ եմ անում”,- ասաց Միշել Օսելոն: Գեղագիտական հաճույք պարգեւել ցանկացող Միշել Օսելոն հիմա աշխատում է 10 կարճամետրաժ ֆիլմի վրա: Ֆրանսիական Annecy-ին` ReAnimania-ի գործընկեր ReAnimania-ն հեղինակավոր ֆրանսիական Annecy անիմացիոն ֆիլմերի փառատոնի հետ է համագործակցում, որն իր արխիվներից նյութեր է տրամադրել: Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոշին առաջին անգամ է Հայաստանում, բայց հայկական անիմացիային նոր չէ, որ պետք է ծանոթանա: “Հայերդ յուրահատուկ արտահայտվելու ձեւ ունեք”. Տիցիանա Լոշի “Մեր փառատոնի շրջանակներում եմ տեսել հայ անիմացիան: Չեմ կարող համեմատել տարբեր ազգերի ֆիլմերը, դա ճիշտ չէ, որովհետեւ յուրաքանչյուրն իր մշակույթն է ներկայացնում եւ յուրովի մեկնաբանում: Դուք` հայերդ, յուրահատուկ արտահայտվելու ձեւ ունեք, ալեգորիա կա, նույնը չէ, ինչ եվրոպականը: Դա ազգային կոլորիտից է”,- ասաց Տիցիանա Լոշին: Լոշիի խոսքերով, իրենց նպատակն է քարոզել անիմացիան, ոչ թե որպես մանկական մուլտիպլիկացիոն, այլ կինոարվեստ: Եվ քանի որ “Ռեանիմացիայի” նպատակն էլ է նույնը` տարածել, զարգացնել անիմացիան, համագործակցությունը ստացվել է: 2010-ին նշվելու է Անսիի 50-ամյակը: Թե ինչպիսին է լինելու հայկական “Ռեանիմանիայի” կամ հայկական անիմացիոն ֆիլմերի մասնակցությունը փառատոնին, բանակցությունների փուլում է: “Հատուկ ծրագիր ունենք. 50 լավագույն անիմատորների ենք հրավիրելու, որ ոչ թե իրենց նախկին գործերը ցույց տան, այլ տվյալ պահին տեղում անիմացիա ստեղծեն”,- ասաց Տիցիանա Լոշին: Շտուտգարտի կինոփառատոնն ու “Արդման” ստուդիան եւս փառատոնի գործընկերներն են: ReAnimania-ն վարպետության դաս է տաիս Անիմացիա սովորել ցանկացողների համար հոկտեմբերի 3-ից 5-ը անիմացիոն ֆիլմարտադրության մասին վարպետության դասեր վարեց Warner Bros. Feature Animation-ի նախկին նախագահ, DreamWorks-ի գործադիր պրոդյուսեր, անիմատոր Մաքս Հաուարդը: Ներկայացվում է նաեւ նրա վերջին` “Իգոր” ֆիլմը: Մաքս Հաուարդը աշխատել է այնպիսի անիմացիոն գլուխգործոցների վրա, ինչպիսիք են Who Framed Roger Rabbit, The Little Mermaid, Beauty and the Beast, Aladdin, Pocahontas, The Lion King: 2D անիմացիայի վերաբերյալ “Շարժումներ եւ հույզեր” 2 օր սեմինար վարեց անիմատոր Յոշի Թամուրան /”Հերկուլես”, “Տարզան-2’’, ‘’Շնաձկան հեքիաթը’’ եւ այլն/: ReAnimania MARANI Կինոփառատոնի շրջանակներում անց է կացվում “ՄարԱնի” /MARANI/ (Market of Animation) ֆորումը` անիմատորների հանդիպման, քննարկումների, գաղափարների փոխանակման վայր: Ֆիլմերը ցուցադրվում են “Մոսկվա” եւ “Նաիրի” կինոթատրոններում, տոմսերը արժեն 300-500 դրամ: ReAnimania-ն կմեկնի նաեւ Դիլիջան եւ Արցախ` ներկայացնելու փառատոնի լավագույն ֆիլմերը: Փառատոնը կփակվի հոկտեմբերի 6-ին Նինա Փեյլիի 2008 թվականի արտադրության “Սիտան բլյուզ է երգում” խաղարկային ֆիլմի պրեմիերայով: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին