×


Ռոք “Հայ Սուպերսթար”

Ռոք “Հայ Սուպերսթար”

Մասնակիցները Իէն Գիլանի համերգին են սպասում “Հայ Սուպերսթար 4”-ը Սփյուռքից Երեւան բերեց տաղանդավոր հայ երիտասարդների, բացի այդ նախագծում շեշտվում ու հնչում է ռոքը: Համաշխարհային այս ֆորմատը “Շանթ” հեռուստաընկերությունը ձեռք է բերել  2005 թվականին: Ռոքի սիրահար է նաեւ Bravo.am-ը: Կայքը հանդիսանում է մարտի 26-ին եւ  27-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի համերգների պաշտոնական տեղեկատվական հովանավորը: Հաշվի առնլով “Հայ Սուպերսթար 4”-ի ռոքային ոգին, որոշեցինք զրուցել նախագծում դեռեւս պայքարը շարունակող 4 մասնակիցների հետ: Gor, Raffi, Raisa and Suren Չորրորդ “Հայ Սուպերսթարի” ռոքային ոգին պայմանավորված է նաեւ նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի երաժշտական նախասիրություններով: “The Beautified Project” ռոք-խմբի կիթառահարը եւ վոկալիստը նշում է, որ հայերը ռոքի սիրահար են: “Շեշտում ենք ռոք “Սուպերսթարը”, որովհետեւ Հայաստանում  ռաբիզ, էստրադային նախագծերն են շատ: “Շանթ”-ը  ապացուցեց, որ երբ մարդկանց առաջարկում են ռոք լսել, հաճույքով լսում են: Սխալ է այն կարծիքը, որ  մարդիկ ռոք չեն սիրում, սատանայական ոճ է, նման բան չկա: Հայերը ռոքի սիրահար են”,- ասաց Անդրե Սիմոնյանը: Andre Simonyan “Բերանո՞վ ես ասում, “Deep Purple”-ի Գիլանն է գալիս…” Սուրեն Առուստամյան “Հայ Սուպերսթար 4”-ի մասնակից Սուրեն Առուստամյանը երեւանցի է, 14 տարեկանում  “սուզվել” է երաժշտության մեջ, կիթառ է նվագում, Երեւանի պետական կոնսերվատորիայի կիթառի բաժինն այս տարի կավարտի: Ռոքից այն կողմ աշխարհ չի տեսնում: “Երեք տարեկան էի, քեռիս “Deep Purple”, “Led Zeppelin” ռոք-խմբերի,  Էլվիս Փրեսլիի եւ այլ  լեգենդար մարդկանց ձայնագրությունները դնում էր,  լսում էի ու շատ էր դուր  գալիս: Ռոք, բլյուզ ոճերն եմ սիրում: Տանը շատ հին, վատ վիճակում կիթառ ունեինք, դրանով սկսեցի պարապել, երբ որ զգացի խորանում եմ, ավելի լավ կիթառ ձեռք բերեցի”,- պատմեց Սուրենը: Suren Arustamyan Նա 17 տարեկանից սկսել է երգել.“Սկզբում ինձ թվում էր` լավ չի ստացվում, հետո բացվեցի: Ակումբներում ռոք, բլյուզ եմ երգում: Ռոքը սեր է, տխրություն, ուրախություն, բողոք: Տրամադրություն չունեմ, գնում նստում եմ սենյակումս,  ռոք եմ միացնում, սկսում լսել, լսել… Մտածում եմ, որ  երաժշտությունը չլիներ` ինչ էի անելու”: Սուրեն Առուստամյանը ասում է, որ Իէն Գիլանին շատ է սիրում. “Հայ Սուփերսթարի” ժամանակ էլ “Smoke Օn the Water” հայտնի հիթն է կատարել: “Մենակ դա երգելու համար կարելի էր մասնակցել այս նախագծին. “Smoke”-ը երգել ու դուրս գալ: “Deep Purple”-ը ռոքի լեգենդ է, իրենց կիթառահար Ռիչի Բլեքմորին էլ եմ շատ սիրում, ով էլ խմբի անդամ չէ: Գերբնական բան է “Deep Purple”-ը, բերանով ես ասո՞ւմ` “Deep purple” … Շատ լավ է, որ նորից Գիլանը  Հայաստանում ելույթ է ունենալու: Գիտեմ, որ  համերգներ են տվել եւ ողջ հասույթը ուղարկել աղետի գոտու վերականգնման համար”: Ռոքի մեծ սիրահարներ Հայ Սուպերսթարցիները “Սուպերսթար”-ի “աստղը” նշեց, որ  “ամեն ինչի պատրաստ է լեգենդի հետ երաժշտական շփում ունենալու համար”. “Երազանքի նման մի բան է: Այնպես կնվագեմ ու կերգեմ, որ համոզեմ”: Ռաիսա Ավանեսյանը վախեցել է “Wasted Sunsets” երգել Երբ սկսել են գովազդել “Հայ Սուպերսթար 4”-ը, Ռաիսա Ավանեսյանը Իրանում է եղել. “Հայրս առաջինը  տեսավ, ասաց, որ անպայման մասնակցեմ: Ես էլ էի շատ ցանկանում, մայրս եկավ ինձ հետ”: Ռաիսան էլ է նախագծի ընթացքում “Deep Purple”-ի  ստեղծագործություններից կատարել: 21 տարեկան է, կլարնետ է նվագում, բայց հոգեհարազատ է երգելը: “Wasted Sunsets” երգը կատարելուց հետո լրիվ դատարկվեցի, ինչ որ կար մեջս, ամենը տվեցի: Մեր երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանն ասաց, որ “Deep Purple”-ի այդ երգը երգեմ,  շատ վախեցա, որ չեմ կարողանա: Բայց ժյուրին կատարումս լավագույններից մեկը համարեց: Բալադային ռոք ոճում էլ եմ ուզում ինձ փորձել: Սոուլ ոճն եմ շատ սիրում, բայց մեր տանը մի անկյունում` եղբորս ննջասենյակում, առավոտից երեկո ռոք է հնչում, ես էլ սկսեցի սիրել”, - ասաց նա: Raffi Ohanyan and Raisa Avanesyan Ռաիսա Ավանեսյանը նշում է, որ ռոքը իր երգացանկի մասն է կազմելու. “Ասում են` քիչ են հայ ռոք-երգչուհիները: Ես հասկացել եմ, որ ռոքը շատ դժվար է, այնքան պետք է երգի մեջ լինել, որ կարողանաս ճիշտ կատարել”: Նախագծի ավարտից հետո  երգչուհին չի շտապելու Իրան վերադառնալ. “Առաջին հերթին պետք է Իէն Գիլանի համերգին գնամ, հետո “Սուպերսթար”-ով համերգ պետք է տանք”: Երբ Գոռ Հարությունյանը մտերմացավ ռոքի հետ… Գոռ Հարությունյանը  19 տարեկան է, ավարտել է Երգի պետական թատրոնը, ջութակ նվագել էլ գիտի: Եթե  չիրականանար “Հայ Սուպերսթար 4”  նախագիծը, Գոռն այսօր Հոլանդիայում ֆուտբոլ խաղալիս կլիներ: Բայց քանի որ ֆուտբոլ խաղալիս էլ է երգում, երգարվեստը հաղթեց. “Շատ եմ սիրում ֆուտբոլը: Խաղացել եմ “Փյունիկ”-ում: Որոշել էի մեկնել եւ կարիերաս արտասահմանում շարունակել: Բայց ուրախ եմ, որ այսօր հասել եմ այստեղ”: “Հայ Սուպերսթար 4” Գոռը ռոքի հետ մտերմացել է այս  նախագծի շրջանակներում.  կատարել է Ֆրեդի Մերկուրիի, “Էմփիրեյ” խմբի երգացանկից ստեղծագործություններ: “Մինչ այդ շատ էի լսում, բայց չէի փորձել երգել: Եթե մի բան երգում ես, պետք է ապրես դրանով, հակառակ դեպքում չես կարող փոխանցել այն, ինչ ցանկանում ես: Փոփ, սոուլ էլ եմ սիրում: Ռոքի մեջ բողոք կա, ես դա նկատել եմ: Բայց ես բողոք չունեմ:). չորսս, որ մնացել ենք նախագծում, շատ բախտավոր ենք”,- ասաց նա: Gor, Raffi and Suren Գոռ Հարությունյանը փոփ ժանրում է իրեն լավ դրսեւորում, բայց  կարծում է, որ ռոքը պետք է պահել. “Ինչպես Եգոր Գլումովն է ասել` տղամարդուն սազում է ռոքը: Մեր Սուրենը այնպես կատարեց “Smoke On the Water”-ը,  դրայվ կար  մեջը: Իէն Գիլանի ելույթը մեզ համար մեծ պատիվ է, հրաշալի է, որ բեմից շփվելու է մեզ հետ”: Իէն Գիլանից մինչեւ Ռուբեն Հախվերդյան Նախագծում դեռեւս պայքարը շարունակող չորրորդ մասնակիցն էլ Րաֆֆի Օհանյանն է: 20 տարեկան է, ծնվել է Սիրիայում, Հայաստանում է 13 տարեկանից, ծրագրավորում է սովորում, դրա մեջ էլ է արվեստ տեսնում, այս տարի պետք է ավարտի: Րաֆֆին  “The Beautified Project” հայկական ռոք-խմբի  երգերից է կատարել. “Երգը միամիտ չի մտել կյանքս, առաջին ելույթս չորս տարեկանում է եղել. մանկապարտեզում ռետինի մասին էի երգում` ես քո ընկերն եմ, սխալներդ եմ ջնջում”, - երգեց Րաֆֆին ու խոստովանեց, որ ինքն էլ փոքր-փոքր, բայց շատ սխալներ է անում:): “Շատ էմոցիոնալ եմ, շուտ բորբոքվում եմ, դրանից փոքր բանը կարող է մեծ պատմություն դառնալ:  “Սուպերսթար”-ում ինձ համեստ եմ պահում: Ռուբեն Հախվերդյանը կիթառով նվագում, երգում է, չգիտեմ` դա ինչքանով է ռոք, բայց շատ եմ սիրում, հոգեհարազատ է: Ռոք ասելով` “Deep Purple” ենք հասկանում”,- ասաց Րաֆֆին: Andre Simonyan “Հայ Սուպերսթար 4”-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը նշում է, որ այս նախագիծը Հայաստանում անհրաժեշտություն է: “Եթե այլ երկրներում “Սուպերսթարը” պարզապես լավ հաղորդում է, մեր երկրում այդպես չէ: Ճահճում գտնվող շոու-բիզնես ունենք: Սա ապացուցում է, որ ժողովրդի մեջ շատ ավելի լավ երգիչ-երգչուհիներ կան, քան նրանք, որ մեզ պարտադրվել են, որպես “աստղեր”: Օտար երկրներում նախագծից հետո մասնակիցները բազմաթիվ առաջարկներ են ստանում, Հայաստանում նման բան չկա: “Շանթ հեռուստաընկերությունն է մեծ համերգներ կազմակերպելու, տեսահոլովակներ նկարահանելու…: Միշտ իրենց մեջքին ենք լինելու, որ չկորեն”,- ասաց Անդրե Սիմոնյանը: Raffi, Raisa and Suren Ի դեպ, հենց ապրիլին “Սուպերսթարը” մեծ համերգ է նախատեսում: Կենդանի ձայնի մասին խոսելն ավելորդ է: Մինչ այդ սպասում են  Իէն Գիլանի համերգներին: “Գիլանին  գովել էլ պետք չէ, ռոք ժանրի մեջ աստված է: Շատ լավ է, որ սրտացավ մարդիկ կան, ցանկանում են այդ երազանքն իրականացնել եւ Երեւանում համերգ կազմակերպել”, - ասաց Անդրե Սիմոնյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW