×


Սարո

Սարո. “Մի՜ ասեք”

Երգիչը ուրիշ սեր չի ուզում :) Bravo.am-ը հետեւել է տեսահոլովակի նկարահանումներին Աշնան վերջին օրը` նոյեմբերի 30-ին, երգիչ Սարոն Կաթնաղբյուր գյուղում իր երրորդ տեսահոլովակն էր նկարահանում: Բավական ցուրտ էր, Սարոն էլ նոր-նոր էր ապաքինվել, բայց աշունը մի օրից “մեկնելու” էր, ու աշնանային բացօթյա նկարահանումները հետաձգելու հնարավորություն չկար: :) “Հիվանդ էի, ջերմություն ունեի, այսօր էլ լավ ցուրտ է, մի քիչ մրսում եմ, բայց դե պետք է նկարահանվեմ:)”,- ասում է Սարոն, բայց արդեն վառարանի մոտ տաքանալիս: :) Սարոն տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Տեսահոլովակը նկարահանվում է “Մի ասեք” երգի հիման վրա: Երաժշտության հեղինակը Արման Ղազարյանն է, խոսքերը գրել է Սրբուհի Ստամբոլցյանը: “Արմանը մտերիմ ընկերս է, ասել էի` ինչպիսի երգ եմ ուզում, ստացվեց: Ոճային նմանություն կա “Ուրիշ աչքեր, ուրիշ հոգի” երգիս հետ, բայց այնպես չի, որ նույն երգն է”,- ասում է Սարոն: “Մի ասեք” երգի տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Քոչարյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Կարեն Քոչարյանն առաջին անգամ է Սարոյի համար տեսահոլովակ նկարահանում: “Գաղափարը Սարոյի պրոդյուսեր Արմենինն է, սցենարը մտածել ենք բոլորով: Քանի որ նկարահանումները մի քիչ ուշացան, որոշ տեսարաններ բաց թողեցինք. այսօր ծառերի վրա տերեւներ չկան… Այն ժամանակ, երբ պլանավորել էինք նկարել, արեւն էլ էր ավելի լավը:), աշնանային գույները պահպանված էին: Բայց տխուր երգ է, ու կարող է ունենալ այն տեսարանները, որոնք նկարում ենք”,- ասաց Կարեն Քոչարյանը: Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Ի դեպ, երկու դրվագ նկարվեց, որ դեռ պետք է որոշեն` օգտագործել, թե ոչ: “Սարոյի երգում բաժանման վիճակ է, բայց երգիչը հասկանում է, որ ամեն ինչ այս կյանքում զույգ պետք է ունենա. ջրի մեջ վարդ է տեսնում, դնում է երկրորդը, աղունիկին էլ է ընկեր բերում”,- ասաց ռեժիսորը: “Իրար սիրելու եւ միասնության կոչ եմ անում”. Սարո Սարոյին նկարահանումների վայրը շատ էր դուր եկել` չհաշված ցուրտը: :) “Ինքս չեմ ցանկացել, որ տեսահոլովակում ավտոմեքենաներ լինեն, չեմ սիրում նման բաներ: Վարդը ձեռքիս` ծառերի մեջ քայլում եմ, երգում` “Մի ասեք` ուրիշ սեր կգա, որ նրան էլ չեմ հիշի…”, կմոռանամ այդ աղջկան: Միտքը այն է, որ բոլորն իրար սիրեն, միասին լինեն, ամեն ինչ զույգով լինի: Իրար սիրելու եւ միասնության կոչ եմ անում, բայց հայտնի չէ` ինձ հետ ինչ կլինի”,- տեսահոլովակի սյուժեն է ներկայացնում Սարոն: Տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Քոչարյանը Երգիչը տեսահոլովակում “սեւի մեջ է”: :) “Ոճաբան չունեմ, հագնում եմ այն, ինչի մեջ ինձ լավ եմ զգում”,- նշում է Սարոն: :) “Հաճելի է, որ ճանաչում են, սիրում, բայց դրանից “եսիմ ինչ” չեմ լինում”. Սարո Մինչ վառարանի մոտ տաքանում էինք, Bravo.am-ը Սարոյի` հայկական շոու-բիզնեսում հայտնվելու մանրամասները պարզեց: “Հեշտ-դժվար մի քիչ հարաբերական է: Եթե քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, դժվար է, խոչնդոտներ են լինում, բայց ամենակարեւորն ուժեղ լինելն ու այդ ամենից ճիշտ դուրս գալն է: Երբ ամեն ինչ անցնում է, շոու-բիզնեսը դառնում է շատ պարզ ու սովորական: Իմ սիրած գործն եմ անում, հաճույքի համար է: Բնական է` հաճելի է, որ ճանաչում են, սիրում, բայց դրանից “եսիմ ինչ” չեմ լինում” :),- ասում է Սարոն: Սարոն տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Այսօր Սարոն սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ ֆակուլտետում: Երրորդ կուրսում է, Ռաիսա Մկրտչյանի, Աշոտ Բզնունու ուսանողը: “Անկեղծ եմ ասում, նույնիսկ դասախոսներս գիտեն, որ կյանքում ձայն չեմ մշակել: Ձայնային վարժություններ չեմ անում, ոնց կամ, էդպես էլ երգում եմ”,- ասում է Սարոն: Տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Քոչարյանը եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանը Առաջին ելույթը շատ վաղուց է եղել: “Լուրջ բեմելս 2005 թվականին է եղել. “Ընծա” փառատոնում առաջին տեղը գրավեցի: Մոտ 4 տարի Երգի պետական թատրոնում Արթուր Գրիգորիչի հետ եմ աշխատել”,- նշեց երգիչը: Սարոն էլ է 6/8 ոճում երգում: Արդեն ձայնագրված երգ էլ ունի, որ առաջին ձայնասկավառակի մեջ կլինի: “Չէ, չէ, չէ”, չէ է, ո՞նց էր երգի անունը, Արմեն (պրոդյուսերին է դիմում) : Հա, “Չկա քեզ նման”, 6/8-ի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Վաչե Ավեյանն է: Շատ 6/8-ներ ունեմ, բոլորի հեղինակն էլ Վաչեն է”,- ասում է Սարոն: Սարոն իր երգերը չի լսում, Ջորջ Բենսոնի երգերն է շատ սիրում: “Ռոք էլ եմ երգում, ջազ էլ, էստրադային, 6/8… բայց չեմ հասկացել, որ ոճն է իմը: Նույն չափ հաճույք եմ ստանում ջազ, սոուլ, արեւելյան երաժշտություն լսելուց կամ երգելուց: Սթիվի Ուանդեր, Ջորջ Բենսոն եմ լսում: Բենսոնի համերգին գնացի. ուրախությունից վատանում էի:), շատ եմ սիրում”,- անկեղծանում է Սարոն: Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ “Ասում են` իբր Սարոն ռաբիզոտ է երգում, չեմ հասկանում էդ մարդկանց: Խոսողները ամենից շատ ռաբիզ լսողներն են: Գլուխ գովալ չեմ սիրում, բայց ընդունակ եմ երգել սոուլ, որ շատ քիչ կտարբերվի նույն սեւական երգելավոճից:  Ռաբիզն իրենց պատկերացումով չեմ կարող պատկերացնել: Ինձ համար ռաբիզը թուրքական կլկլոցները չի: Ռաբիզը հայերի մեծամասնության սիրելի եւ հոգու երգն է”,- ասում է Սարոն: Ի դեպ, Ամանորից հետո Սարոն ռիթմիկ դուետով հանդես կգա հույն հայտնի երգչուհիներից մեկի հետ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին