×


Սիմոն Աբգարյան

Սիմոն Աբգարյան

“Զգայուն հայ տղա եմ” Bravo.am-ի բացառիկ հարցազրույցը ֆրանսահայ դերասանի հետ “Ոճրագործության բանակ” ֆիլմի երեւանյան պրեմիերայի կապակցությամբ օրերս Երեւանում էր ֆիլմի գլխավոր հերոսը` Միսակ Մանուշյանի դերակատար Սիմոն Աբգարյանը: Սիմոն Աբգարյանը 47 տարեկան է: Ծնվել է 1962 թվականի մարտի 5-ին Փարիզի արվարձան Gonesse-ում` ֆրանս-հայկական ընտանիքում: Դպրոցում ֆրանսերեն եւ հայերեն է սովորել, ամերիկյան ֆիլմերից էլ` անգլերեն: 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բեյրութ: Մինչեւ 1977 թվականը ապրել է Լիբանանում: Սիմոն Աբգարյան Բեյրութի “Լոռի” պարային համույթում պարել է սովորել: 1977 թվականին Սիմոն Աբգարյանի հայրը Լիբանանում պատերազմելու է գնում, եւ 15 տարեկան Սիմոնը մոր հետ վերադառնում է Փարիզ: Մի քանի տարի անց տեղափոխվում է Նյու Յորք եւ սկսում նորից պարել: 1983-85 թվականներին դերասանական արվեստ է սովորում եւ միանում “Արտավազդ” թատերական ընկերությանը: 1985 թվականին վերադառնում է Փարիզ եւ 8 տարի համագործակցում du Soleil թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ: Սկսում է խաղալ հունական կատակերգություններում եւ մեծ ճանաչում է ձեռք բերում: 2001-ին մրցանակի է արժանանում ֆրանսիական թատրոնի կողմից “Հրեշը լուսնի վրա” ներկայացման համար: 1993-ին Սիմոն Աբգարյանը կնոջ` դերասանուհի եւ ռեժիսոր Կատրին Շաուբի հետ Փարիզում հիմնում է իր թատրոնը` T.E.R.A.–ն (Theatre Espace Recherche Acteur): Բեմադրում է դասական եւ ժամանակակից ներկայացումներ: Քննադատների կողմից դերասանը մեծ գովասանքի է արժանանում Ատոմ Էգոյանի “Արարատ” ֆիլմում Արշիլ Գորկու դերը խաղալու համար: 2006-ին նրան մեծ հաջողություն է բերում “Կազինո Ռոյալ” ֆիլմը, ուր հանդես է գալիս Ալեքս Դիմիտրոսի դերում: Սիմոն Աբգարյան Այսուհետ ֆրանսահայ դերասանը Bravo.am-ի հետ կիսվելու է իր ստեղծագործական գործունեության մանրամասներով, հաջողություններով, ուրախությամբ ու մտահոգություններով: Այսօր ներկայացնում ենք Երեւանից մեկնելուց առաջ Սիմոն Աբգարյանի հարցազրույցը Bravo.am-ին: - Անկեղծ ասեք` այս անգամ Երեւանից ի՞նչ տպավորություններով եք տուն վերադառնալու: :) - Ես միշտ անկեղծ եմ: :) Ամեն անգամ ամռանը հոս եղած եմ: Հիմա ձմեռ է, ու կարծես թե ծանրություն է ժողովրդի վրա: Զգայուն տղա եմ, չէ՞ որ հայ ենք, նկատել եմ, որ տխրություն կա: Ատիկա ինձ համար տպավորիչ է: Սիմոն Աբգարյան - Գուցե հենց ցրտի՞ց է: :) - Հավանաբար: Նախ տնտեսական դժվարություններ կան, քաղաքականության մեջ որոշ անհասկանալի բաներ կան: - “Ոճրագործության բանակում” Ձեզ վստահված դերը ինչքանո՞վ եք կարեւորում: - Անշուշտ հետաքրքիր էր, եւ ոչ թե նրա համար, որ Միսակ Մանուշյանը հայ եղած է, քիչ մը պետք է դուրս գալ այդ բաներեն: Ճիշտ է, դրանից ուրախ կդառնանք, բայց Միսակ Մանուշյանի կերպարը օրինակ է բոլորի համար: Նա իր գաղափարների համար պայքարել է մինչեւ մահ, ու կարծես թե այսօր արձագանք ունի այդ կեցվածքը: Դժվարություններ կան աշխարհում, որոնց դեմ պետք է պայքարել խելացիորեն, առանց բարկանալու: Այդ պայքարը կարող է լինել ուրախ, բայց խիստ եւ վերջնական: Սիմոն Աբգարյանը “Yes” ֆիլմում` Ջոան Ալենի հետ - Հայերս Միսակ Մանուշյանին մեծարում ենք, իսկ ֆրանսիացինե՞րը: - Մեր հերոսը հայ է, ում մայրը սովից է մահացել, հայրը` պայքարում, եղբայրը` հիվանդությունից: Համամարդկային կերպար է. չի ցանկացել զենք վերցնել, զենքով պայքարին, մարդ սպանելուն չի հավատացել, բայց ֆաշիստների դեմ ի՞նչ աներ. մահվան քարոզ էր, պայքարեցին ինչպես ասպետներ: Միսակ Մանուշյանը ասպետ էր: - Կաննի փառատոնում ինչպե՞ս արձագանքեցին “Ոճրագործության բանակ”-ին: - Պրեմիերան 2008-ին էր: Շատ լավ ընդունեցին, հուզված ու տպավորված էին հյուրերը: Հարցնում էին` ինչու մրցութային ծրագրում չէր, բայց Ռոբեր Գեդիկյանի համար խնդիր չէր: Թեեւ կարմիր գորգի հետ կապված խնդիրներ միշտ էլ կան, ամեն ինչ քաղաքական է: :) Սիմոն Աբգարյանը “Գաղտնի պաշտպանություն” ֆիլմում - Ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հետ համագործակցությունը փաստորեն այս ֆիլմով չի սահմանափակվելու: - Իհարկե, ես եւ նա գիտենք, որ նորից աշխատելու առիթը պիտի գա: Առաջ ենք գնալու միասին: Ինձ Ռոբերի ընտանիքի մի մասն եմ համարում: - Հոլիվուդում աշխատելով` Ձեր հանրաճանաչությունը մեծացավ: Այսօր ի՞նչ առաջարկներ ունեք եւ ինչպիսի՞ ֆիլմերում եք հանդես գալու: - Երկու ամիս պետք է հանգչիմ: :) Մարտից կսկսեմ աշխատել, հավանաբար Անգլիայում եւ Ամերիկայում: Սալի Փոթերից առաջարկ ունեմ, կարծես թե մյուզիքլ պետք է բեմադրենք: Չեմ գիդեր` ինչ դերում եմ լինելու: - Հույնի դերում արդեն խաղացել եք: Ի՞նչ կասեք հունական կուլտուրայի մասին: - Մոտ ենք մենք, շատ մոտ: Մեզ պես քեֆ կանեն: :) Բայց իրենք չեն կռվել, մենք կռվել ենք: - Ե՞րբ նորից Երեւան կգաք: - Աստված գիտի:), բայց պիտի գամ: Հստակ է, որ պիտի գամ: Զրուցեց Լիլիթ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին