03 Հոկտեմբեր 09
Armenia Grateful to Rock. օրագիր
 
 
0
Ռոքի աստղերը Ցեղասպանության թանգարանում եւ Գեղարդում

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում Երեւան ժամանած` “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ, ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին, Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, Asia խմբի դաշնակահար Ջոուֆ Դաունսը եւ անվանի թենիսիստ Փեթ Քեշը հոկտեմբերի 2-ին այցելեցին նաեւ Ցեղասպանության թանգարան եւ Գեղարդի եկեղեցի:

Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ռոք-աստղերը Ցեղասպանության թանգարանում: Լուսանկարը` Դավիթ Հայրապետյան
Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ռոք-աստղերը Ցեղասպանության թանգարանում: Լուսանկարը` Դավիթ Հայրապետյան


Փեթ Քեշը ազդվել էր

Ծիծեռնակաբերդում գտնվող Ցեղասպանության թանգարանում հյուրերին դիմավորեց տնօրեն Հայկ Դեմոյանը: Մոտ մեկժամյա այցելությունը չափազանց ուժեղ ազդեցություն թողեց հյուրերի վրա: Նրանցից շատերը գուցե առաջին անգամ էին լսում հայ ժողովրդի մեծ ողբերգության մասին: Հատկապես ազդվել էլ Փեթ Քեշը, ով թանգարանից դուրս գալուց հետո տխուր հայացքով նստել էր աստիճաններին եւ խնդրում էր իրեն ժամանակ տալ տեսածը հասկանալու համար: Այնուհետեւ հյուրերը գնացին հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Իէն Գիլանը Ցեղասպանության թանգարանում: Լուսանկարը` Դավիթ Հայրապետյան
Իէն Գիլանը Ցեղասպանության թանգարանում: Լուսանկարը` Դավիթ Հայրապետյան


Զարմանահրաշ Գեղարդը

Գեղարդի եկեղեցական համալիրի ճանապարհին հյուրերը չէին դադարում հիանալ հայկական բնությամբ, հատկապես Գեղարդի կիրճի ծառերի աշնանային խայտաբղետ գույներով եւ պարզ եղանակի շնորհիվ հորիզոնում հստակ նշմարվող Արարատ սարով: Իսկ ահա ինքը` համալիրը իսկական հայտնություն էր ռոք-աստղերի եւ նրանց ուղեկցողների համար: Նրանք պարզապես հիացած էին եկեղեցու ճարտարապետությամբ եւ այն շրջապատող բնությամբ:

Հյուրերին շատ դուր եկավ քարը նետելու ավանդույթը: Լուսանկարը` PanarmenianPhoto
Հյուրերին շատ դուր եկավ քարը նետելու ավանդույթը: Լուսանկարը` PanarmenianPhoto


Հետդարձի ճանապարհին աստղերը հաճույքով համտեսեցին Գառնիի հայտնի գաթան եւ սուջուխը: Իէն Գիլանին հատկապես դուր եկավ սուջուխը, որը նա առաջին անգամ էր փորձում: Գաղտնիքով ասենք նաեւ, որ Deep Purple-ի հանրահայտ մենակատարը բազում նվերներից բացի Հայաստանից իր հետ տարավ Գառնիի ընկույզի մուրաբա, որը նախօրեին շատ էր հավանել:

 
 
0
1079 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: