×


Սարգիս Թերզյան

Սարգիս Թերզյան

Հայկական բնապատկերներ` ջրաներկով ու յուղաներկով Մարտի 16-ին Նկարիչների միության դահլիճներից մեկում բացվեց նկարիչ Սարգիս Թերզյանի անհատական ցուցահանդեսը, ուր ներկայացված էին 48 ջրաներկով եւ 24 յուղաներկով արված աշխատանքներ: Sargis Terzyan “Փորձել եմ բնության իմ մոտեցումն արտահայտել մի փոքր նոր հայացքով: Ամեն ինչ էլ սիրում եմ նկարել` դիմանկար, նատյուրմորտ, ծաղիկներ, բնություն, բայց այստեղ հիմնականում ներկայացրել եմ հայկական բնապատկերները: Ինձ համար հպարտություն է, որ ցուցադրվում եմ նկարչի տանը”,- ասաց ցուցահանդեսի հեղինակ Սարգիս Թերզյանը: Նկարիչ Սարգիս Թերզյանի անհատական ցուցահանդեսը  նկարիչների միությունում Բանասեր Աելիտա Դոլուխանյանի համար նկարչի ջրանկարները կատարյալ են. “Սարգիս Թերզյանի աշխատանքները, կարծում եմ, մրցունակ են աշխարհի նկարիչների գործերի հետ: Նա օգտագործել է ջրաներկի բոլոր հնարավորությունները, չէ որ ջրաներկով գլուխգործոցներ ստեղծելը շատ ավելի դժվար է, քան ուրիշ նյութերով աշխատելը: Կատարյալ են նրա ջրաներկերը: Ամենակարեւորն այն է, որ նկարիչն ասելիք ու ձեռագիր է ունենում, ու նայելիս հոգեպես բավարարվում ես”,- ասաց պրոֆեսորը եւ հավելեց. “Հասցրել եմ լինել աշխարհի բազմաթիվ նշանավոր պատկերասրահներում, տեղյակ եմ դասական, անտիկ, ժամանակակից նկարչությանը, նաեւ հայկական մանրանկարչությանը: Ոչ միայն Սարգիսի գործերը, այլեւ արդի հայ նկարիչներից շատերի նկարները վստահորեն կարող են զարդարել միջազգային պատկերասրահների պատերը”: Նկարչի հայկական բնապատկերները` ջրաներկով ու յուղաներկով Սարգիս Թերզյանը նաեւ դասավանդում է ՀՊՄՀ-ում, Գեղարվեստի ֆակուլտետի դեկանն է: Նրա ուսանողները եւս ներկա էին ցուցահանդեսի բացմանը. “Մեզ մանրանկարչություն է դասավանդել, դասերին օգնել է, միասին քննարկել ենք, հետաքրքիր դասեր ենք արել: Որպես մարդ` շատ լավն է”,- ասաց Գեղարվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկը: Նկարչի ուսանողներից Անին շատ է հավանում իր դասախոսի բնանկարները. “Ուրախ եմ, որ Թերզյանի ուսանողն եմ, քանի որ հրաշալի մասնագետ ու շատ լավ դասախոս է: Մեզ գունանկար է դասավանդում, հնարավորինս շատ գիտելիքներ է տալիս, սրտացավորեն է վերաբերվում իր ուսանողներին”,- նշեց 4-րդ կուրսեցի Անին: Նկարիչ Սարգիս Թերզյանի անհատական ցուցահանդեսը Սարգիս Թերզյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, վերջերս ստացել է պրոֆեսորի կոչում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Փարիզում, Լիոնում, Բեյրութում, Երեւանում, նաեւ մասնակցել է Նկարիչների միության կողմից կազմակերպված հանրապետական եւ խմբակային ցուցահանդեսներին: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ լավ ծանոթ է Սարգիս Թերզյանի աշխատանքներին. “Շատ հարցերում մենք միատեսակ ենք մտածում, շատ հարցերում էլ տարբեր կարծիքներ ունենք: Լավ է, որ դասավանդում է, դասական կերպարվեստի ամուր հիմքեր ունի: Ինձ հիմնականում դուր են գալիս նրա պեյզաժները”: Ցուցահանդեսին ներկայացված 72 աշխատանքները կարող եք գնահատել մինչեւ մարտի 26-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին