Արքայադուստրն այլեւս թագուհի է
Ողջ ճշմարտությունը Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի հեքիաթի մասին
Լինում է չի լինում, մի գեղեցիկ արքայադուստր է լինում: Նա ծանոթանում է մի համակրելի արքայազնի հետ ու նրանց մանկական մտերմությունը մեծ, շատ մեծ ու անկեղծ զգացմունքի է վերածվում: Բայց չար կախարդները նրանց մասին ինչեր ասես, որ չէին խոսում` ժամանակից շուտ նշանում էին, ավտովթարի ենթարկում, բաժանում… Բայց… նրանց սիրո պատմությունը դրանից չի տուժում ու, ինչպես ցանկացած հեքիաթում, այստեղ էլ ամեն ինչ ծաղկում ու փթթում է հարսանեկան համբույրից:
Հեքիաթի սկիզբը
Սիրուշոյի եւ Լեւոնի սիրավեպը ամենաքննարկվողն էր: Դրա մասին բոլորն էին խոսում, փորձում ճշտումներ անել, սակայն այդպես էլ թեման մնում էր առանց մեկնաբանությունների: Նրանց սիրավեպի, հարաբերությունների ու զգացմունքների մասին առաջին անգամ մեկնաբանություն ստացանք մենք` մեր առաջին իսկ համարում` Սիրուշոյի անկեղծ հարցազրույցի ընթացքում:
“Չեմ ցանկանում անձնական կյանքս բոլորի համար քննարկման նյութ դարձնել: Երբ սիրում ես, ուզում ես ողջ աշխարհն իմանա, սակայն իմ պարագայում` չեղած տեղից մարդիկ այնքան շատ բան գիտեն” ու իրականությանը չհամապատասխանող այնքան բաների մասին են խոսում, որ… Ես համակերպվել եմ դրան, ուզեմ, թե չուզեմ, մեկ է` խոսելու են”,- ասել է Սիրուշոն (Ես Yes #1, 2006):
Սիրուշոն խոսել է նույնիսկ խանդի մասին. “Լեւոնն էլ է միշտ ուշադրության կենտրոնում, մանավանդ` աղջիկների, ինչի համար ես միայն ուրախ եմ: Չեմ խանդում, քանի որ հավատում ու վստահում եմ նրան: Երեւի այն պատճառով, որ նա ինձնից ոչինչ չի թաքցնում: Բացի այդ, նախ մենք լավ ընկերներ ենք` մանկության ընկերներ: Մեր ծանոթությունից որոշ ժամանակ անց մեր “պարզապես” ընկերությունը վերածվեց մեծ զգացմունքի… Սակայն շուտով զգացի, որ դրան դեռ պատրաստ չեմ: Այդ պատճառով դադարեցրինք մեր հաճախակի հանդիպումները, փորձեցինք ուղղակի ընկերներ մնալ. իհարկե, դա մեզ չհաջողվեց” (Ես Yes #1, 2006):
Այդ հարցազրույցից մեկ տարի անց մենք կարողացանք տպագրել զույգի առաջին պապարացցիական լուսանկարները` երեւանյան սրճարաններից մեկում ճաշելիս (տես #10 (17) 2007թ. հոկտեմբեր): Լուսանկարները դարձան ամենաքննարկվողը:
Արքայադստեր կերպարը
Այն լուրերը, թե Սիրուշոն հատուկ որեւէ թագուհու զգեստ է ընտրել, իրականությանը չեն համապատասխանում: Երգչուհին հարսանեկան զգեստը փնտրել է ԱՄՆ-ում, հիմք է ընդունել միմիայն սեփական ճաշակը: Զգեստը որոշակի շտկումների եւ փոքրիկ ձեւափոխությունների է ենթարկվել Երեւանում` Մհեր անունով մոդելագործի մոտ: Ծաղկեփնջի համար հատուկ սպիտակ ծաղիկներ են ընտրվել: Օրվա ընթացքում այն մի քանի անգամ փոխվել է:
Սիրուշոյի մշտական ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանը պատմում է, որ իրենք` Սիրուշոյի եւ դիմահարդար Ագա Քանքանյանի հետ նախապես հանդիպել են, քննարկել, միասին որոշել Սիրուշոյի հարսանեկան կերպարը:
Հարսանեկան երեկույթի համար Սիրուշոն հատուկ որեւէ գունաներկում կամ կտրվածք չի արել: Օրվա առաջին կեսին` մինչեւ քողը հանելը, հարսնացուի մազերը հավաքված էին, իսկ քողը հանելուց հետո` խնջույքին, արդեն “անփույթ կիսահավաքված”: Վարսահարդար Անի Ավդալյանը հատուկ գործիքներ էր բերել Հունաստանից, որոնք առաջին անգամ օգտագործվեցին հենց Սիրուշոյի սանրվածքի համար:
Վարսահարդարն ու դիմահարդարը հարսանիքի օրը առավոտյան 8-ից եղել են Սիրուշոյենց տանը: Պարզվում է` Սիրուշոն ընդհանրապես շփոթված չէր, բոլորից էլ հանգիստ էր: Թերեւս ավելի շփոթված էին այդ պահին նրան շրջապատածները: Անին պատմում է, որ մի տեսակ հավատները չէր գալիս, որ այդ օրը Սիրուշոն ամուսնանում է:
Հարսանեկան խնջույքը
Երեկույթին, որը տեղի ունեցավ հայտնի ռեստորաններից մեկում, հրավիրված էին Սիրուշոյի բոլոր ընկերներն ու մտերիմները, այդ թվում` շոու-բիզնեսի որոշ դեմքեր: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` երեկոյի ընթացքում հիմնականում երգել են Սպիտակցի Հայկոն եւ Թաթա Սիմոնյանը:
Սիրուշոյի հարսնաքույրը հորեղբոր աղջիկն էր: Ըստ մեզ հասած լուրերի` զույգի հարսանիքի քավորը արմատներով Ղարաբաղից, մոսկվաբնակ մեծահարուստ ձեռներեց է:
Այն տարածված լուրերը, որ պսակադրության համար հատուկ երեք տոննա վարդ է բերվել արտերկրից, չեն համապատասխանում իրականությանը: Ամեն ինչ չափի մեջ եւ գեղեցիկ է եղել, ինչպես ցանկացել է հարսնացուն: Հարսանյաց սրահում եւ երգչուհու ձեռքին անգամ վարդեր չեն եղել, այլ նուրբ, արեւադարձային խոլորձ հիշեցնող ծաղիկներ:
Զույգն այժմ իր մեղրամիսն է անցկացնում, ըստ չճշտված լուրերի` Հունաստանի կղզիներից մեկում: Մինչդեռ մեզ հաջողվեց պարզել, որ այս լուրերը ստահոդ են. զույգն իր մեղրամիսն ամենեւին էլ եվրոպայում չի անցկացնում:
Ընտանի՞ք, թե՞ կարիերա
Այժմ բոլորին ամենահետաքրքրող հարցը մեկն է` ճի՞շտ են Սիրուշոյի` բեմը լքելու մասին լուրերը: 2006 թ-ի մեր հարցազրույցում Սիրուշոն ասել էր. “Եթե ինձ նման ընտրության առջեւ կանգնեցնեն, միանշանակ` կհեռանանք իրարից: Բայց եւ աշխատանքն ինձ համար երբեւէ ավելի կարեւոր չի դառնա, քան ընտանիքը: Գուցե ամուսնությունից հետո առժամանակ հեռանամ բեմից եւ նվիրվեմ ընտանիքիս` կրկին բեմ վերադառնալու ակնկալիքով”:
Երգչուհուն մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ այսօր Սիրուշոն բացարձակապես մտադիր չէ լքել բեմը կամ երկար դադար տալ: Դադարը կտեւի առավելագույնը մեկ ամիս: Դրանից հետո Սիրուշոն կրկին կզբաղվի բուռն գործունեությամբ, կթողարկի ձայնասկավառակ: Չի բացառվում նաեւ երեւանյան առաջին մենահամերգը:
Եվ երկնքից երեք խնձոր ընկավ…
Հեղինակ` Մհեր Բաղդասարյան
“Ե՞ս Yes!” ամսագիր #7, հուլիս 2009
Լուսանկարները` “Ե՞ս Yes!” ամսագրի