Երգում են Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանները
Քույր ու եղբայր Բարխոյանները նկարահանում են նոր տեսահոլովակ, որի ռեժիսորն ու օպերատորը Միհրան Ստեփանյանն է, երգի հեղինակը` Վահրամ Պետրոսյանը: “Շատ-շատ-շատ” երգն երգիչները նվիրում են այն մարդկանց, ովքեր սիրում ու հետաքրքրվում են իրենցով:
“Սա մեր թվով 8-րդ տեսահոլովակն է,Վահրամն երգը գրել է հատուկ մեզ համար: Նաեւ մի երգ է գրել “Առավոտ” անվանումով, որն արդեն մենակ կերգեմ”,- պատմում Է Մարգարիտա Բարխոյանը:
Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվում է “կանաչ” տաղավարում, արդյունքում հեռուստադիտողը գրաֆիկայի շնորհիվ կտեղափոխվի Փարիզ:
Ռեժիսոր Միհրան Ստեփանյանը նշեց, որ տեսահոլովակում պատմության փոխարեն ներկայացված է մի իրավիճակ, որում կարող է հայտնվել յուրաքանչյուրը. “Տեսահոլովակում Վլադիմիրը մեծահարուստ է, որն իջնում է սեփական ինքնաթիռից եւ հանդիպում է… Թե ում` կտեսնեք վերջնական արդյունքում”:
“Նկարահանումները շատ լավ են անցնում, գրեթե ամեն ինչ հասցնում ենք, որովհետեւ մեկ օրում ենք նկարահանում: Իհարկե, դժվար է ստանալ այն ամենն, ինչ ուզում ենք, որ վերջնական արդյունքում լինի, բայց փորձում ենք ժամանակի մեջ տեղավորվելով նկարել մեր նախատեսածը”,- ասում է Մարգարիտան եւ հավելում. “Բավական կլոր գումար ենք նախատեսել, որն անհրաժեշտ է ներդնել լավ ու տարբերվող տեսահոլովակ ունենալու համար”:
Երգիչները տեսահոլովակում զգեստափոխվում են 3-4 անգամ: Մարգարիտան նշեց, որ իր հագուստները բերվել են Ֆրանսիայից, հագնելու է նաեւ “Զատիկ” ստուդիայի պատրաստած զգեստներից:
Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյաններից բացի, տեսահոլովակում նկարահանվում են 2 հերոսուհի եւ 1 հերոս, որոնք էլ “խճճում” են ներկայացվող իրավիճակը:
Ի դեպ, ռեժիսորն ու երգիչները նաեւ միասին երկրորդ տեսահոլովակն են պատրաստվում նկարահանել: Արամ Ավագյանի հեղինակած “Մոլորակ” երգի հիման վրա նկարվող տեսահոլովակը կլինի տարվա եղանակների մասին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
12,949






